Հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Երևանում ու Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի կունենան տարատեսակ միջոցառումներ: Ստորև ներկայացնում ենք Երևանում սպասվող անվճար միջոցառումների ցանկը:
Առավոտյան ժամը 11.00-ից Ազատության հրապարակում կմեկնարկի ավանդական կավճանկարչությունը: Երևանի բոլոր վարչական շրջաններում կլինեն համերգներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, երեխաներին կողջունեն հեքիաթների հերոսները:
Ողջ օրը փոքրիկների առաջ իր դռները կբացի Երևանի Կենդանաբանական այգին: Այցելուները կարող են հետևել կենդանիների ցուցադրական կերակրումներին, մասնակցել բազմազան միջոցառումների: Կլինեն նաև թատերական ներկայացումներ:
14:30 Սիրահարների այգում տեղի կունենա «Երեխաների ձայնը» միջոցառումը, որը կազմակերպում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը: Հյուրերը հնարավորություն կունենան մասնակցել սեմինարների, այցելել վրանային ցուցահանդեսներ, ծանոթանալ երեխաների իրավունքների ոլորտում իրականացվող տարաբնույթ ծրագրերին, քննարկել երեխաների խնդիրներն ու իրավունքները` դրսևորելով իրենց աջակցությունը միջոցառման մասնակից երեխաներին:
Ժամը 17:00-ից 20:00-ը Հյուսիսային Պողոտայում «Վորլդ Վիժն Հայաստանը»-ը կանցկացնի «Մենք տարբեր ենք ու հավասար» խորագրով միջոցառումը: Մասնակիցները հնարավորություն կունենան լուսանկարվել գեղեցիկ ձևավորված վահանակների կողքին, իսկ երեխաները՝ կներկեն ու կնկարեն սեղանների շուրջը: Միջոցառման ընթացքում ծնողների և այցելուների համար կկազմակերպվի վիկտորինա, որի հաղթողներին սպասվում են հաճելի անակնկալներ: Միջոցառմանը տոնական տրամադրություն կհաղորդի Alexandrapol Orchestra խումբը:
ժամը 18:00-ից Գաֆէսճեան քանդակների պարտեզում բացօթյա նկարչություն կլինի՝ մինչև ժամը 20:00: Այնուհետև 20:00-21:20ը կկայանա «Խաղ ու պար» մանկական տոնական համերգային ծրագիրը, իսկ 21:30-22:30-ը տեղի կունենա The Beautified Project ռոք խմբի համերգը: Միջոցառումը կեզրափակվի տոնական հրավառությամբ 22:30-ին: