Համաճարակային երկարատև հանգիստ վիճակից հետո դիֆթերիա հիվանդությունը դարձյալ տարածվում է աշխարհում: Շատ կարճ ժամանակում այն ընդգրկվել է Վենեսուելան, Ուկրաինան, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, Եմենը և այլ երկրներ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Հնդկաստանի լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն` վերջին երկու շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 6-23) երկրում արձանագրվել է դիֆթերիայի 147 դեպք, որոնցից 18-ը` մահվան ելքով:
Դիֆթերիան վտանգավոր օդակաթիլային վարակ է, որը տարածվում է հիվանդի փռշտալու և հազալու ժամանակ: Վարակվելու ռիսկի գործոններն են՝ փակ տարածքներում շատ մարդկանց առկայությունը, վատ հիգիենիկ պայմանները, պատվաստումներից հրաժարումները:
Հիվանդությանը բնորոշ է՝ ցավ կոկորդում, հազ, ջերմության բարձրացում, քթից արտադրություն, դժվարաշնչություն, բկանցքում հաստ, գորշ փառի առաջացում:
Փառը կարող է տարածվել դեպի կոկորդ, շնչափող՝ առաջացնելով կոկորդի այտուց և շնչառության կանգ: Միկրոբի արտադրած թույները արյան միջոցով տարածվում են բոլոր օրգան համակարգեր, հատկապես սիրտ, նյարդային համակարգ՝ առաջացնելով մի շարք բարդություններ՝ սրտամկանի բորբոքում (միոկարդիտ), կաթված (պարալիչ):
Դիֆթերիայի նույնիսկ վաղ բուժման պարագայում բարդություններն անխուսափելի են և հիվանդությունը 10% դեպքերում հանգեցնում է մահվան:
Չի բացառվում Հնդկաստանից հիվանդության տարածումն այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան՝ հաշվի առնելով բնակչության ակտիվ տեղաշարժը:
Երեխաների շրջանում դիֆթերիայի պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները բարձր են, սակայն նույնը չենք կարող ասել մեծահասակների համար: Հիվանդության հարուցիչը երկիր բերելու դեպքում մեծ է տարածման հավանականությունը, հատկապես մեծահասակների շրջանում, այս պարագայում խոցելի կլինեն նաև պատվաստումից հրաժարված երեխաները: Դիֆթերիայի կանխարգելման միակ միջոցը պատվաստումներն են:
Եվս մեկ անգամ հորդորում ենք լինել ավելի զգոն, դիֆթերիայի պատվաստում ստանալու համար ներկայանալ տարածքային պոլիկլինիկա, եթե վերջին 10 տարվա ընթացքում չեք պատվաստվել:



