Մանկատուն դիմողների թվի նվազման արդյունքում «Զատիկ»-ը փոխում է ուղղվածությունը

Երևանի «Զատիկ» մանկատունը դեկտեմբերի 27-ից վերաձեւավորվում է`դառնալով «Երեխաների աջակցության կենտրոն»: «Զատիկ»-ի ուղղվածության փոփոխությունը պայմանավորված է մանկատան երեխաների թվի նվազմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ներկայում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի համար ավելի շատ դիմում են այլընտրանքային

կենտրոններին, քան մանկատներին:

«Զատիկ» մանկատան փոխտնօրեն Անահիտ Ամիրյանը տեղեկացրեց, որ «Երեխաների աջակցության կենտրոն»-ում իրականացվելու է դասապատրաստման պրոցես, ինչից օգտվելու է շուրջ 100 երեխա: Մանկատան փոխտնօրենի խոսքով` գործազուրկ կմնան միայն մանկատան դայակները, մնացած աշխատակիցները կշարունակեն աշխատել կենտրոնում: «Այս ծրագրով ամեն ինչ արվում է, որ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվի աջակցող ծառայություններ, որը կկանխարգելի նրանց մուտքը մանկատներ»,-ասաց Անահիտ Ամիրյանը` հավելելով, որ վերակազմակերպման ընթացքում մանկատանը խնամվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կվերադառնան ընտանիքներ կամ նրանց կտրամադրվեն այլընտրանքային ծառայություններ:

Ներկայում մանկատանը խնամվում է 14-18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած 12 երեխա, 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք է իրականացվում 20 երեխայի համար, իսկ 6-18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի ցերեկային խնամք է ապահովվում 50 երեխայի համար:

Համաձայն 2003-2006 թվականների վիճակագրության` այդ տարիներին «Զատիկ» մանկատանը խնամվել է մոտ 140 երեխա, սակայն վերջին տարիներին մանկատներում, մասնավորապես` այս մանկատանը խնամվող երեխաների թիվը նվազում է: 2011թ-ին «Զատիկ»  մանկատանը խնամվել է 43 երեխա, այդ թվում` 13-ը ծնող ունեցող, հինգը` երկկողմանի ծնողազուրկ, չորսը` միակողմանի ծնողազուրկ, 19-ը` միայնակ մոր, երեքը ընկեցիկ: 2011թ-ին, հաշվի առնելով այն, որ մանկատանը խնամվում էր ընդամենը 43 երեխա, «Զատիկ» մանկատան կանոնադրություն ներառվեցին նոր գործառույթներ, համաձայն որոնց` մինչև 2013 թվականը իրականացնում է 14-18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխայի շուրջօրյա խնամք, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխայի` մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք, ինչպես նաև Երևան քաղաքի 6-18 տարեկան, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ցերեկային խնամքի ապահովում: