Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 9-րդ խմբաքանակին:
Անուն: Անուշ
Հարց: Փոքրիկս 45 օրական է, կեղտոտում է օրը մեկ անգամ, այն էլ` միջամտությունից հետո: Դա վտանգավո՞ր է, ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան: Հարգարժան Անուշ, այդ տարիքի երեխայի համար մինչև 2-3 օր չկեղտոտելը համարվում է նորմալ: Միջամտել կարող եք գլիցերինի մոմիկներ դնելով, եթե 3 օրից ուշանում է:
Անուն: Ստելլա
Հարց: Կարելի՞ է, արդյոք, 2 ամսական երեխայի հետ ծով մեկնել:
Պատասխան: Հարգարժան Ստելլա, ծովային հանգստի կարելի է մեկնել նույնիսկ 2 օրական երեխայի հետ: Այնպես որ հանգիստ կարող եք վայելել Ձեր հանգիստը Ձեր փոքրիկի հետ: (Սիրելի ընթերցողներ, այս հարցում մասնագետները տարակարծիք են. © «Իմ Փոքրիկ»)
Անուն: Լիա
Հարց: Բարեւ Ձեզ, հարգելի բժիշկ: Շնորհակալ եմ նախորդ հարցիս պատասխանելու համար: Հարցս 1 տարեկան տղայիս սեռական օրգանի ծայրի մաշկի կպված լինելու մասին էր: Ուզում եմ ավելացնել նաև, որ այդ շատ բարակ, նուրբ մաշկի տակ երևում են աղի մասնիկներ: Վտանգավո՞ր են, արդյոք, դրանք: Ինչպես նաև հիմնականում լողացնելիս ես ինքս զգուշությամբ հնարավորինս բացում եմ գլխիկը, որպեսզի ինչ-որ չափով ներսը լվացվի: Պե՞տք է անել դա, թե՞ ոչ: Վախենում եմ բակտերիաներ անցնեն այնտեղ և մաքրելը դժվար լինի: Կներեք, որ կրկին անդրադառնում եմ այս հարցին, ուղղակի շատ եմ մտահոգվում և ուզում եմ ճիշտ լուծում գտնել: Շնորհակալություն
Պատասխան: Հարգարժան Լիա, Դուք շատ ճիշտ եք վարվում գլխիկի մաշկը հետ տանելով. եթե աղերն անհանգստացնում են, ցանկալի է կատարել բժշկական միջամտություն և դրանք հեռացնել: Ավելի ճիշտ պատկերացում կազմելու համար կարող եք դիմել մեր կլինիկա՝ մանկաբույժի խորհրդատվության:
Անուն: Անուշ
Հարց: Քանի՞ ամսականից կարելի է երեխային «կենգուրու»-ով զբոսանքի տանել:
Պատասխան:Հարագարժան Անուշ, Դուք կարող եք ծնված օրվանից ևեթ երեխային «կենգուրու»-ով զբոսանքի տանել:
Անուն: Լուիզա
Հարց: Բարև Ձեզ բժիշկ, երեխաս 1.5 տարեկան է, բավական ժամանակ է՝ աչքի կոպի վրա փոքրիկ, բայց ուռած` մեկ հացահատկի մեծության պարկ կա: Ի՞նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան:Հարգարժան Լուիզա, դա պայմանավորված է կոպի թարթիչի մազարմատի բորբոքումով, ուստի հարկավոր է դիմել մանկական ակնաբույժի:
Անուն: Ալլա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, որքա՞ն ժամանակ պետք է առողջ փոքրիկն ընդունի D վիտամին և արդյո՞ք ամառվա ընթացքում կարելի է տալ: Բացի D վիտամինից կա՞, արդյոք, այլ վիտամին տալու անհրաժեշտություն մինչև 1 տարեկան երեխային, եթե նա առողջ է, և աճն ընթանում է նորմալ:
