Հայաստանում 2012 թվականի ընթացքում ծնվել է 41 հազար երեխա, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 1000 ծնունդով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ծննդօգնությունը, ծննդաբերությունը եւ պերինատալ բժշկությունը ունեն իրենց հիմնախնդիրները: «Առաջին հիմնախնդիրը մանկական եւ մայրական
«Չնայած նրան, որ ունենք ոլորտում գրանցած հաջողություններ, դեռ կան չլուծված հիմնախնդիրներ»,- նշեց Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը: Նա շեշտեց, որ եթե տասը տարի առաջ բացարձակ հաջողություններ չկային, եւ մայրական մահացությունը հասնում էր տարեկան 25-30-ի, ապա այժմ տարեկան գրանցվում է երեք-չորս կնոջ մահ:
«Ընդ որում, այդ երեքից չորս մահվան պատճառը ոչ թե բուն ծննդաբերությունն է, այլ հիմնականում ուղեկցող հիվանդությունները, ինչպիսին են սիրտ-անոթային հիվանդությունները: Բարեբախտաբար, եթե համեմատում ենք 2012 թվականը նախորդ տարվա հետ, ապա ծնելիությունը Հայաստանում աճ է գրանցել` հասնելով 41 հազարի ծնունդի»,- շեշտեց Աբրահամյանը: Նա նշեց, որ հաջողությունները պայմանավորված են նաեւ Առողջապահության նախարարության վարած քաղաքականությամբ:
«Շնորհիվ նախարարության` մենք ամենօրյա տեղեկություններ ենք ստանում նաեւ մազերի իրավիճակի մասին»,- ընդգծեց գլխավոր գինեկոլոգը:
Նա դրական հաջողությունների թվում մատնանշեց նաեւ այն, որ միայն 2011 թվականի ընթացքում մարզերում վերանորոգվել եւ վերազինվել է ավելի քան հինգ ծննդատուն:
«Մեզ համար շատ կարեւոր է կանանց վերարտադրողական առողջությունը եւ շատ կարեւոր է նաեւ ծնվող երեխաների եւ քանակը, եւ առողջական վիճակը: Մենք պետք է պայքարենք յուրաքանչյուր երեխայի համար»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Վերջին տարիներին պետությունն առավել մեծ ուշադրություն է հատկացրել ծննդօգնությանը, ինչի վառ ապացույց է Հայաստանում անվճար ծառայությունը:
«Գնալով մատչելի են դառնում ծառայությունները, եւ բարձրանում է նաեւ դրանց որակը»,- ավելացրեց Բաբլոյանը:
Հայաստանում առաջին անգամ ապրիլի 5-ին անցկացվեց պերինատալ բժշկության արդի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով, որին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել միջազգային մեծ ճանաչում ունեցող գիտնականներ եւ բժիշկներ:
Միջազգային գիտաժողովի նպատակն է Հայաստանի մասնագետներին ներկայացնել արտասահմանի փորձը, ինչը կնպաստի մայրական եւ մանկական հիվանդությունների եւ մահացության իջեցմանը, ինչպես նաեւ նոր մոտեցումների ներդրմանը: Պերինատոլոգիան մանկաբարձության նորագույն բաժիններից է, որն ուսումնասիրում է պտղի զարգացումը, ապահովում մոր, պտղի եւ նորածնի առողջության պահպանումը: