«Իմ փոքրիկ»-ի ընթերցողներից մեկը հարց էր ուղղել գինեկոլոգին՝ նշելով.
«Հարգելի մասնագետ, խնդրում եմ` պատասխանեք. hղիությունից առաջացած բծերն անցնու՞մ են: Եթե այո, ինչպե՞ս»:
Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:
-Բարև Ձեզ: Ինչպե՞ս են առաջանում բծերը. դրանք ձեւավորվում են մաշկի շերտերի քայքայման պատճառով: Ունեն տարբեր երանգավորում՝ գինու երանգ (թարմ բծեր) կամ գունատ (հին) տեսակներ: Հղիությունից եւ ծննդաբերությունից հետո դրանք կարող են հայտնվել ոչ միայն որովայնի վրա, այլ նաեւ կոնքերի, նստատեղի եւ կրծքերի հատվածում: Մաշկի արագ գերձգումը հանգեցնում է առաձգականության պակասի, և մաշկի խորը շերտում պատռվածքներ են առաջանում: Դրա պատճառով էլ բծեր են առաջանում: Բծերից խուսափելու նպատակով պետք է հղիության վաղ շրջանից օգտագործել քսուքներ, խոնավացնել մաշկը, օգտագործել ճիշտ սնունդ և թույլատրելի սահմաններում զբաղվել սպորտով: Եթե բծերն արդեն առաջացել են, ապա նույն քսուքների միջոցով կարելի է դրանք պակասեցնել՝ դարձնելով քիչ տեսանելի: Սակայն լիարժեք հեռացման համար անhրաժեշտ է դիմել կոսմետոլոգին. գոյություն ունեն ապարատային մեթոդներ, որոնց ավելի ճիշտ ընտրությունը խորհուրդ կտա կոսմետոլոգը:



