Չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքները կհամարվեն բազմազավակ. Panorama.am

Բազմազավակ ընտանիքների խնդիրները, նրանց հոգսերի թեթևացումը, երեխաների առավել կայուն ու բարեկեցիկ ապագայի երաշխավորումն ու բազմազավակության խրախուսումը մեր երկրում այսօր կարևորագույն հարցի է վերածվել. հանրային ռադիոյի «Կենսաձև» հաղորդման շրջանակներում այս հարցերի շուրջ է խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:

Վերջինիս խոսքով՝ բազմազավակ ընտանիքների խնդիրը մշտապես գտնվել և գտնվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիտանկյունում: Վերջիններիս հոգսերի թեթևացումը, երեխաների առավել կայուն ու բարեկեցիկ ապագայի երաշխավորումն ու ի վերջո բազմազավակության խրախուսումը մեր երկրում այսօր կարևորագույն հարցի է վերածվել:

Վանիկ Բաբաջանյանն, անդրադառնալով «բազմազավակ ընտանիք» բնորոշմանը և «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծին, նշել է, որ բազմազավակ ընտանիքը մեր հասարակության միջինից ավելի բարձր տարիք ունեցող անձանց մոտ ասոցացվում է խորհրդային հին ու բարի ժամանակներում իրականացվող միջոցառումների հետ, երբ սոցիալական պաշտպանության համակարգը բավականին շռայլ է գտնվել ընտանիքների այն տիպի նկատմամբ, որոնք ունեցել են որոշակի թվով երեխաներ: Խորհրդային Հայաստանում նույնպես բազմազավակությունն օրենսդրական ճանապարհով կարգավորվել է և 4 ու ավելի երեխա ունեցող ընտանիքները համարվել են բազմազավակ ընտանիքներ և պետությունից ստացել են որոշակի երաշխիքներ ու սոցիալական աջակցության որոշակի տեսակներ:

«Բազմազավակ ընտանիքների արժևորումը ներկա պահին նախ և առաջ պետք է կապել Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի հետ: Ընդ որում այստեղ խոսքը պետք է կապել ոչ միայն ծնունդերի թվաքանակի և
  ծնելիության հետ ընդհանրապես, այլև շատ երեխա ունեցող ընտանիքներում մարդկային կապիտալի բարձր որակ ստեղծելու տեսլականի հետ: Ցավոք, այսօր Հայաստանում բազմազավակ ընտանիք հասկացությունն ասոցացվում է աղքատության հետ: Իհարկե աղքատության հետ ասոցացումն իր մեջ ունի ճշմարտության հատիկ և հիմքեր, ինչը փաստված է նաև վիճակագրությամբ: Մարդահամարի վերջին 2011 թ.-ի տվյալների համաձայն 4 և ավել երեխա ունեն շուրջ 7400 ընտանիքներ, իսկ դրանցից շուրջ 6400 ընտանիք համարվում է անապահով և հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և համապատասխանաբար ստանում է ընտանեկան նպաստ»,-ասել է պաշտոնյան:

Նրա հավաստմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պարբերաբար իրականացվել են ընտանիքների, այդ թվում նաև բազմազավակ ընտանիքների կարիքների գնահատում և պայմանավորված նաև սահմանադրական փոփոխություններով, որում բազմազավակությունը դիտվել է որպես մարդու իրավունք, նախարարության կողմից մշակվել և ներկայումս հանրային քննարկման փուլում է գտնվում «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է նախ և առաջ սահմանել, թե հանրապետությունում որն է համարվելու բազմազավակ ընտանիք և աջակցության ինչպիսի տեսակներ է ստանալու:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: