Sidebar

«Փոքրիկս ծծում է մատները. ի՞նչն է պատճառը եւ ինչպե՞ս վերացնել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Հակոբ

Հարց. Հարգելի հոգեբան, ես ունեմ գիշերամիզություն: Ես 13 տարեկան եմ: Խնդրում եմ՝ օգնեք:

Պատասխան. Այդ խնդրի լուծումը չի կարող լինել պարզապես մեկ խորհրդով: Անհրաժեշտ է դիմել հոգեբանի և ստանալ խորքային խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում անցնել հոգեթերապիայի կուրս:

Գիշերամիզությունը նևրոտիկ բնույթի ախտանշան է, որի հաղթահարումը տեղի է ունենում հոգեթերապիայի միջոցով: Սակայն անհրաժեշտ է նախաես պարզել՝ արդյոք չկան ֆիզիոլոգիական պատճառներ, նոր միայն դիմել հոգեբանի:

 

Սոֆի
Հարց. Բարև Ձեզ: Ամեն անգամ ցանկանում էի գրել, բայց հետո ինչ-որ բան ինձ հետ էր պահում: Գուցե վախն է: Իմ աղջիկը 2 տարեկան, 5 ամսական է:  8 ամսականից նա տարօրինակ շարժում էր անում հետույքի հատվածով: Բժշկի դիմել եմ, շատ տարօրինակ բուժումներ են նշանակել. նույնիսկ մի անգամ հոգեմետ դեղ էին նշանակել,  բայց վախեցա ու չտվեցի: Հետո կարծում էի՝ տակդիրներից է: Բայց դե հիմա չի հագնում ու շարունակում է էլի անել, ու թվում է՝ ամբողջ մկանները ձգված են ու ինքը շատ նյարդային է: Մի խորհուրդ տվեք, ես շատ եմ անհանգստանում: Նախապես շատ շնորհակալություն:

Պատասխան. Հնարավոր է, որ դա մանկական օնանիզմ լինի: Դրանից բացարձակ վախենալ և կաշկանդվել պետք չէ: Դա շատ հաճախակի հանդիպող խնդիր է, իսկ որոշ դեպքերում անգամ խնդիր չէ: Սակայն, եթե դուք նկաում եք, որ երեխան նյարդային է ու լարված, ապա պետք է մանկական հոգեբանի հետ խորհրդակցել և հանգիստ քայլերով օգնել երեխային առավել խաղաղ ու ներդաշնակ լինե: Մի անհանգստացեք, պարզապես մասնագետի հետ խորհրդակցեք, և ես վստահ եմ՝ լուծումն ավելի հեշտ կլինի, քան դուք կարծում եք: Մանկական օնանիզմը նույն բարդության խնդիր է, ինչպիսին մատը ծծելը կամ եղունգները կրծելը: Դրանք միևնույն երևույթի՝ տագնապայնության ախտանշաններ են:


Սյուզի
Հարց. Բարև Ձեզ, հարգելի հոգեբան։ Ես 21 տարեկան եմ և մի քանի ամիս է առաջ ամուսնացել եմ։ Ամուսնուս հետ ծանոթացել եմ 3 տարի առաջ, և միանգամից ծնվել է մեր սերը։ Բայց ունեմ մի խնդիր․ ավարտական դասարանում առաջին անգամ զգացել եմ սիրո քաղցրությունը և խենթի պես սիրել եմ մի տղայի: Սյդ հարաբերությունները երկար չեն տևել, սակայն ես չեմ կարողանում մոռանալ նրա հետ անցկացրած ժամանակս։ Թեկուզ նա ևս ամուսնացած է և ունի բալիկ, բայց հիշողություններս չեն դադարում տանջել ինձ,անգամ երազում եմ հաճախ տեսնում։ Չեմ կարող ասել, թե ինչ-որ զգացմունքներ ունեմ։ Միայն գիտեմ, որ իմ ամուսնուն շատ եմ սիրում, և ոչինչ չի կարող բաժանել մեզ, բայց հիշողությունները տանջում են: Ի՞նչ անել:

Պատասխան. Հարգելի Սյուզի, գուցե դուք կարծում եք, որ ամուսնանալուց հետո մարդիկ այլևս որեւէ մեկի մասին հիշողություններ չպիտի ունենան, կամ երազներում չպիտի տեսնեն: Իրականում դա այդպես չէ: Ամուսնությունը տեղի է ունենում մեր կյանքի ինչ- որ փուլում, և մեր անցյալը կամ դրանից առաջ տեղի ունեցած երևույթները չեն դադարում ունենալ իրենց որոշակի կարևորությունը: Եթե ձեր ներսում պահպանվել են ջերմ զգացումներ անցած սիրո նկատմամբ, ապա դա միայն լավ է և նորմալ: Ավելի վատ կլիներ, եթե վատ հիշողություններ ու ցավեր լինեին: Սակայն, եթե դուք զգում եք, որ դրանք միայն հիշողություններ չեն, դրանք որոշակի զգացմունքներ են, ցանկություն է հանդիպելու, տեսնելու, նորից շփվելու, այդ դեպքում պետք է բավական լուրջ վերլուծել ձեր ներքին վերաբերմունքը այդ երկու մարդկանց նկատմամբ: Բացի այս, հնարավոր է, որ ինչ-որ ներքին պահանջմունքներ, որոնք բավարարվել են նախորդ հարաբերությունների մեջ, չեն բավարարվում ներկայում, և ակամայից գալիս են անցյալ հարաբերությունների մասին հիշողությունները: Այս դեպքում դուք ճիշտ եք, գուցե դուք այդ մարդուն չեք կարոտում կամ հիշում, այլ կոնկրետ մի պահանջմունք մնում է անբավարարված, և դրա պատճառով հիշվում են նախկին հարաբերությունները, որտեղ այդ պահանջմունքը բավարարվում էր: Պետք է այս դեպքում աշխատել ներկայի հարաբերությունների վրա և լրացնել այդ բացերը: Բայց այն ամենը, ինչ ասում եմ, շատ մակերեսային խորհուրդ է: Ավելի լավ կլիներ՝ մասնագետի հետ քննարկել այս ամենը իրական շփման մեջ, որպեսզի հստակ դուրս բերեք, թե ինչն է այդ հիշողությունների պատճառը:


Եղիսաբեթ
Հարց. Երեխաս 5 տարեկան է, 6 ամսականից ծծել է բթամատը, իսկ 3 տարեկանից սկսեց ծծել ցուցամատը` բթամատի փոխարեն. ավելի հարմար էր: Դիմածնոտային շրջանում նկատում եմ առաջխաղացում, ծռություն, ոչ մի կերպ չեմ կարողանում կտրել նրան այդ վատ սովորությունից: Վա՞ղ է, արդյոք, օրթոդոնտի դիմել: Եվ ի՞նչ միջոցներ ձեռնարկել՝ այդ վատ սովորությունից նրան հետ կանգնեցնելու համար: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան. Մատը ծծելը հիմնականում վատ սովորություն չէ, այլ տագնապայնության ախտանշան: Քնելու և խաղաղվելու համար երեխային անհրաժեշտ է լինում լրացուցիչ միջոց, այսինքն՝ նա պարզապես մյուս երեխաների նման չի կարողանում խաղաղվել և հանգստանալ: Ես խորհուրդ կտայի հանդիպել մանկական հոգեբանի հետ, ստանալ ծնողների խորհրդատվություն, ապա որոշել այդ սովորությունից ազատվելու ճանապարհներն ու հերթական քայլերը:


Անի

Հարց. Բարեւ ձեզ: Երեխաս 3,5 տարեկան է, մոտ 6 ամիս է՝ որեւէ մեծահասակի հետ չի խոսում, միայն իմ և իր հասակակիցների հետ է շատ լավ շփվում: Նույնիսկ պարտեզում, երբ դաստիարակները որևէ բան են հարցնում, նա միայն գլխով այո և ոչ է անում: Իր հայրիկի հետ նույնպես չի խոսում. ամուսինս 1,5 տարի գործի բերումով բացակայել է, մինչ այդ նորմալ խոսում էր: Նշեմ նաև, որ մենք ապրում ենք Ֆրանսիայում, և ընտանիքը բազմանդամ չէ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան. Հարգելի Անի, հնարավորության դեպքում պետք է մասնագետի հետ խոսել առերես  կամ գոնե սկայպի միջոցով: Ես կածում եմ, որ հնարավոր է երեխայի մոտ ընտրողական մուտիզմ է դրսևորվում: Դուք կարող եք այդ մասին կարդալ համացանցում, թե ինչ խնդիր է և ինչպես է դրսևորվում: Սա նևրոտիկ բնույթի խանգարում է: Երեխան կարող է խոսել, սակայն ընտրում է՝ որ դեպքում խոսի, իսկ որ դեպքում՝ ոչ: Խնդիրը բավականին լուրջ է և պահանջում է սովորաբար ընտանեկան թերապիա: Չնայած հանդիսանում է առավել քիչ ուսումնասիրված խնդիրներից մեկը, այնուամենայնիվ լուծումներ կան և կարելի է դրանք կիրառել: Պետք է մեկ անգամ առավել մանրամասն խոսել մասնագետի հետ: Իմ ենթադրությունը պարզապես ենթադրություն է Ձեր հարցի հիման վրա: Այնուամենայնիվ, ապահովության համար պետք է մասնագետի հետ խոսել և ստանալ հստակ կարծիք:


Տաթեւ
Հարց. Բարև ձեզ: Աղջիկս 3.3 տարեկան է, իրավիճակը դուրս է եկել իմ վերահսկողությունից, նա դարձել է շատ ագրեսիվ, ոչ մի հարցում չի ենթարկվում, տան անդամների հետ չի կարողանում հանգիստ շփվել, բղավում է, թույլ չի տալիս իրեն դիպչեն, իսկ երբ գալիս է քնելու ժամը, մոտ 40 րոպե անդադար լաց է լինում, ոչ մի կերպ չեմ կարողանում հանգստացնել: Խնդրում եմ, ասեք՝ ինչ կարող եմ անել:

Պատասխան. Հարգելի Տաթև, երբ իրավիճակը հասնում է այս աստիճանին, նշանակում է, որ նախկինում կիրառած ձեր դաստիարակչական միջոցները, ձևերը կամ արդյունավետ չեն եղել, կամ անգամ ճիշտ չեն եղել: Պետք է դիմել մանկական հոգեբանի խորհրդատվոթւյանը և նրա հետ միասին հասկանալ խնդիրը: Բայց մի բան հստակ պիտի իմանաք՝ եթե երեխան դառնում է նյարդային և անկառավարելի, խանգարվում է նրա քունը և առօրյան, ապա դա միայն երեխայի դիսկոմֆորտի և բացասական հոգեկան ապրումների հետևանքով է լինում: Փորձեք պատիժների և խիստ մեթոդների փոխարեն հասկանալ ու լսել երեխայի պահանջմունքները, տեսնել՝ ինչն է ամենավատ ազդեցությունն ունենում նրա վարքի վրա: Ուղղակի փորձեք երեխային դաստիարակելու փոխարեն հետևել և ուսումնասիրել նրան, նորից սկսեք ճանաչել Ձեր երեխային և արդյունքում գուցե դուք ավելի հեշտ գտնեք պատճառը:


Անանուն

Հարց. Ես ունեմ հոգեբանի օգնության կարիք: Գրում եմ մեծ ակնկալիքներով: Ամուսնացած եմ 3 տարի: Մինչ ամուսնանալը 4 տարուց ավելի ընկերություն ենք արել, հիմա ունենք հրաշք աղջիկ:  Իմ խնդիրն այն է, որ ամուսինս ինձ դավաճանում է, արդեն 3-րդ անգամ բացահայտում եմ: Էլ ուժ չունեմ, ամուսնուս էլ շատ եմ սիրում՝ բաժանվելու մասին մտածելու համար: Ի՞նչ անեմ:

Պատասխան. Հարգելի ընթերցող, ցավում եմ շատ Ձեր տխուր բացահայտման համար: Բայց ստիպված պիտի լինեմ ես ինքս հարցնել Ձեզ՝ արդյո՞ք կարծում եք, որ կայքը կամ մասնագետը, կամ որևէ մեկը կարող է նման լուրջ հարցերում Ձեր փոխարեն որոշում կայացնել: Դա բավական լուրջ խնդիր է, և չեմ կարծում, որ լուծումը այդ երկուսից մեկն է՝ կամ բաժանվել, կամ համակերպվել: Ոչ, իհարկե, լուծումները կարող են շատ տարբեր լինել, և դրանցից յուրաքանչյուրը դուք պիտի ընտրեք: Սա շատ խորքային և բազմաշերտ հարց է: Ամուսնական զույգերի դավաճանությունը կարող է շատ տարբեր պատճառներ ունենալ՝ հարաբերություններում խնդիրներ, անհամաձայնություններ, սեքսուալ հարաբերություններում խնդիրներ և այլն: Ցանկացած լուծում կամ քայլ որ դուք ձեռք առնեք, կբխի նրանից, թե որն է դավաճանության պատճառը  և ինչպես եք դուք վերաբերում այդ երևույթին: