Sidebar

«Ինչպե՞ս վարվեմ, եթե երեխաս մանկապարտեզ գնալիս աղեկտուր լացում է». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Զարուհի

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Ինձ մի հարց է անհանգստացնում, չնայած, որ հասկանում եմ, որ սխալ եմ վարվում, այնուամենայնիվ շարունակում եմ: Աղջիկս 5,5 ամսական է, ծնվել է կեսարյան հատումով, 4.200 կգ, այժմ քաշը 8.4 կգ է, սնվում է միայն կրծքի կաթով: Մենք առանձին ենք ապրում, ուրիշ օգնող չունեմ, կեսարյան հատման հետևանքով էլ ձեռք եմ բերել խրոնիկ մեջքի ցավեր, այդ պատճառով երեխայիս շատ գրկել չեմ կարողանում:

Որպես հեշտ միջոց` գտել եմ համակարգիչը, (քանի որ ուրիշ խաղալիքներով 5 րոպեից ավելի չի խաղում, ուզում է գրկենք, ման տանք) ինչի մոտ երեխաս ժամերով մնում է առանց լացելու, ես էլ ավարտում եմ գործերս: Խնդրում եմ մանրամասն բացատրել, թե ինչ ռիսկի եմ դիմում այս տարիքի երեխային ժամերով համակարգչի առջեւ պահելով, ինչպես է անդրադառնում նրա առողջության` տեսողության, միգուցե նաև նյարդային համակարգի և այլնի վրա: Ձեր պատասխանը ինձ կսթափեցնի: Կանխավ շնորհակալ եմ:

 

Պատասխան: Նման վարքով դուք առաջին հերթին վտանգում եք երեխայի զարգացումը։ Որևէ մեկը չի կարող միանշանակ ասել, թե ինչ կլինի։ Բայց երկարատև համակարգչի առջեւ նստելով և այդ ակտիվ տեսարաններին հետևելով` երեխայի զարգացումը դանդաղում է կամ ընթանում ոչ այնքան ցանկալի ուղիով։ Տեսեք, այդ տարիքի երեխան ավելի շատ կարիք ունի հուզական շփման և իր զարգացման ամենակարևոր խթանը մայրիկի հետ շփումն է։ Դա ստիպում է երեխային ակտիվ լինել, կանչել մայրիկին լացով կամ տարբեր ձայներ հանելով, արձագանքել մայրիկի խոսքին, քնքշանքին և այլն։ Համակարգչի առջեւ նստած ժամանակ երեխան ծայրահեղ պասիվ է լինում, որևէ բան չի ստիպում նրան որևէ գործողություն կատարել։ Տեսարանները, որոնք անընդհատ և արագ փոխվում են, կլանում են երեխայի ամբողջ ուշադրությունը և կարծես մեխանիկորեն նրան անջատում մյուս բոլոր զգացողություններից և կարիքներից։ Համակարգչի առջև երկարատև նստող երեխան կախվածություն է ձեռք բերում։ Նույնն է թե երեխային ալկոհոլի միջոցով ստիպենք խելոք և հանգիստ նստել։ Դուք դրանով վտանգում եք երեխայի խոսքի զարգացումը և ամբողջ հոգեկան գործընթացների զարգացումը։ Արդյո՞ք տան գործերն արժեն այդքան և ու՞մ համար եք անում այդ գործերը, եթե ձեր բալիկը դրանից միայն տուժում  է։

 

Սուսաննա

Հարց: Բարև, հարգելի բժիշկ: Փոքրիկս 11 ամսական է, օրվա ընթացքում ես նրան 2 անգամ քնեցնում եմ. վարժվել է կուրծք ուտելով քնելուն: Գրկիս մեջ քնում է, ես տեղափոխում եմ իր օրորոց: Հիմա ուզում եմ քիչ-քիչ կրծքից կտրել, բայց այդ դեպքում նրան քնեցնել չի լինի: Կուզեի նրան վարժեցնել ինքնուրույն քնին, այսինքն` պառկեցնեմ ու դուրս գամ սենյակից: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս սկսեմ:

Պատասխան: Յուրաքանչյուր երեխա պիտի պատրաստ լինի ցանկացած նման լուրջ փոփոխության։ Կրծքից կտրվելու պրոցեսը շատ լուրջ և դժվար ընթացք է, որին ոչ միայն երեխան, այլև դուք ևս պիտի պատրաստ լինեք։ Նախ պիտի պատասխանեք այն հարցին, թե ինչու եք ուզում կտրել կրծքից, ապա ելնելով այդ պատասխանից` սկսեք ձեր գործողությունները։ Եթե միայն դուք եք ուզում այդ փոփոխությունը, կամ կա դրա անհրաժեշտությունը ձեզ համար, ապա պետք է շատ խնայող մոտեցում ցույց տաք երեխային և առանց որևէ կտրուկ գործողությունների, սկսեք երեխային կտրել։

Խորհուրդ չեմ տա կտրուկ  փոփոխություն կատարել  կրծքից կտրելու կամ քնելու ձևի առումով։ Երեխայի համար շատ դժվար կլինի այդ անցումը։ Սկզբում երեխային սովորեցրեք մեկին, ապա մյուսին անցեք այն ժամանակ, երբ երեխան նախորդին լիարժեք հարմարվել է։

 

Լաուրա

Հարց: Բարև ձեզ, իմ փոքրիկը մեկ տարեկան յոթ ամսական է, 1 շաբաթ է` գնում ենք մանկապարտեզ, բայց նա դեռ չի ընտելանում նոր միջավայրին, բաժանվելիս աղեկտուր լաց է լինում: Դա կարո՞ղ է հոգեբանական խնդիրներ առաջացնել երեխայիս մոտ: Շնորհակալություն:

Պատասխան: Մեկ շաբաթը դեռ բավարար ժամանակ չէ` հարմարվելու համար պարտեզին, հատկապես երբ խոսքը մինչև 3 տարեկան բալիկի մասին է։ Հնարավոր է, որ հոգեբանական խնդիրներ առաջանան, թեեւ  դա պարտադիր չէ։ Դուք պիտի հետևեք, թե ինչպես է նա հանգստանում այդ լացից հետո։ Եթե միայն բաժանման պահն է դժվար, իսկ հետո արագ խաղաղվում է, դա այլ բան է: Եթե լաց է լինում ձեր հեռանալուց հետո դեռ շատ երկար ժամանակ, դա արդեն շատ անհանգստացնող է։ Ամեն դեպքում ցանկալի չէ երեխային շատ երկար նման սթրեսի ենթարկել։ Պետք է պատրաստել պարտեզ գնալուն։ Նման փոփոխությանը` մայրիկից բաժանվելուն անմիջապես հարմարվել հնարավոր չէ։


Լուսինե

Հարց: Բարև ձեզ, հարգելի հոգեբան, իմ աղջիկը 2 տարեկան 1 ամսական է: Ես ցանկանում եմ նրան քնեցնել առանձին ննջասենյակում: Նշեմ, որ արդեն հրաժարվել է տակդիրից և չի արթնանում գիշերը: Կարդացել եմ, որ նույնիսկ նորածին երեխաներին են առանձին քնեցնում,սակայն շատ մարդիկ գտնում են, որ դեռ վաղ է: Խնդրում եմ, ասեք` կազդի՞, արդյոք, այս քայլս նրա վրա, կարո՞ղ է ընկճվել դրանից:  Շնորհակալություն:

Պատասխան: Ընկճվելը կապված է այն ձևի հետ, թե ոնց եք առանձնացնում երեխային։ Դա պետք է աստիճանաբար արվի։ Նախ պետք է սենյակը երեխայի համար գրավիչ լինի, առանձին քնելը պետք է իմաստավորել նրա համար: Ցանկալի է երեխայի հետ միասին գնել որոշ առարկաներ սենյակի համար։ Այսինքն` որոշակի ժամանակ է պետք նրան`առանձին քնելու մտքի հետ հարմարվելու, ապա նաև որոշ ժամանակ այդ առանձին քնելուն սովորելու համար։ Պետք է խրախուսել նրա մեջ հասունությունն ու մեծանալու ցանկությունը և առանձին քնելը կապել դրա հետ։ Ամեն կերպ պետք է հասնել նրան, որ երեխան ցանկանա առանձին քնել, ոչ թե ստիպված լինի։

 

Տաթևիկ

Հարց: Բարև, հարգելի հոգեբան: Աղջիկս 1 տարեկան է ու ցանկանում եմ կաթից կտրել, որովհետև զգում եմ, որ եթե շարունակեմ տալ, հետո բացարձակապես դժվար կլինի կտրելը, քանի որ ուտել շատ է սիրում ու լացկան է: Կամակոր չէ, բայց իր սիրելի բանի համար շատ է լացում` նույնիսկ շունչը պահելով: Այս պարագայում ինչպե՞ս կարողանամ հանգիստ ձևով կաթից կտրել: Խորհուրդ են տվել, որ մեկ ուրիշը քնեցնի , բայց դրա հնարավորությունը չունեմ, ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորհակալություն:

Պատասխան: Եթե երեխային կտրում ենք իր համար ապահովություն, ջերմություն ու կարիք բավարարող որևէ բանից, անպայման պիտի դրան փոխարինող որևէ բան տանք։ Կրծքից կտրելու ընթացքում պետք է ծայրահեղ ուշադիր ու ջերմ լինել երեխայի նկատմամբ, չզրկել նրան ֆիզիկական շփումից։ Երբեմն օրը տարբեր զբաղմունքներով լցնելը ևս օգնում է երեխային շեղվել և հետաքրքրվել իրեն շրջապատող տարբեր իրերով։ Արեք դա աստիճանաբար, իսկ ձևը մասնավորապես դուք պիտի գտնեք, չկա կրծքից կտրելու համընդհանուր ընդունելի ձև ։

 

Անահիտ

Հարց: Բարև Ձեզ: Իմ տղան 8 տարեկան է և վերջին մեկ ամսվա ընթացքում շատ դվարությամբ է գնում քնելու` պատճառաբանելով, որ քունը բոլորովին չի տանում: Մթությունից չի վախենում, սակայն համակարգչով է շատ խաղում: Բացի այդ, դպրոցում 2-րդ հերթ է և երեկոյան մինչև 22:00-23:00 դաս ենք անում: Կարո՞ղ է դա լինել պատճառը: Ի՞նչ խորհուրդ կտաք:  Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան: Հնարավոր է` նա չի հասցնում օրվա ընթացքում զբաղվել իր սիրելի զբաղմունքով  և չի հասցնում ձանձրանալ։ Ստացվում է այնպես, որ նա գնում է դպրոց, հետո վերադառնում, դասերն անում ու գալիս է քնելու ժամը։ Գուցե իսկապես օրվա վերջին չի հասունանում այդ հոգնածության և ձանձրույթի զգացումը, որ բոլորս սովորաբար ունենում ենք և  որի հետեւանքով արագ քուն ենք մտնում: Կարելի է մի որոշ ժամանակ քնելու ժամը փոխել, եթե, իհարկե, առավոտյան երկար քնելու հնարավորություն ունի։