Պատասխան:Հարգարժան Ալլա, Դ վիտամինը դեղորայք է, և երեխային պետք է տալ բացարձակապես բժշկի ցուցումով: Իսկ մինչև 1 տարեկան երեխաներին տեղամասի մանկաբույժները նշանակում են որպես ռախիտ հիվանդության պրոֆիլակտիկա:
Անուն: Արևիկ
Հարց: Հարգելի բժիշկ, տղաս 1 տարեկան 4 ամսական է, արդեն մոտ 5 ամիս կաթնախառնուրդի փոխարեն կովի կաթ է խմում (ջրով բացած) ու մեծ հաճույքով։ Վերջին երկու ամիսների ընթացքում գրեթե ջուր չի խմում, ու արդեն մեկ ամիս է՝ փորկապություն ունի. հաճախ սարսափելի լացով ու ցավերով են աղիքները գործում: Արդեն մի քանի անգամ նույնիսկ արյան հետքեր կան։ Չգիտեմ՝ դա կապեմ ատամների դուրս գալու հետ, թե՞ կովի կաթի, թե՞ ջուր չխմելու հետ։ Ապրում ենք Մոսկվայում, պոլիկլինիկա դեռ չեմ տարել, քանի որ մեր մանկաբուժները խուճապահար միանգամից կդիմեն դեղամիջոցների, ինչին ես դեմ եմ։ Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս հաղթահարենք խնդիրը։
Պատասխան:Հարգարժան Արևիկ, այդ տարիքի երեխային չի կարելի միայն կովի կաթով սնել, անհրաժեշտ է օգտվել կաթնախառնուրդներից, եթե, իհարկե, մայրական կաթ չկա, որովհետև կովի կաթը լիարժեք սննդային միավորներ չի պարունակում, այն էլ ջրով բացած: Խորհուրդ՝ օգտվեք կաթնախառնուրդից:
Անուն: Լիաննա
Հարց: Հարգելի բժիշկ, տղաս արդեն 7 տարեկան է, ծնվել է 1.9կգ քաշով, D Վիտամին ընդհանրապես չեմ տվել, պատվաստումներն էլ թերի են, հիմա էլ նկատում եմ նյարդային շարժումներ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:
Պատասխան:Հարգարժան Լիանա, նյարդային շարժումները կապված չեն Դ վիտամինի և պատվաստումներ չստանալու հետ: Նման նախանշաններ ունեցող երեխային, խորհուրդ եմ տալիս, տանել մանկական նյարդաբանի խորհրդատվության:
Անուն: Նարինե
Հարց: Հարգելի բժիշկ, փոքրիկս 4 ամսական է, բայց չի կարողանում գլուխը բարձրացնել, երբ պառկեցնում եմ փորիկի վրա: Իսկ երբ գրկում եմ, գլուխը միշտ աջ է թեքում: Դիմել եմ նյարդաբանի, ասում է` տոքսիկ հղիությունից է: Փոքրիկիս կերակրում եմ կրծքով, առողջ է, աճը՝ նորմալ, աշխույժ է: Խնդրում եմ՝ օգնեք:
Պատասխան: Հարգարժան Նարինե, դա կապված չէ տոքսիկ հղիության հետ: Հետաքրքիր կլիներ իմանալ ծննդաբերության ընթացքը, այսինքն` թթվածնաքաղց տարե՞լ է, թե՞ ոչ, տրավմա ունեցե՞լ է, թե՞ ոչ: Խորհուրդ կտամ դիմել այլ մանկական նյարդաբանի:
Անուն: Մարի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, մեր փոքրիկը 4 ամսական, 7 օրական է, ծնվել է 3600գր քաշով, 50 սմ հասակով: Այսօր փոքրիկին պոլիկնինիկա` հերթական պատվաստման տանելիս պարզվեց, որ կշռում է 5800գր, հասակն էլ 62սմ է: Բժիշկն արյան անալիզ նշանակեց, հեմոգլոբինը 100գ/լ է: Բժիշկը պնդում է, որ ցածր է: Ես կարդացել եմ, որ 3-6 ամսական երեխաների հեմոգլոբինի նորման 95-135գ/լ է: Պատվաստում չարվեց /արվել է 1 անգամ/: Խնդրում եմ Ձեզ, ասեք` արդյո՞ք հեմոգլոբինն իրոք ցածր է, և արդյո՞ք վտանգավոր է նրա քաշի պակասը: Նշեմ, որ փոքրիկը շատ ակտիվ, ուրախ բալիկ է, սնվում է շատ նորմալ, մայրական կաթով, Hipp organik կերով, նաև տալիս ենք գազարի և խնձորի հյութ: Նշեմ նաև, որ օրական 2 կամ 3 անգամ կեղտոտում է: Նախապես շնորհակալություն:
Պատասխան:Հարգարժան Մարի, Ձեր փոքրիկի քաշը նորմայից պակաս է, հեմոգլոբինը նորմայից ցածր է, անհրաժեշտ է շարունակական հսկողություն ձեր տեղամասային մանկաբույժի կողմից, իսկ Ձեր կարդացած տեղեկություններն արյան հեմոգլոբինի վերաբերյալ ոչ ճիշտ ինֆորմացիա է: Ճիշտ ինֆորմացիա ստանալու համար խորհրդակցեք մանկաբույժի հետ:
Անուն: Անի
Հարց: Հարգելի բժիշկ, տղաս 5 ամսական է և դեռ չի կարողանում ոտքերին ուժ տալ, կանգնել: Դա նորմա՞լ է: Նախապես շնորհակալություն
Պատասխան:Հարգարժան Անի, դա նորմալ է: Մի ստիպեք 5 ամսական երեխային կանգնել: 5-6 ամսականում երեխան նոր պետք է սկսի նստել: Իսկ կանգնել՝ քիչ ավելի ուշ:
Անուն: Մոնիկա
Հարց: Բարև, հարգելի բժիշկ, տղաս 9 ամսական է, քաշը` 11կգ, հասակը` 74սմ, գլխի շրջագիծը` 44.5սմ: Նորմա՞լ է դա: Ինձ ասել են, որ գլուխն ու քաշը նորմալ չեն: Նախապես շնորհակալություն:
Պատասխան:Հարգարժան Մոնիկա, Ձեր հարցին չենք կարող պատասխանել, քանի որ անհրաժեշտ է իմանալ երեխայի ծնված օրվա քաշը:
Անուն: Մագդա
Հարց: Հարգելի բժիշկ, ինչի՞ց կարող է 4 տարեկան երեխայի քթից արյուն գալ եւ ի՞նչ պետք է անել, երբ սկսում է արյունահոսությունը: Ճի՞շտ է, արդյոք, մոտեցումը, որ պետք է գլուխը բարձր պահել եւ քթարմատին սառը թրջոց դնել: Շնորհակալություն
Պատասխան:Հարգարժան Մագդա, երեխայի քթի արյունահոսությունը կարող է բազմաթիվ պատճառներ ունենա: Պետք չէ հանգիստ լինել: Անհրաժեշտ է դիմել մանկական ԼՕՌ /քիթ-կոկորդ-ականջաբան/ մասնագետի: Եվ ամենակարևորը` ինքնուրույն միջամտությունների չդիմել:
Անուն: Արծվիկ
Հարց: Բարև Ձեզ: Երբ աղջիկս 23 օրական էր, սոնոգրաֆիան ցույց տվեց, որ գլխուղեղի 3-րդ փորոքը 0,5սմ-ով մեծացած է, ասացին, որ ամեն ամիս պետք է գլխի շրջագիծը չափվի, հսկողության տակ պահվի: Անցավ 10 օր, նորից սոնոգրաֆիա արեցինք, բժիշկն ասաց, որ էխոն դա այլևս ցույց չի տվել: Հիմա կարիք կա՞, որ ես ամեն ամիս տանեմ ստուգման, եթե պատասխանն այդպես է եկել: Եվս մեկ հարց. այժմ աղջիկս 1,5 ամսական է. արժե՞ կտրել գիշերվա կաթից: Ի՞նչ ընդմիջումով պետք է կերակրել երեխային:
Պատասխան:Հարգարժան Արծվիկ, մինչև 6 ամսական ցանկալի է պարբերաբար կատարել նեյրոսոնոգրաֆիա և չափել գլխի շրջագիծը, իսկ երեխային կերակրեք՝ ըստ իր պահանջի: Ինչ վերաբերվում է գիշերային սննդի պարբերականությանը, ապա երեխան ինքը կսահմանի ժամանակի ընթացքում: