Մանկապարտեզներում սննդի որակը գտնվում է ամենօրյա վերահսկողության ներքո

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 161 մանկապարտեզներ հաճախում է 22-23  հազար երեխա: 7000-ից ավելի երեխաներ էլ հերթագրված են ընդունվելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության բաժնի պետի տեղակալ Սիլվա Աչոյանը, մանկապարտեզներում նույնիսկ խմբեր կան, որտեղ 40-45  երեխա է հաճախում:

«Այդ խմբերի բեռնվածությունն ունի մեկնաբանություն: Եթե երեխաները նախատեսվածից ավելի են, այնտեղ կազմակերպվում է աշխատանքին օժանդակելու մեկ այլ միջոց, դաստիարակի կամ դայակի կես կամ մեկ լրացուցիչ դրույթ է ապահովվում»,-ասաց նա:

Աչոյանի խոսքով` ամռան շրջանում քաղաքապետարանի համապատասխան վարչություններն ամենօրյա վերահսկողություն են իրականացնում մանկապարտեզներին մատակարարվող սննդի ոլորտում:

«Պահեստից սննդի դուրս բերումից սկսած` մեր մասնագետները վերահսկողություն են իրականացնում:  Ստուգվում է նաեւ պահեստում եղած սնունդը»,-ասաց նա:

Աչոյանը նշեց, որ սննդի տեսակներ կան, որոնցով չի կարելի կերակրել երեխաներին, օրինակ` երշիկեղենը, ձկնեղենը, աղացած մսով ուտեստները:

Հանրակրթության բաժնի պետը նշեց, որ մանկապարտեզների սանիտարահիգիենիկ վիճակը նույնպես մշտական հսկողության տակ է:

«Մենք չունենք մի որեւէ մանկապարտեզ, որն ապահովված չէ ջեռուցման համակարգով: Հաջորդ ծրագիրը լինելու է մանկապարտեզներում սանհանգույցների բարեկարգումը»,-ասաց նա: