ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամի և «Վորդ Վիժնի» աջակցությամբ Երևանում հունիսի 18-ից 19-ը կանցկացվի «Կոալա» փառատոն: Նշանաբանն է՝ «Առողջ հղիություն, երջանիկ մանկություն»։ Միջոցառման նպատակն է աջակցել ապագա մայրիկներին և երիտասարդ ծնողներին ընտանիքի պլանավորման, երեխայի ճիշտ սննդակարգը կազմակերպելու հարցում: Ծնողներին միջոցառման ընթացքում խորհրդատվության կտրամադրեն նեղ մասնագետները։ Փառատոնի մանրամասները Աիդա Ավետիսյանն է ներկայացնում:
2014 թվականի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր հանրապետությունում հղիների թերսնուցման խնդիրները տարեցտարի աճում են: Ուսումնասիրությունների համաձայն՝ մինչև 6 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է, 15 տոկոսը՝ գերաճ: Պատճառները տարբեր են՝ սոցիալական խնդիրներից մինչև ոչ ճիշտ սնուցումը։ «Կան բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքներ, որտեղ ծնողները չեն գիտակցում երեխայի թերսնուցման բարդ հետևանքների մասին»,- ասում է «Վորլդ Վիժնի» Արագածոտն մարզի վաղ մանկական զարգացման ծրագրերի համակարգող Ռուզաննա Մանուկյանը: «Մենք խոսում ենք կրծքով սնուցման մասին, որը սոցիալական պայմանների հետ կապ չունի»,- ասում է նա։
«Վերջին տվյալներով՝ մինչև 6 տարեկան երեխաների միայն 35 տոկոսն է բացառապես կրծքով սնվում: ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորոդորում են, որ մինչև 6 ամսական երեխաները սնվեն բացառապես կրծքով, իսկ դրանից հետո հավելյալ սննդին զուգահեռ շարունակել կրծքով կերակրումը մինչև 2 տարեկան»,- ասում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը։
Մանրամասները՝ այստեղ



