Հայաստանում օրենսդիրները և հասարակական կազմակերպությունները քննարկում են երեխաների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարող անձանց կամավոր կամ հարկադիր քիմիական ստերջացման ենթարկելու հարցը:
Արդեն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվել և առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը վերաբերում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների շարքը նոր միջոցով` «քիմիական ստերջացումով» համալրմանը:
Օրենքի հեղինակ, իրավաբան Դավիթ Թումասյանը, երեքշաբթի «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ կազմակեպած քննարկմանը ներկայացնելով օրենքի փոփոխությունների էությունը, պարզաբանեց, որ
Քիմիական եղանակով ստերջացումը ենթադրում է մարդու օրգանիզմ հորմոնային դեղամիջոցների ներարկում, որոնք մարում են սեռական ցանկությունը: Ըստ օրենքի նախագծի` երեխայի նկատմամբ առաջին անգամ սեռական հանցագործություն կատարած անձի քիմիական ստերջացումը կիրառվում է նրա համաձայնությամբ: Անձը այս դեպքում կարող է հրաժարվել դրանից: Նույն հանցագործությունը երկրորդ անգամ կատարելու դեպքում ստերջացումը հարկադիր բնույթ կկրի:
Ստերջացում կիրառվում է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեդիայում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Կանադայում: Ռուսաստանի օրենսդիրները ևս այժմ քննարկում են այս հարցը:
Իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը և Միքայել Դանիելյանը կարծում են, որ օրենքը ներկայումս անթույլատրելի է կիրառել Հայաստանում, քանի որ առկա են դատական համակարգի և որակյալ հոգեբանական փորձաքննության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, երբ չի բացառվում անձի նկատմամբ անարդար դատավճռի կայացումը:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԱրմենիաՆաուի» թղթակից



