10 տարվա անպտղություն ունեցող զույգը բուժումներ էր ստացել տարբեր բժշկական կենտրոններում, բայց ապարդյուն:
Տղամարդու մոտ առաջին աստիճանի օլիգոզոոսպերմիա էր ախտորոշվել (սերմնահեղուկի մեջ սպերմատոզոիդների քանակի նվազում):
Հուսահատված զույգը դիմում է «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն»-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանին` ներարգանդային սերմնավորման ևս մեկ փորձ անելու համար:
«Կատարեցինք սերմի ներարգանդային ներարկումների չորս ցիկլ, սակայն անհաջող, հղիություն տեղի չունեցավ»,-պատմում է Մարգարիտա Գրիգորյանը:
Անհաջող փորձերից հետո գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգն առաջարկում է անել արտամարմնային բեղմնավորում, որի երկու փորձերը ևս անհաջող են լինում: Հուսահատված զույգը չի իմանում` ինչ անել:
«Թեև զույգը թե՛ մեզ մոտ` «Շենգավիթ» ԲԿ-ում, թե՛ այլ հիվանդանոցներում շատ էր արել սերմի ներարգանդային ներարկումներ (ինսեմինացիա), այնուամենայնիվ ես առաջարկեցի անել ևս մեկ փորձ: Փորձը հաջողվեց, գրանցվեց հղիություն»,-ուրախությամբ փաստում է «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգը:
Երկու արտամարմնային բեղմնավորման անհաջող փորձերից հետո կատարվեց ևս մեկ ներարգանդային սերմնավորում՝ այս անգամ դրական արդյունքով. ծնվեց աղջնակ, որն արդեն 3 ամսական է:
Գրիգորյանը նշում է`այն հիվանդները, ովքեր համբերատար են և մինչև վերջ պայքարում են նպատակի համար, սովորաբար բոլորն էլ արդյունքի հասնում են: «Անպտղությունն արդեն բուժելի է, ուստի պետք է բուժվել մինչև արդյունքի հասնելը»,-ասում է Գրիգորյանը:



