tert.am-ը գրում է. 10 հազար ծնողների շրջանում անցկացված հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ ծնողների 40 տոկոսը, որպես երեխաների դաստիարակման մեթոդ, կիրառում է ֆիզիկական բռնությունը:
Այս մասին «Անչափահասների նկատմամբ բռնությունները Հայաստանում և ընտանեկան բռնության դեմ օրենքի անհրաժեշտությունը» թեմայով քննարկմանը հայտարարեց Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Աիդա Մուրադյանը՝ ներկայացնելով 10 հազար ծնողների շրջանում անցկացված հետազոտության արդյունքները:
«Սա մեզ համար, ցավոք, նորություն չէ, քանի որ նախկին հետազոտությունները ևս ցույց էին տալիս նույն ցուցանիշը։ Ցավով ենք արձանագրում, որ 5 տարիների ընթացքում այս ցուցանիշը չի փոխվել: Բայց հասկանում ենք, որ եթե ջանքեր չենք իրականացնում խնդիրը փոխելու ուղղությամբ, ապա այն շարունակում է մնալ»,-ասաց Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Աիդա Մուրադյանը:
Հիշեցնենք, որ վերջին 1 շաբաթվա-տասն օրվա ընթացքում ականատես եղանք երեխաներին դեմ ուղղված բռնության մի շարք դեպքերի: Մասնավորապես, կա կասկած, որ Սպիտակում ինքնասպանություն գործած մայրը դրանից առաջ խեղդել էր 5 և 7 տարեկան երեխաներին:
Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանն էլ այս համատեքստում նկատեց, որ իրականում ընտանիքների ներսում կատարվող ողբերգությունների ու բռնությունների մասին հասարակությունը տեղյակ չէ` բացառության այն դեպքերի, երբ դրանք արդեն տեղափոխվել են քրեական դաշտ:
«Փաստը, որ պատկերը չի փոխվում, նշանակում է, որ հասարակական համաձայնության չենք եկել, թե ընտանիքի պատերից ներս տեղի ունեցող ողբերգությունները, և սեփական երեխաների հանդեպ բռնությունների դեպքերը որքանո՞վ են հասարակության հոգածության առարկա»,-ասաց նա։
Ըստ Միրա Անտոնյանի` հասարակության մեջ գերիշխող է կարծիքը, որ կարիք չկա թափանցել հայ ավանդական ընտանիք, որտեղ բոլոր խնդիրները պետք է լուծվեն ընտանիքի պատերի ներսում:
«Նույն ավանդական հայ ընտանիքում 100 տարի առաջ ընդունված էր ծննդաբերել տատմոր օգնությամբ։ Հիվանդանոց գնալն էր այն ժամանակ տարօրինակ, և պետությունը մտածում էր ներդնել գայթակղիչ մեթոդներ, որ հիվանդանոցում ծննդաբերելը դառնա նորմա: Ու սա հիմա նորմ է, բայց 80-100 տարի առաջ նորմ չէր»,-նշեց ՀԿ-ի ներկայացուցիչը:
Ուստի, ըստ բանախոսների, ոչ ադմինիստրատիվ, բայց աջակցող միջոցներով պետք է օգնել, որ սա էլ դառնա նորմ, ինչի համար էլ անհրաժեշտ է նախ ընտանեկան բռնության դեմ օրենք:
Անուշ Դաշտենց