Sidebar

«Ի՞նչ անել, որ փոքրիկը քնի ոչ թե մամայի գրկին օրորվելով, այլ անկողնում». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

 «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

 

Անուն: Անի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի հոգեբան: Տղաս 10 տարեկան է, վախենում է փակ տարածությունից, չի ցանկանում շփվել իր տարիքի երեխաների հետ. եթե նրան ստիպելով չհանեմ, կմնա տանն ու ամբողջ օրը հեռուստացույց կնայի: Ասեմ, որ ժամով եմ թողնում համակարգչի մոտ: Խնդրում եմ, ասեք` ինչ անեմ, որ չխուսափի շփվել իր տարիքի երեխաների հետ:

 

Պատասխան։ Հարգելի մայրիկ, նման իրավիճակները հենց մասնագետներին դիմելու իրավիճակներ են: Սովորաբար շատ դժվար է այսպես հեռվից հասկանալ, թե ինչն է երեխայի խնդիրների պատճառը: Փաստորեն երեխան ունի վախեր, շփման դժվարություններ և այլն: Դրանք մասնագետին դիմելու իրական պատճառներ են: Բայց մասնագետին դիմել չի նշանակում միայն մի քանի բառով նկարագրել իրավիճակը: Մասնագետը պետք է մանրամասն ուսումնասիրի իրավիճակը, երեխային տեսնի, զրույց ունենա և՛ ձեզ, և՛ երեխայի հետ, նոր առաջարկի աշխատանքի կամ ձեր վարքի ու մոտեցումների ձևեր: Մինչև պարզ չդառնա խնդրի պատճառը, լուծումներ առաջարկելը անհնար կլինի:


Անուն: Հասմիկ
Հարց: Բարև Ձեզ, տղաս 3 տարեկան 4 ամսական է, շատ ակտիվ և հուզառատ երեխա է։ Երբեմն նյարդային է դառնում, երբ ինչ-որ բան իր մոտ չի ստացվում, երբ ես կամ հայրիկը արգելում ենք նրան ինչ-որ բան անել։ Վերջերս՝ մոտ 10 օր, երեխայիս մոտ նկատվում է խոսքի դժվար արտասանություն (կակազություն), մեկ նախադասություն կարող է հստակ ասել, իսկ հաջորդն արդեն կակազելով է սկսում։ Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս վարվենք և արդյո՞ք պետք է անհապաղ դիմել լոգոպետի։ Նախապես շնորհակալություն:

Պատասխան։ Ես կառաջարկեի անհապաղ դիմել և լոգոպեդի, և հոգեբանի, քանի որ կակազությունը բարդ խոսքի խանգարում է, որը ունենում է ոչ հազվադեպ նաև հոգեբանական պատճառներ՝ այսպես կոչված նևրոտիկ կակազություն: Կակազությունը բավական դժվար շտկվող խնդիր է, հատկապես երբ ուշ են դիմում մասնագետին: Այդ պատճառով անհապաղ դիմեք այս երկու մասնագետին: Հոգեբանական խնդիրներն արդեն ակնհայտ են ձեր նամակում: Ձեզ հաջողություններ:  


Անուն: Հաս
Հարց: Բարև Ձեզ: Երկվորյակներս 2 տարեկան 5 ամսական են, բայց մինչև հիմա շատ մեծ խնդիր ունենք քնելու հետ կապված։ Աղջիկներս չեն ուզում քնել իրենց օրորոցներում, քնում են իմ կամ սկեսուրիս թևերի կամ ոտքերի վրա օրորվելով, որից հետո նոր դնում ենք օրորոցը։ Գիշերն ամեն մեկն արթնանում է ամենաքիչը 3 անգամ ու իրենց լացով ստիպում են նույնը շարունակել։ Առաջ ասում էին, որ կաթի համար են արթնանում, բայց արդեն մեկ տարի է՝ կտրել եմ կրծքից և 4 ամիս է շշով կաթ չեմ տալիս։ Այս վիճակն արդեն հոգնեցրել է բոլորիս։ Գիտեմ, որ սխալը մերն է։ «Վախեցել» ենք երեխաներին լացեցնել և ամեն մի լացից գրկել ենք (հաճախ դա արել ենք, որ իրար չխանգարեն)։ Երբ ես մեկին կերակրել եմ կրծքով, մյուսը սկեսուրիս գիրկն է եղել։ Կարծում եմ, որ եթե մի քանի անգամ ուշադրություն չդարձնենք նրանց լացին ու կապրիզին, այդ ամենը կփոխվի, բայց այդ դեպքում պրոբլեմներ կլինեն սկեսրայրիս հետ... Ինչպե՞ս վարվել։

Պատասխան։ Հարգելի մայրիկ, դուք ինքներդ իսկապես ճիշտ վերլուծում եք իրավիճակը: Համաձայն եմ, ինչպես երեխային սովորեցնենք, այնպես էլ նա կքնի: Հիմա պետք է աստիճանաբար սովորեցնել այլ կերպ քնելուն: Ձեռքի վրա քնեցրեք, բայց շատ թեթև օրորելով, ապա աստիճանաբար դադարեցրեք օրորելը, կամաց-կամաց էլ սկսեք ուղղակի կողքին պառկելով և այդպես շարունակ, մինչև կսովորեն լրիվ առանձին քնել իրենց մահճակալի մեջ: Այն, ինչն անում եք փոքր տարիքում, հիմա ստիպված եք անել այս տարիքում: Եթե չեք կարողանա ստիճանաբար անել, ապա, այո՛, մի քանի անգամ կամակորություններին ուշադրություն չդարձնելով՝ աստիճանաբար կդադարեն պահանջել այն, ինչը գիտեն, որ չեք տա: Բայց դա ավելի սթրեսային ճանապարհ կլինի: Դուք պիտի որոշեք, թե որն է ձեզ համար հնարավոր տարբերակը: Ուղղակի ամեն փոքրիկ քայլն արեք ատիճանաբար, ոչ անմիջապես:


Անուն: Արփինե
Հարց: Բարև Ձեզ, տղաս 2 տարեկան 5 ամսական է: Վախից նրա մոտ առաջացել է լեզվի կակազում, ի՞նչ խորհուրդ կտաք, որ կարգավորվի երեխայի խոսելաձևը: Նախապես շնորհակալություն:

Պատասխան։ Անհապաղ դիմեք հոգեբանի և լոգոպեդի: Չի կարելի թողնել կակազությունն առանց շտկման:


Անուն: Լիանա
Հարց: Բարև Ձեզ, տղայիս 2 տարին նոր է լրացել: Արդեն մեկ ամիս է՝ կոտրում է ամեն ինչ, խաղալիքները, ուտելիքները փշուրների է վերածում: Ոչ հանգիստ բացատրելով է հասկանում, ոչ էլ զայրանալով: Ինչպե՞ս վարվեմ: Շնորհակալ եմ:

Պատասխան։ Զայրանալն այստեղ չի օգնի: Եթե երեխան «վատ» վարք է դրսևորում, դա միայն ու միայն նրա անապահովության զգացումից, նրա կոմֆորտի պակասից կամ որևէ պահանջմունքի անբավարարված լինելուց է: Պետք է փորձել հասկանալ և կռահել, թե երեխան ինչի կարիք ունի: Զայրանալն ամենաանօգուտ մոտեցումն է այստեղ: Հատկապես այդ տարիքի երեխաների վրա զայրանալը միայն նրանց սթրեսն է ավելացնում և նորից ստիպում ավելի վատ վարք դրսևորել:


Անուն: Նելլի
Հարց: Խնդրում եմ, օգնեք, հետծննդյան դեպրեսիա է մոտս, կարծես իրականությունը չեմ զգում ու ընդունում, ամեն ինչում մեղադրում եմ նոր ծնված բալիկիս ու փոշմանում, որ ունեցել եմ նրան: Խնդրում եմ, խորհուրդ տվեք` հետ գամ իրականություն:

Պատասխան։ Հետծննդյան դեպրեսիան շատ հաճախ հանդիպող հոգեբանական խնդիր է մայրիկների շրջանում: Բայց այս խնդիրն առցանց լուծման ենթակա խնդիր չէ: Կամ դիմեք մասնագետի օգնությանը, կամ խորհրդատվություն վերցրեք այն մասնագետից, ով  աշխատում է նաեւ առցանց, եթե տանից դուրս գալն այս փուլում դժվար է: Բայց այդպես թողնել խնդիրը չի կարելի: Պարզապես մեկ հարցով ու պատասխանով լուծելն էլ անհնարին է: