Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի նախագծի համաձայն՝ նախակրթարանն ավարտելիս երեխան պետք է տիրապետի մի շարք հմտությունների և կարողությունների։
- Լեզվական և հաղորդակցական կարողունակություն
Երեխան տիրապետում է գրական հայերենին, հաղորդակցվում տարբեր իրավիճակներում և միջավայրերում, դրսևորում խոսքային և ոչ խոսքային ակտիվություն՝ մասնակցություն ունենալով հասարակական կյանքին։ Ընդունակ է ճանաչել բանավոր կերպով ներկայացվող երևույթները, ըմբռնել, նկարագրել, մեկնաբանել դրանք, ներկայացնել բացատրություններ։ Երեխան ունակ է կողմնորոշվել լեզվական միավորներում՝ հնչյուն, բառ, նախադասություն։ Ինքնուրույն ձևակերպում է սեփական մտքերը՝ ազատ և կապակցված արտահայտելով կարծիք, վերաբերմունք որևէ երևույթի մասին։ Տեխնիկական միջոցների օգնությամբ կարողանում է հաղորդակցվել և արտահայտել ցանկությունները: - Ճանաչողական և մոտիվացիոն կարողունակություն
Երեխան ընդունակ է պատճառահետևանքային կապեր տեսնել երևույթների, իրադարձությունների միջև, ճանաչել առարկաների և օբյեկտների թաքնված կապերը, հարաբերությունները, նոր խնդիրներ լուծել: Դրսևորում է ակտիվություն, հետաքրքրասիրություն, ճանաչողական հետաքրքրություն աշխարհի, առարկաների և երևույթների, ինչպես նաև հարաբերությունների կառուցման հանդեպ: Երեխան հաճույքով/ակտիվ ներգրավվում է գործունեության տարբեր ձևերի, մտավոր տարբեր գործողությունների, նոր բացահայտումների մեջ: - Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն
Երեխան ճանաչում է իր արտաքին առանձնահատկությունները, ձեռք է բերում սեռադերային պատկերացումներ: Երեխան պատկերացում ունի սեփական հնարավորությունների մասին, ձևավորվում է վստահություն սեփական ուժերի և կարողությունների հանդեպ: Ընդունակ է ինքնակազմակերպվելու, դրսևորում է ինքնուրունություն և ինքնասպասարկման հմտություններ: Գործողություններում դրսևորում է նպատակաուղղվածություն և կենտրոնացվածություն: Երեխան ընդունակ է ճանաչել սեփական և այլոց հույզերը. ձևավորվում են հույզերի կառավարման հմտությունները: Ունակ է ճանաչել մեծահասակների և հասակակիցների հետ փոխհարաբերություններում սահմանված վարքային կանոնները և դրսևորում է սոցիալապես ընդունված նորմերին համապատասխան վարք: Շփման մեջ նախաձեռնող և կառուցողական է, դրսևորում է ընկերակցելու, համագործակցելու ունակություններ: - Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն
Նախադպրոցական տարիքում երեխան տիրապետում է բարեվարքության և սոցիալական արդարության պարզագույն կանոններին. դրսևորում է հարգանք և հոգատարություն շրջապատի հանդեպ, գնահատում է արարքների բարոյական ուղղվածությունը: Ճանաչում է հայրենիքը, Հայաստանի խորհրդանիշները /դրոշ, զինանշան, օրհներգ/, դրսևորում է սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ: Ունի տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների մասին: - Թվային և մեդիա կարողունակություն
Երեխան պատկերացնում է մեդիայի դերը հասարակական կյանքում, կողմնորոշվում մեդիայի բազմազանության մեջ, ընտրում և գնահատում անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ցուցաբերելով որոշակի վերաբերմունք դրա նկատմամբ։ Տիրապետում է մեդիագրագիտության և անվտանգության հիմնական կանոններին՝ հասկանալով դրանց հետ կապված վտանգները։ Երեխան ունի առարկաները, երևույթները մոդելավորելու և ստեղծագործական կարողություններ, տարբերում է իրական և վիրտուալ աշխարհները, հասկանում դրանց տարբերությունները։ Կարողանում է օգտվել մեդիա տարրական գործիքներից։ - Մշակութային կարողունակություն
Երեխան կարողանում է գնահատել գեղեցիկը, ճանաչում և վերլուծում է հանրահայտ մանկագիրների գեղարվեստական ստեղծագործությունները, ճանաչում է ազգային և համաշխարհային մշակութային նմուշների ինքնատիպությունը: Դրսևորում է ընդգծված հետաքրքրություն գեղարվեստական գործունեության հանդեպ, ունակ է արվեստի միջոցով արտահայտելու սեփական հույզերը, զգացմունքներն ու տպավորությունները: - Մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն
Երեխան կարողանում է կատարել պարզ մաթեմատիկական գործողություններ, համեմատում, հետազոտում է առարկաները և երևույթները, գտնում է տարբեր խնդիրների լուծումներ, ճանաչում է թվանշանները,տիրապետում է նախաթվային և թվային հասկացություններին. երեխան կարողանում է որոշել առարկաների քանակը, համեմատել դրանք ըստ մեծության, չափսի, ձևի և գույնի: Կարողանում է առարկաները տարբերակել ըստ նյութի: - Տնտեսական կարողունակություն
Երեխան կարողանում է համարժեք ճանաչել և վերլուծել մեծերի աշխատանքը և դրանից ստացված արդյունքները: Գիտի տարբեր մասնագիտությունների անվանումներ և դրանց առանձնահատկությունները: Ցուցաբերում է տնտեսական պարզ հասկացությունների իմացություն, գիտի իր հետ առնչնվող առարկաների ձեռքբերման եղանակները, կիրառում է տնտեսական պարզ բառապաշար: Երեխան հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների միասնականությունն ու փոխկապակցվածությունը: Ունի տարրական պատկերացումներ շրջակա միջավայրի և դրա պահպանման վերաբերյալ: Կարողանում է նկարագրել մարդու և տնտեսության ազդեցությունը բնության վրա: Հասկանում է շրջակա միջավայրի պահպանման գործում սեփական դերը, նշանակությունը և մասնակցում է այդ գործընթացին: - Ֆիզկական կրթության և առողջ ապրելակերպի կարողունակություններ
Երեխան պատկերացում ունի ֆիզիկական վարժությունների առողջարարական նշանակության, առողջ սննդի, առողջ ապրելակերպի վարման հիմնական կանոնների՝ օրգանիզմի կոփման, օրվա ռեժիմի, առողջ սննդի, հիգիենիկ կանոնների, ճիշտ կեցվածքի պահպանման մասին: Ընկալում է ֆիզիկական վարժությունների ճիշտ կատարման ձևը, ճանաչում և տարբերում է ամառային և ձմեռային մարզաձևերը: Ընդհանուր պատկերացում ունի շարժողական ընդունակությունների, տարածված մարզաձևերի, գույքի, սպորտային հանդերձանքի մասին, ճանաչում է հայ և այլազգի անվանի մարզիկներին:Երեխան ընդունակ է ճիշտ կատարելու մարմնամարզական, աթլետիկակիան վարժություններ, տարաբնույթ շարժողական գործողություններ շարժախաղերում, մարզախաղերում, շարժողական ակտիվության այլ ձևերում: Դրսևորում է անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածություն և պահպանում է առողջ ապրելակերպի վարման կանոնները։ Երեխան ինքնուրույն կատարում է նմանողական շարժումներ, ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանձին, զույգերով, մարզագույքով: Վարժությունների կատարման ընթացքում, թիմային խաղերում դրսևորում է կարգապահություն, կամք, պատասխանատվություն, համագործակցութուն, վճռականություն, փոխօգնություն, ընկերասիրություն, նախաձեռնություն:
Աղբյուրը՝ ԿԳՄՍՆ



