Խանութներում խախտվում են կաթնամթերքի պահպանման պայմանները


Հաճախ լինում են դեպքեր, երբ սպառողը խանութից գնում է կաթնամթերք, և այն, գտնվելով ժակետի մեջ, լինում է թթված կամ փչացած: Մայրիկները, արդյունքում, դադարում են օգտվել այս կամ այլ ընկերության արտադրանքից՝ կարծելովթե  մեղավորն արտադրողն է: Impoqrik.am-ըհաշվի առնելով մայրիկների բազմաթիվ նամակները, փորձեց խնդիրն ավելի խորն ուսումնասիրել:

Խնդրի շուրջ զրուցեցինք  հայրենական կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկի որակի վերահսկողության բաժնի ղեկավարի հետ:

«Նման դեպքեր հիմնականում պատահում են գարնան և ամռան ամիսներին, երբ եղանակը կտրուկ տաքանում է: Ամեն օր արտադրվող կաթնամթերքի տեսականին ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, և բաց թողնման ամսաթվով փորձանմուշներն էլ պարտադիր պահվում են պահեստում: Եթե որևէ խախտում լինի, որը կհանգեցնի, օրինակ, սննդային բորբոսի առաջացման, ապա ամբողջ խմբաքանակը կփչանա, այլ ոչ թե մեկ կամ երկու օրինակ, քանի որ խմբաքանակի հումքը նույնն է: Խնդրի պատճառները բոլորովին այլ են: Հաճախ խանութները չեն հետևում կաթնամթերքի պահպանման ջերմային պայմաններին, ինչի հետևանքով էլ կաթնամթերքը թթվում է կամ սննդային բորբոս է առաջանում: Կամ էլ նախքան սառնարանի դարակաշար հասնելը կաթնամթերքը երկար ժամանակ մնում է սենյակային ջերմաստիճանում, որն էլ հանգեցնում է ջերմային պայմանների տատանման և սննդային բորբոսի առաջացման: Հարկ է նշել նաև, որ ջերմային պայմանների խախտման պատճառով առաջացած սննդային բորբոսը հիմնականում հանդիպում է կենդանի յոգուրտ կատեգորիայում, քանի որ այն, ի տարբերություն դրսից ներկրված յոգուրտների,  չի պարունակում կոնսերվանտներ և սննդային քիմիական հավելումներ,- ասաց մասնագետը,- Սպառողներին պարզապես կխնդրեի  մի փոքր ըմբռնումով մոտենալ հարցին և չհիասթափվել հայրենական արտադրողից, երբ  նման դեպքերի են բախվում»: