Հասուն կնոջ դաշտանային ցիկլը կախված է հորմոնների որոշակի կայուն մակարդակից, որոնք արտազատվում են փուլերով:
Յուրաքանչյուր ամիս օրգանիզմը պատրաստվում է հղիության: Երբ բեղմնավորում տեղի չի ունենում, օրգանիզմը հին էնդոմետրիումը փոխարինում է նորով: Էնդոմետրիումի անջատումն էլ հենց դաշտանային ցիկլն է: Նորմայում դաշտանային ցիկլի տևողությունը 28-29 օր է, սակայն հնարավոր են տատանումներ՝ 22-32 օր: Լինում են դեպքեր, երբ դաշտանն ուշանում է:
«Իմ փոքրիկ»-ի ընթերցողներից մեկը հարց էր ուղղել գինեկոլոգին՝ նշելով.
«Ես 18 տարեկան եմ: Վերջին 3 ամիսների ընթացքում ինձ մոտ խախտվել է դաշտանային ցիկլը: Ցավեր չունեմ, սակայն դրա փոխարեն պարբերաբար տհաճ, սև արտադրություն է լինում: Ի՞նչն է խնդիրը:
Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:
- Դաշտանային ցիկլի օրերի խախտումներ կարող են լինել տարբեր պատճառներով:
Դաշտանի տևողության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ կլիմայական փոփոխությունների, սխալ սննդակարգի, սթրեսի, Ֆիզիկական գերբեռնվածության, վերջերս տարած ինֆեկցիոն կամ բորբոքային հիվանդությունների, սեռական օրգանների ախտահարման կամ հորմոնալ խախտման պարագայում:
Նշված սև արտադրության պատճառ նույնպես կարող են հանդիսանալ բորբոքային պրոցեսները: Ավելի ստույգ պարզելու համար պետք է դիմել գինեկոլոգի: Լիարժեք հավաքված անամնեզի, փոքր կոնքի խոռոչի սոնոգրաֆիայի, անհրաժետության դեպքում հավելյալ ևս մի քանի հետազոտությունների դեպքում միայն կարող է պարզվել պատճառը և նշանակել համապատասխան բուժում:



