«Զատիկ» մանկատան վերակազմավորումը նպաստում է մանկատան երեխաների` կենսաբանական ընտանիք տունդարձին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերով գլխավոր մասնագետ Կարինե Խաչատրյանը: «Մինչեւ 2013թ.-ը մանկատունը կդադադրի գործել եւ կշարունակի ցերեկային ու շուրջօրյա խնամքի կենտրոնի իր գործառույթները»,-ասաց Խաչատրյանը:
Երեխաներին մանկատուն հանձնելու դեպքերը բավականին տարբեր են` սոցիալական վիճակը, երեխայի կամ ծնողի հիվանդությունը:
«Երկրից բացակայելու դեպքում եւս ծնողը իրավունք ունի զավակին թողնելու պետության խնամքին, եւ վերադարձից հետո երեխան կարող է վերադառնալ ընտանիք: 1-2 դեպք լինում է, երբ մասնագիտացված մանկատնից են երեխաները վերադարձվում տուն»,-նկատեց մասնագետը: Խաչատրյանի փոխանցմամբ` մանկատունը մեծ աշխատանքներ է տանում ծնողի հետ, զրուցում նրանց հետ: Տասը տարին լրացած երեխաներն արդեն ունենում են իրենց կարծիքը, եւ ցանկացած երեխա ձգտում է ունենալ ընտանիք, թեկուզ ոչ կենսաբանական:
Նա տեղեկացրեց նաեւ երեխային ընտանիք վերադարձնելու գործընթացի մասին: Երբ ընտանիքի պայմանները լավանում են, ծնողները դիմում են մարզպետարան կամ քաղաքապետարան, որոնք ուսումնասիրում են կենսապայմանները. պետք է լինեն բարոյահոգեբանական մթնոլորտ եւ սոցիալական նորմալ պայմաններ: Այդ ամենի հիման վրա մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից տրվում է եզրակացություն, համաձայն որի` երեխան մանկատնից կարող է վերադառնալ ընտանիք: Սակայն միայն ծնողի` երեխային ընտանիք վերադարձնելու ցանկությունը շատ քիչ է, համապատասխան եզրակացության բացակայության դեպքում երեխան ընտանիք չի վերադարձվում:



