«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Անուն: Սոֆյա
Հարց: Բարև Ձեզ, իմ տղան 4 տարեկան է: Անընդհատ սեռական օրգանների հետ է խաղում: Հենց այդ պահին նայում եմ, շատ է լարվում: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան: Հնարավոր է, որ դա մանկական օնանիզմ է: Եթե հաճախականությունն այնքան է, որ ասում եք անընդհատ, ապա պետք է դիմել մանկական հոգեբանի: Եթե դրա հնարավորությունը չկա, փորձեք թուլացնել երեխայի կյանքում առկա լարվածությունը: Փոքր-ինչ թուլացրեք պահանջներն ու արգելքները:
Երբեք մի զայրացեք և առավել ևս մի պատժեք դրա համար: Փորձեք կամ շեղել, կամ անտեսել այդ վարքը:
Սովորաբար մանկական օնանիզմն առաջանում է երեխայի լարվածությունը թուլացնելու, տագնապը հաղթահարելու միջոց: Տագնապի նվազման հետ մեկտեղ դադարում են նաև այդ երևույթները:
Անուն: Նարեկ
Հարց: Բարև Ձեզ: Ես 29 տարեկան եմ, ունենում եմ գիշերամիզություն, բայց հազվադեպ ու հիմնականում երազ տեսնելու պահին: Երազում տեսնում եմ, որ միզում եմ ու այդ պահին կամ հասցնում եմ արթնանալ կամ ոչ: Խնդրում եմ, օգնեք Ձեր խորհրդով:
Պատասխան: Այդ տարիքում գիշերամիզության երևույթն ավելի հազվադեպ է հանդիպում: Կարծում եմ՝ կարելի է խորհրդակցել նաև բժշկի հետ, ապա նոր հոգեբանի: Չեմ կարծում, որ միայն խորհուրդն այստեղ բավարար լինի: Խնդիրը բավական լուրջ հետևանքներ է ունենում սոցիալական հարմարման և այլ ոլորտներում, այնպես որ պետք չէ անտեսել այն:
Անուն: Սոֆի
Հարց: Բարև Ձեզ: Տղաս 1.4 տարեկան է: Գիշերները 1-2 ժամը մեկ արթնանում է բարձր լացով: Մի կերպ եմ կարողանում հանգստացնել ու քնեցնել: Ինչը՞ կարող է պատճառ հանդիսանալ:
Պատասխան: Երբեմն երեխայի նման անհանգստության պատճառը լինում են ծնողների տագնապները կամ այլ ընտանեկան խնդիրներ: Ավելի լավ կլինի ընտանեկան խորհրդատվություն ստանալ հոգեբանի մոտ: Իսկ եթե դրա հնարավորությունը չկա, ստանալ մանկաբույժի խորհրդատվություն:
Անուն: Սոնա
Հարց: Բարև Ձեզ: Երեխաս 11 տարեկան է. երբ բարձր ձայն է լսում, վախենում է: Ի՞նչ անեմ, որ վախերն անցնեն: Խնդրում եմ, օգնեք:
Պատասխան: Վախերը հոգեբանության մեջ ամենահեշտ հաղթահարվող խնդիրներից են: Կարող եք տարբեր խաղեր կազմակերպել բարձր ձայնի հետ կապված: Շատ լավ ազդեցություն է ունենում երաժշտական գոծիքներով տարբեր խաղերը, աղմկոտ և աշխույժ զբաղմունքները: Կան ակտիվ խաղեր խցաններով, դրանք շաղ տալով, օդ թռցնելով:
Անուն: Լիանա Մելքոմյան
Հարց: Բարև Ձեզ: Աղջիկս 8 տարեկան է, ունի գիշերամիզություն: Խնդրում եմ, խորհուրդ տվեք:
Պատասխան: Գիշերամիզությունը հանդիսանում է նևրոտիկ բնույթի ախտանշան: Նման դեպքերում պետք է դիմել նախ բժշկի, ապա հոգեբանի: Եթե պարզվի, որ օրգանական կամ ֆունկցիոնալ որևէ շեղում չկա, ապա ամենայն հավանականությամբ խնդիրը հոգեբանական պատճառներ ունի: Դիմեք մանկական հոգեբանի:



