Sidebar

«Երեխաս նյարդայնանալիս ձգվում է, ինչի՞ց է դա». «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանում է մանկաբույժը

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Աննա Մխիթարյանը։

Անուն` Ռոզա

Հարց` Բարև Ձեզ, բալիկս 2 ամսական է: Հիվանդանոցում ասում են, որ երեխայի գլխի կարանները դեռ փակված չեն։ Ի՞նչ է դա նշանակում, և արդյո՞ք անհանգստանալու կարիք կա:

Պատասխան՝ Գանգի կարանները երեխայի ծննդից հետո ամբողջովին սերտաճած չեն լինում, որպեսզի գլխուղեղը կարողանա աճել և մեծանալ չափսերով։ Անհանգստանալու կարիք չկա, դրանք կփակվեն ինքնուրույն ժամանակի ընթացքում։ 

 

Անուն` Աննա

Հարց` Բարև Ձեզ: Փոքրիկս 4 ամսական է, բայց դեռ 2 ամսականից նկատել էի, որ երբ ուտել է ուզում կամ նեղվում ինչ-որ բանից, մի տեսակ ձգվում է, ձեռքերը վերև պարզած թողնում, միմիկաները քարանում են վարկյանի չափով և կարծես կարմրում է, կապտում: Շատ եմ անհանգստանում: Ի՞նչ անեմ:

Պատասխան՝ Հարկավոր է զննվել մանկական նյարդաբանի կողմից՝ պաթոլոգիան բացառելու նպատակով։

  

Անուն` Անի

Հարց` Հարգելի՛ բժիշկ, աղջիկս 1 տարեկան 6 ամսական է և նորմալ չի ուտում: Ինչ տալիս եմ, չի ուտում: Գիշերը կրծքի կաթ է ընդունում: Ի՞նչ խորուրդ կտաք: Ի՞նչ անեմ ախորժակը լավացնելու համար:

Պատասխան՝ Նախքան ասելը, որ երեխան չի ուտում տվյալ սննդատեսակը, հարկավոր է այն առաջարկել առնվազն 10 անգամ։ Մատուցեք ուտելիքը գեղեցիկ ձևավորմամբ` պատրաստելով հետաքրքիր կերպարներ կենդանիների տեսքով։

  

Անուն` Մոնիկա

Հարց` 5 ամսական երեխային կարելի՞ է հստակ ռեժիմի սովորեցնել:

Պատասխան՝ Եթե նկատի ունեք քնի ռեժիմը, ապա այո։ Սկսած 4 ամսականից՝ կարելի է երեխային սովորեցնել որոշակի ռեժիմի, իհարկե յուրաքանչյուր երեխայի համար դա խիստ անհատական է և կարող է ձևավորվել տարբեր տարիքներում։ Հարկավոր է ներմուծել քնի ծես ու սահմանել ժամային գրաֆիկ հստակ քնի և արթուն ժամերի հաջորդականությամբ։