«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Լիլիթ
Հարց. Փոքրիկս 3 տարեկան 9 ամսական է: Նա շատ աշխույժ և մարդամոտ է, սակայն շատ հաճախ ագրեսիվ վարք է դրսևորում ՝ ձեռքի տակ ընկածով հարվածում է մեծահասակներին: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվենք:
Պատախան. Հարգելի Լիլիթ, ուշադրություն դարձրեք, թե երեխան երբ է հարվածում և ագրեսիվ վարք դրսևորում: Հնարավոր է, որ այդ վարքով փորձում է ուշադրություն գրավել և ստիպել իր ուզածն անել: Նմանատիպ վարքով երեխաները փորձում են իրենց իշխանությունը հաստատել շրջապատի վրա: Փորձեք ցույց տալ նրան, թե ով է տան գլխավորը, անտեսեք վարքի այդ դրսևորումը և խրախուսեք ցանկալի վարքը:
Զոյա
Հարց. Աղջիկս 1 ամսից կդառնա 2 տարեկան, բայց միայն մամա, պապա, տատիկ, պապիկ բառերն է արտաբերում: Անհանգստանալ պե՞տք է արդյոք:
Պատասխան. Հարգելի Զոյա, ուշադրություն դարձրեք խոսքի զարգացման դինամիկային. եթե առաջընթաց չկա, պետք է անհանգստանալ: Սակայն եթե աստիճանաբար զարգացում կա խոսքի մեջ, անհանգստանալ դեռևս պետք չէ:
Արևիկ
Հարց. Ես 24 տարեկան եմ և շուրջ 3 տարի երազումս մի կնոջ եմ տեսնում: Ի՞նչ կարող է դա նշանակել:
Պատասխան. Հարգելի Արևիկ, երազների իմաստն ու նշանակությունը հասկանալու համար այս ինֆորմացիան բավարար չէ: Փորձեք այցելել հոգեբանի և նրա օգնությամբ հասկանալ երազի նշանակությունը, քանի որ կրկնվող երազներն արժանի են ուշադրության:
Սոնա
Հարց. Փոքրիկս 1 տարեկան 6 ամսական ժամանակ սկսել էր խոսել: Այժմ 3 տարեկան 5 ամսական է, և ընդհատվել է խոսքի զարգացումը: Մենք ապրում ենք Ֆրանսիայում, և նա մանկապարտեզ է հաճախում: Ամեն ինչ հասկացնում է ժեստերի միջոցով: Ի՞նչ կարող ենք անել:
Պատասխան. Հարգելի Սոնա, հարկավոր է դիմել մասնագետի հատկապես այս դեպքում, երբ երեխայի խոսքն ինչ- որ պահից ընդհատվել է: Հնարավոր է, որ պատճառը միջավայրի փոփոխությունը լինի, բայց պարզելու համար անհապաղ պետք է դիմել մասնագետի:
Լիլիթ
Հարց. Տղաս 2 տարեկան է և դեռ չի խոսում: «Լեզուն բացվելու» համար նրան տարել եմ մանկապարտեզ՝ առաջին անգամ կտրելով ինձանից: Թեև դայակն ասաց, որ փոքրիկս իրեն շատ լավ է զգացել, այնուամենայնիվ ինձ մեղավոր եմ զգում: Ճի՞շտ եմ վարվել արդյոք:
Պատասխան. Հարգելի Լիլիթ, մեղավորության զգացումը միշտ խանգարում է ճիշտ որոշումներ ընդունել: Հետևեք երեխայի հուզական աշխարհին, նրա արձագանքին: Այնուամենայնիվ, մանկապարտեզ տանելով՝ երեխային չեք կտրում ձեզանից, այլ ստեղծում եք կյանքում շփման և զարգանալու նոր հնարավորություններ: Անհանգստանալու կարիք չկա:



