Այսօր Հայաստանի մեծիկները նախագահ են ընտրում

Անկախ Հայաստանն այսօր իր պատմության մեջ արդեն վեցերորդ անգամ նախագահ է ընտրում: Սիրելի փոքրիկ, իսկ դու գիտես՝ ով է նախագահը:  Նա մեր երկրի առաջին դեմքն է, որին ընտրում են Հայաստանի բոլոր չափահաս քաղաքացիները:

Հանրապետության նախագահին ընտրում են 5 տարի ժամկետով: Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացրած, վերջին 10 տարում ՀՀ քաղաքացիություն ունեցող, վերջին 10 տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Նույն անձն իրավունք ունի միայն 2 անգամ անընդմեջ ընտրվելու հանրապետության նախագահի պաշտոնում:

ՀՀ նախագահը զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է բարձրագույն հրամկազմը, որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին: Հանրապետության նախագահը ներկայացնում է ՀՀ-ն միջազգային հարաբերություններում, ղեկավարում է արտաքին քաղաքականությունը, կնքում միջազգային պայմանագրեր, վավերացնում է միջկառավարական պայմանագրեր, շնորհում ՀՀ քաղաքացիություն, բարձրագույն կոչումներ, դասային աստիճաններ, լուծում քաղաքական ապաստան տալու հարցը, պարգևատրում ՀՀ շքանշաններով ու մեդալներով, ներում շնորհում դատապարտյալներին:

Միգուցե, այս ամենը բարդ է քեզ համար,փոքրիկ, եւ դեռես հեռու քեզնից, բայց դու նույնպես կարող ես քո դերը ստանձնել: Խնդրիր մայրիկին, հայրիկին կամ տատիկին ու պապիկին, որ բռնեն քո թաթիկը ու միասին գնաք՝ կատարելու ձեր քաղաքացիական պարտքը:

Այսօրվա նախագահն է կերտելու քո այն ապագան, որի ժամանակ արդեն դու ինքդ ես կատարելու քո ընտրությունը:

Մանկական հավատարմությամբ՝ Իմ Փոքրիկ