Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը:
Անուն: Նարինե
Հարց: Հարգելի բժիշկ, իմ փոքրիկը շուտով կդառնա 9 ամսական: Ծնվել է 3 կգ 300 գրամ, հիմա կշռում է 8 կգ 800 գրամ: Արդյոք նորմա՞լ է երեխայիս աճը:
Պատասխան: Հարգելի Նարինե, Ձեր երեխայի քաշը համապատասխանում է տարիքային նորմին, անհանգստանալու կարիք չկա:
Անուն: Մելինե
Հարց: Բարև Ձեզ, աղջիկս 2 տարեկան է: Արդեն 1,5 տարի է՝ փորկապություն ունի: Տարբեր բժիշկների մոտ ենք տարել, տարբեր դեղամիջոցներ ենք օգտագործել, նույնիսկ ռենտգեն ենք արել, սակայն ոչ մի բան չի հայտնաբերվել: Երկու օրը մեկ անգամ գլիցերինի մոմիկ ենք դնում: Ինչը՞ կարող է փորկապության պատճառ լինել:
Պատասխան: Հարգելի Մելինե, քանի որ Ձեր բալիկը կարիք ունի հետազոտության և մասնագետի հսկողության, կարող եք դիմել մանկական գաստրոէնտերոլոգիական կենտրոն, որը գտնվում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում:
Անուն: Սուսաննա
Հարց: Բարև Ձեզ, իմ տղան 1 տարեկան 7 ամսական է և ունի ատամ: Ես անհանգստանում եմ, սակայն տեղի մանկաբույժը որևէ խնդիր չի տեսնում, խնդրում եմ՝ ասեք՝ մասնագետին դիմելու անհրաժեշտություն կա՞:
Պատասխան: Հարգելի Սուսաննա, Ձեր հարցն անհասկանալի է , ուստի խնդրում ենք՝ ավելի մանրամասն նկարագրեք խնդիրը, քանի որ 1 տարեկան երեխան պետք է ունենա ոչ միայն ատամ, այլև ատամներ:
Անուն: Արփինե
Հարց: Բարև Ձեզ, իմ տղան 1.5 տարեկան է և արդեն 4 ամիս է՝ քաշն 9 կգ է: Նշեմ, որ կուրծք է ուտում:
Պատասխան: Հարգելի Արփինե, չնայած, որ համաշխարհային առողջապահական կազմակերպության փարձագետները խորհուրդ են տալիս երեխային կրծքով կերակրել մինչև 2 տարեկանը, և մեր կողմից սխալ կլինի Ձեզ այլ խորհուրդ տալ, բայց փորձը ցույց է տալիս, որ երեխաները, որոնք 1 տարեկանից հետո էլ սնվում են բացարձակապես կրծքի կաթով, ունենում են նմանատիպ խնդիրներ, երևի թե այս խնդիրը կապված է կրծքի կաթի որակի հետ: Խորհուրդ եմ տալիս երեխային անպայման տալ հավելյալ սնունդ, խորհրդակցեք Ձեր տեղամասի մանկաբույժի հետ, ով Ձեզ կուղղորդի սննդակարգի հետ կապված հարցերում:
Անուն: Լիանա
Հարց: Բարև Ձեզ: Փոքրիկս 3 տարեկան է: Կաթնամթերք չուտելը կարո՞ղ է աչքերի տակ այտուցվելու պատճառ լինել:
Պատասխան: Հարգելի Լիանա, չեմ կարծում, որ աչքերի տակ առաջացած այտույցները կապված լինեն սննդային ռացիոնի հետ, եթե դա կանստիտուցիոնալ չէ, խորհուրդ եմ տալիս կատարել արյան հետազոտություն՝ երեխայի մարսողական և միզային համակարգերի գործունեությունը ստուգելու ուղղությամբ:
Անուն: Վարդուհի
Հարց: Բարև Ձեզ, ինչպե՞ս մաքրեմ երեխայի լեզուն սպիտակ փառից: Նախապես շնորհակալութուն:
Պատասխան: Հարգելի Վարդուհի, դա կոչվում է կաթնախտ, բերանի խոռոչի սնկային հիվանդություն է : Մաքրում են սոդայաջրի թույլ լուծույթով և փափուկ թանազիվե անձեռոցիկով: Օրը մեկից երկու անգամ:



