ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շատ լավ լուր է հայտնել սահմանապահ (Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից) գյուղերի բնակիչների համար:
«Այսօր տևական բանակցություններից հետո տեղի և սփյուռքյան խոշոր ձեռնարկատերերի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն՝ Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից
հայկական բոլոր բնակավայրերում ծնելիությունը խթանելուն ուղղված խոշոր ծրագիր սկսելու մտադրության մասին:
Եվ այսպես...
Ծրագիրը նախատեսում է վերջին երեք տարվա սահմանապահ (Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող) գյուղի գրանցում ունեցող և բնակվող ծնողներից ծնված յուրաքանչյուր նոր ծնված երեխային միանվագ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և մինչև երեխայի երեք տարին լրանալը՝ ամիսը 100 հազար դրամի տրամադրում:
Ծրագիրը ներառելու է Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի՝ Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող բնակավայրերը:
Վաղվանից սկսում ենք ուսումնասիրել վիճակագրությունը, առկա դրությունը և միտումները:
Ծրագրի մեկնարկը կտրվի 2020թ. գարնանը:
Հավատում ենք, որ այսպիսի մեծ ծրագրի ներդրմամբ հնարավոր կլինի էապես փոխել սահմանապահ բնակավայրերի ժողովրդագրական պատկերը:
Սահմանապահ խոշորացված համայնքների համար նախատեսված մեկ այլ խոշորամասշտաբ ծրագրի մասին՝ հաջորդիվ»,- գրել է Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում:



