Ծննդօգնության տեղայնացումից մասնագետները գոհ են, ծննդաբերել պատրաստվող կանայք` դժգոհ

Ծննդօգնության եւ երեխայի առողջության պետական հավաստարագրերը կտեղայնացվեն 2013 թվականի մարտի 1-ից, ինչի կապակցությամբ մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, այժմ ընթանում են մասնագիտական քննարկումներ: «Ուղեգրման համակարգում մի շարք

հարցեր կան, որոնք պետք է քննարկենք: Հիմա աշխատում ենք հստակեցնել մեխանիզմները»,-ասաց նա:

ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ պետությունը մեծ ներդրումներ է կատարում, որպեսզի մարզային բժշկական կենտրոնները զարգացնի եւ երկրորդ մակարդակի կամ պարզ ծննդօգնությունը, որը կարելի է ստանդարտ կազմակերպել մարզային հիվանդանոցում, չտեղափոխվի մայրաքաղաք: «Մենք դա անում ենք, որ մարդիկ ավելորդ տեղը չհասնեն Երեւան եւ ավելորդ ծախսեր չանեն: Եթե մի քանի տարի առաջ չունեինք արդիական սարքավորումներով հագեցված մարզային ծննդատներ, ասում էինք, որ մարդն ընտրում է ավելի լավ կահավորվածը եւ դրա  իրավունքն ունի, իսկ հիմա պետք է ձգտենք տեղերում սպասարկել ծննօգնությունը, քանի որ անհրաժեշտ սարքավորումներ ու բարձր որակավորմամբ մասնագետներ ունենք նաեւ մարզերում»,-ասաց Բաբլոյանը:

Նա նշեց նաեւ, որ խոսքն չի վերաբերում բարդ դեպքերին: «Եթե կնոջ մոտ բարդ ծննդաբերություն է, ապա միանշանակ նա պետք է սպասարկվի մայրաքաղաքում, իսկ չուղեգրելու դեպքում տվյալ բժիշկը կպատժվի»,-ասաց նա:

Ծննդօգնության տեղայնացումն ինչպես դրական այնպես էլ բացասական արձագանք է ստացել: Աննա Մանուկյանին, ով արդեն երկրորդ բալիկին է սպասում, այնքան էլ դուր չի եկել ծննդօգնության տեղայնացման գաղափարը: «Ես պետք է ծննդօգնությունս Արթիկում ստանամ, սակայն ապրում ու աշխատում եմ մայրաքաղաքում եւ կուզեի անվճար ծննդօգնություն ստանալ հենց մայրաքաղաքի իմ ընտրած ծննդատանը»,-ասաց նա, հավելելով, որ առաջին բալիկին լույս աշխարհ բերելու համար ստիպված է եղել մայրաքաղաքում վճարել ծննդաբերության համար:

Մասիսի ծննդատան Մոր եւ մանկան գծով փոխտնօրեն Սուսաննա Էմինյանը գոհ է ծննդօգնության տեղայնացման գաղափարով: «Կարծում եմ, որ յուրաքանչյուր հղի պետք է իր տարածքում հաշվառվի եւ ծննդաբերի: Դրանով իսկ կկանխվի մարզերի հղիների հոսքը մայրաքաղաք»,-ասաց նա:

ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի նոյեմբերի 28-ի հրամանի համաձայն` կկանոնակարգվեն ծննդաբերների եւ մինչև 7 տարեկան երեխաների ուղեգրման եւ հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը: Մասնավորապես, նորմալ ընթացքով, առանց ռիսկի ծննդաբերների ծննդաբերությունը կկազմակերպվի վարչատարածքային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ հղին ծննդօգնության ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունը կարող է ընտրել համապատասխան իր բնակության վայրի. մարզի բնակիչը` իր մարզում, Երեւանի բնակիչը` Երեւանում:

Հայաստանի Հանրապետությունում գործում են 614  բուժակ-մանկաբարձական կետեր, 11 ինքնուրույն ծննդատներ, որնցից 4-ը Երեւանում,  7-ը` մարզերում: