«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Աննա Մխիթարյանը։
Անուն` Սուսաննա
Հարց` Բարև Ձեզ: Հարգելի՛ բժիշկ, մեկ տարեկան երեխայի մոտ առկա է պորտի ճողվածք (գրիժա): Կարելի՞ է գոտիներ օգտագործել: Առհասարակ, ի՞նչը կօգնի:
Պատասխան՝ Պորտային ճողվածքները բավական հաճախ են հանդիպում փոքրիկների մոտ։ Հիմնականում ինքնուրույն վերանում են մինչև 3-4 տարեկանը, այլապես պետք է դիմել մանկական վիրաբույժին՝ վիրահատական եղանակով ուղղելու նպատակով։ Խորհուրդ չի տրվում կապել գոտիներ։
Անուն` Փառանձեմ
Հարց` Բարև Ձեզ: Կասե՞ք, թե ինչպես կարելի է կտրել երեխային կրծքից: Տղաս 1 տարեկան 1 ամսական է ու սկսել է կծել: Նշեմ, որ ատամ է հանում, ու կարծում եմ` կծելը հենց դրա հետ է կապված: Փորձել եմ խանութից գնված կաթ տալ, սակայն չի ուտում ընդհանրապես: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան՝ Ցանկալի է կերակրումներն անցկացնել մութ սենյակում, որպեսզի երեխան ֆիքսվի ուտելու պրոցեսի վրա և չշեղի ուշադրությունը խաղով ու կծի կուրծքը։ Փորձեք շարունակել կրծքով կերակրել մինչև 2 տարեկանը։ Կրծքի կաթից կտրելը հարկավոր է սկսել աստիճանաբար՝ սկզբում հանելով գիշերային կերակրումները՝ երեխայի առողջ ու հանգիստ ժամանակաշրջանում։ Կովի կաթի փոխարեն պետք է կաթնախառնուրդ տալ։
Անուն` Արմինե
Հարց` Տղաս երեք տարեկան է, բայց չի խոսում: Մանկապարտեզ ուղարկել ենք, սակայն ոչ մի չի օգուտ։ Ասեմ, որ երկու տարեկանում տաք կաթով վառել է լեզուն։ Դա կարո՞ղ է չխոսելու պատճառ լինել: Ու՞մ դիմել:
Պատասխան՝ Երեք տարեկանում երեխաներն արդեն կազմում են մի քանի բառից բաղկացած պարզ նախադասություններ, իսկ լեզվի վառելը որևէ կապ չունի չխոսելու հետ (եթե բացակայում են ակնհայտ վնասվածքները)։ Հարկավոր է դիմել լոգոպեդի և մանկական հոգեբանի։
Անուն` Մարիամ
Հարց` Հարգելի՛ բժիշկ, տղաս 2 տարեկան 3 ամսական է: Առաջ ցերեկվա ընթացքում հասկացնում էր, որ ուզում է միզել։ Հիմա և՛ գիշերը, և՛ ցերեկը թրջում է տակը: Չեմ հասկանում պատճառը: Ինչպե՞ս վարվել:
Պատասխան՝ Գիշերանոթի վարժանքներին երեխաները լիարժեք սովորում են մինչև 2-3 տարեկան հասակը։ Սովորելու ընթացքում կարող են դիտվել նման ռեգրեսի շրջաններ` կապված որևէ նոր իրադարձության, անձի ու խաղալիքի հայտնվելու հետ կամ երբ երեխան հայտնվում է սթրեսային իրավիճակում։ Հարկավոր է մնալ հանգիստ, չբարկանալ, չպատժել երեխային և ամեն ինչ սկսել սկզբից, բացատրել։ Եթե ի հայտ են գալիս այլ ախտանշաններ (սուր հոտ մեզից, ցավ միզարձակության ժամանակ, փորկապություն), դիմե՛ք ձեր մանկաբույժին։



