«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 27-րդ խմբաքանակին:
Անուն: Աննա
Հարց: Հարգելի բժիշկ, իմ փոքրիկը 2,6 տարեկան է: Մենք ապրում ենք 5 հոգուց բաղկացած ընտանիքում, և ես պատրաստվում եմ վերադառնալ աշխատանքի, բայց երեխան լալիս է ու չի մնում տան մյուս անդամների մոտ: Ինչպե՞ս վարվեմ:
Պատասխան: Անընդհատ պետք է խրախուսել երեխայի ինքնուրույն արված գործողությունները և քայլերը։ Հնարավորություններ ստեղծեք հասակակիցների հետ շփման համար։ Սկզբում փորձեք նրան ընդգրկել տարբեր խմբակներ կամ նրան գրավող որևէ միջավայր, որտեղ նա հնարավորինս ավելի երկար կմնա առանց ձեզ։ Փորձեք վերլուծել և հասկանալ` երեխայի մենակ մնալու վախը չի՞ առաջանում, արդյոք, նաև ձեր վախերից` մասնավորապես երեխայից առանձնանալու վախից։ Սկսեք աստիճանաբար և կարճ ժամանակով թողնել երեխային մենակ։ Դրա համար կարելի է տարբեր տիպի խաղեր խաղալ, անգամ տարրական պահմտոցին կարող է նպաստել, որ երեխան սովորի ձեզանից հեռու մնալուն։
Անուն: Աիդա
Հարց: Որդիս 1 ամսից կդառնա 2 տարեկան, բայց դեռ անգամ մամա ու տատա չի ասում: Չի կատարում իմ ոչ մի հանձնարարություն: Նորմա՞լ է, արդյոք: Շնորհակալություն:
Պատասխան: Նորմալ է, թե նորմալ չէ, կարելի է ասել միայն երեխային հետազոտելուց հետո։ Ամեն դեպքում իր տարիքի երեխաները կա՛մ սկսում են խոսել, կա՛մ խոսում են, կա՛մ եթե չեն խոսում, ապա հասկանում են իրենց ուղղված պարզ հրահանգները, արձագանքում են իրենց անվանը։ Եթե դուք նկատում եք, որ նա որևէ խոսքային հրահանգ չի ընկալում և չի կատարում, ապա լավ կլինի ստանալ մասնագիտական խորհրդատվություն (հոգեբան, լոգոպեդ սկզբի համար)։
Անուն: Լիա
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 2 տարեկան, 6 ամսական է: Բավականին աշխույժ, հետաքրքրասեր, բարի երեխա է: Օրվա ընթացքում նրա մոտ վախի զգացողություն չի լինում: Քնելուց առաջ ակտիվ խաղեր չենք խաղում: Քնելիս եթե սենյակում մնում է մենակ, սկսում է անընդհատ կանչել` ասելով, որ վախենում է, որ իր մոտ լինեմ: Մենակ մնում է, եթե ջուր է ցանկանում խմել կամ էլ գիշերանոթի կարիք է ունենում: Ինչպե՞ս կարող եմ փոքրիկիս հետ միասին հաղթահարել այդ վախը:
Պատասխան: Մենակ մնալուց, մթությունից և փակ տարածություններից վախն այդ տարիքին բնորոշ է։ Եթե նոր է սկսվել, կարող եք չանհանգստանալ։ Աշխատեք շատ ժամանակ մենակ չթողնել, խոսեք նրա հետ գնալիս և գալիս, ապահովեք նրա ապահովությունը և մի խթանեք վախը։ Եթե դա իսկապես տարիքային վախ է, ապա ժամանակի ընթացքում պիտի թուլանա ու անցնի։ Այդ վախերի եռյակը բնորոշ է 3-5 տարեկան երեխաներին։