2016 թվականի հունվարի 1-ից պարզեցվել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի կամ խնամքի նպաստի նշանակման կարգը:
Այս թեմայով «Իմ փոքրիկ»-ի հարցերին պատասխանում է ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը:
Ովքե՞ր ունեն երեխայի խնամքի նպաստի իրավունք:
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
Ի՞նչ ժամկետներում է նշանակվում նպաստը:
Ներկայացված փաստաթղթերի և առկա տեղեկատվության հիման վրա, տարածքային բաժին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է՝
1) նշանակել (հաջորդող ամիսը վճարել խնամքի նպաստը):
2) մերժել խնամքի նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել դիմողին:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ խնամքի նպաստի դիմելու համար, ո՞վ կարող է դիմել և որտե՞ղ:
Շահառուի անձը հաստատող փաստաթղթեր` անձնագիր, ՀԾՀ կամ նույնականացման քարտ և նորածնի ծննդյան վկայականն ու հանրային ծառայությունների համարանիշը: Երրորդ անձի դիմելու դեպքում, վերը նշված փաստաթղթերից բացի, դիմողի անձը հաստատտող փաստաթղթերը` անձնագիր, ՀԾՀ կամ նույնականացման քարտ:
Ո՞ր ժամանակահատվածի համար է նշանակվում խմանքի նպաստը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում՝ արձակուրդի նշանակման հաջորդող ամսվանից մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
Կարո՞ղ են, արդյոք, նպաստը ստանալ նաև անկանխին:
Նպաստը վճարվում է թե կանխիկ, թե անկանխիկ եղանակով՝ շահառուի ցանկությանը համապատասխան:
Վճարման ծառայություններ մատուցող ընկերությունների ցանկին կարող եք ծանոթանալ www.ssss.am կայքի «նպաստների վճարման ծառայություններ» բաժնից:
Եթե երեխան բնակվում է, օրինակ, Երևանում, բայց գրանցված է այլ տեղ, նման դեպքերում ի՞նչ պետք է անել, որտե՞ղ հաշվառել:
Նպաստի նշանակման համար, միայն անհարաժեշտ է, որ շահառուն դիմի իր բնակության պետական ռեգիստրում հաշվառված հասցեն սպասարկող ՍԱՊԾ տարածքային բաժին:
Ու՞մ դիմել խնդիրների, բողոքների դեպքում:
Խնդիրների, դիմում-բողոքների, առաջարկությունների համար դիմել սոցիալական թեժ գիծ 114: Երևանի քաղաքային և բոլոր բջջայիններից զանգն անվճար է:



