Սեռական կյանքում առավել հաճախ հանդիպող խնդիրների մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ։
Ինչո՞վ է պայմանավորված կնոջ հղիության ընթացքում ամուսնու սեռական ցանկության բացակայությունը։
Կնոջ հղիության ընթացքում ամուսնու մոտ հաճախ արձանագրվում է սեռական ցանկության նվազում, երբեմն նույնիսկ բացակայություն, ինչը որոշակի խնդիրներ է հարուցում զույգի մոտ: Դա հիմնականում բացատրվում է ամուսնու տագնապայնությամբ, պտղին կամ հղի կնոջը չվնասելու սևեռուն, պաթոլոգիկ մտքի ձևավորմամբ: Դա հետագայում կարող է տղամարդու մոտ սեռական ֆունկցիայի ապամարզվածության ֆենոմենի պատճառ հանդիսանալ, ինչը անցանկալի է սեքսոլոգիական տեսանկյունից, քանի որ գումարվում են նաև այլ սեռական խանգարումներ: Ուստի արձանագրված սեքսոլոգիական խնդիրների ժամանակին կարգավորումը խիստ ցանկալի է՝ խուսափելու այլ պաթոլոգիկ պրոցեսներից:
Հնարավո՞ր է՝ կինը հղիանա, եթե առնանդամի հպում և ոչ թե ներհրում է տեղի ունեցել։
Այո՛, տեսականորեն հնարավոր է, քանի որ սեռական գրգռման ժամանակ տղամարդու մոտ նույնիսկ մինչև սերմնաժայթքումը պասիվ հոսքով կարող են սերմնաբջիջներ դուրս գալ և բեղմնավորման պատճառ դառնալ:
Ինչու՞ է առաջանում վաղաժամ սերմնաժայթքում և ինչպե՞ս է հնարավոր շտկել խնդիրը։
Վաղաժամ սերմնաժայթքումը ամենահաճախ հանդիպող սեքսոլոգիական խնդիրներից է. մասնագետները գտնում են, որ այն պայմանավորված է սերմնաժայթքման գլխուղեղային և ողնուղեղային կենտրոնների ոչ համաձայնեցված /չկոորդինացված/ աշխատանքով. տղամարդը չի կարողանում կառավարել սերմնաժայթքման տևողությունը, և այն տեղի է ունենում մինչև զույգերի հոգեսեռական բավարարվածություն ստանալը: Խնդիրը շտկելու համար ուսումնասիրվում է վաղաժամ սերմնաժայթքման առաջացման պատճառագիտությունը, և իրականացվում է կոմպլեքսային բուժում: Բուժումը ունի բարձր արդյունավետություն:
Ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվել պահպանակ գնելիս և ինչպե՞ս պետք է գրագետ օգտագործել այն։
Խորհուրդ է տրվում օգտագործել պահպանակներ, որոնք լատեքսային հիմքով են, պահպանվել են ճիշտ ջերմաստիճանային և խոնավության ռեժիմում /չեն գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ և խոնավ միջավայրում/, համապատասխանում են առնանդամի չափսին, եթե առկա է ալերգիկ ռեակցիա, ապա չպետք է պարունակեն հոտավետ կամ այլ հավելանյութեր: Պետք է օգտագործելուց առաջ սերմի ռեզերվուարի համար նախատեսված մասից դուրս մղել օդը՝ խուսափելու համար շարժումների ժամանակ պահպանակի պատռումից:
Ինչպե՞ս է հնարավոր «արթուն» պահել սեռական կյանքը երկարատև համատեղ կյանքում։
Զույգերի երկարատև համատեղ կյանքի ընթացքում երբեմն առաջ են գալիս, այսպես կոչված, կրիզիսային փուլեր, որոնք որոշակի միջանձնային խնդիրների և երբեմն կոնֆլիկտների պատճառ կարող են հանդիսանալ: Տղամարդու և կնոջ սեռական ֆունկցիայի ակտիվությունը մշտապես նույն մակարդակի վրա չի մնում, այլ ունենում է ֆիզիոլոգիական /նորմայում արձանագրվող/ սինուսոիդալ տատանումներ՝ բարձրացումներ և իջեցումներ, ինչը երբեմն հիասթափությունների, լարվածության, միմյանց ուղղված սուբյեկտիվ մեղադրանքների պատճառ կարող է հանդիսանալ: Արձանագրվում են նաև պաթոլոգիական սեքսոլոգիական վիճակներ, որոնք, ամենակարևորը, ժամանակին պետք է կարգավորել, չքողարկել՝խ համար հետագա բարդություններից:
Արդյո՞ք կինը պետք է նախաձեռնող լինի անկողնում։ Ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, որոնց սեռական կյանքի ակտիվությունն ու ձևաչափը կախված է բացառապես տղամարդուց։
Սեռական ֆունկցիան զույգային ֆունկցիա է, ուստի անհրաժեշտ է թե՛ տղամարդու և թե՛ կնոջ հավասար մասնակցությունն ու նախաձեռնողականությունը։ Վաղ ժամանակներում գոյություն ունեցող պատկերացումը, թե կնոջ սեքսուալությունը տղամարդու սեքսուալության հայելային արտացոլումն է, փոխվել է, ուստի կարևորվում է զույգային համատեղ նախաձեռնողականությունը և քննարկումները՝ սեռական կյանքի և այլ հարցերի շուրջ:
Հեղինակ` Լուսինե Պապյան



