Sidebar

«Սկսել եմ վախենալ ծննդաբերությունից, ի՞նչ խորհուրդ կտաք»․ հոգեբանի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին

Հարցերին պատասխանում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը։

Հարց - Արեւիկ - Բարեւ Ձեզ, փոքրիկս շուտով 5 տարեկան կդառնա, բայց խմբակներ չի հաճախում:  Քոլեջ գնաց մեկ ամիս, ինձ հետ էր նստում դասարանում, մենակ չի կարողանում նստել, ինչ-որ վախ է մտել մեջն ու դուրս չի գալիս: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվել:

Պատասխան Մորից հեռանալու վախը երեխայի մոտ կարող է լինել օտար երեխաներից վախի, մենակ մնալու վախի կամ շատ այլ վախերի դրսևորման ձև, շփման հմտությունների պակաս կամ որևէ տրավմատիկ իրողության հետևանք, ընդհանուր տագնապայնության դրսևորման ձև:

Սակայն երեխայի` մորից անջատվելու վախը կարող է լինել նաև մոր` երեխային հեռու թողնելու վախի պատճառով: Նման վախեր կարող են առաջանալ այն մայրիկների մոտ, ովքեր վախեցել են հղիության ընթացքում կորցնել երեխային: Երբեմն նրանք ուղղակի չափից դուրս վախենում են երեխայի վնասվելուց, այդ պատճառով անգիտակցաբար խրախուսում են երեխայի կախվածությունը մորից: Եթե այս տեսակետերը ձեզ չուղղորդեն` հասկանալու երեխայի վախի պատճառը, ապա դիմեք մասնագետի խորհրդատվությանը. այս խնդիրը հետագայում կարող է դառնալ դպրոցական տագնապայնության պատճառ:

 

Հարց - Խաթուն - Բարեւ Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել, չգիտեմ` տղայիս հետ ինչ է կատարվում: Նա 2,7 տարեկան է, եւ նրան չեմ կարողանում տանից դուրս հանել: Երբ փորձում եմ ինչ-որ տեղ տանել, նա սկսում է լացել, ու անհնար է ձայնը կտրել: Ես ունեմ ընտանեկան պրոբլեմներ ու հերթական  վեճի ժամանակ ես երեխայի հետ որոշեցի տեղափոխվել հայրական տուն: Չգիտեմ` ինչ մոտեցում ցույց տամ: Նշեմ նաեւ, որ տղաս դեռ չի կարողանում նորմալ խոսել եւ բացատրել: Կանխավ շնորհակալություն: 

Պատասխան - Առհասարակ պետք է խուսափել և երեխաներին զերծ պահել ընտանեկան վեճերի թեժ տեսարաններից: Խոսքը երեխային լիովին վեճերից հեռու պահելու մասին չէ, դրանք նորմալ են, և յուրաքանչյուր ընտանքիում առկա են, երեխայի կյանքի փորձի մասն են կազմում: Սակայն աղմկոտ և մեծահասկաների կողմից անկառավարելի վեճերին ականատես լինելով` երեխաները սթրես են տանում և երբեմն տրավմաներ ստանում: Դրանց հետևանքները կարող են բազմաբնույթ լինել: Հատկապես այն դեպքերում, երբ երեխան ունի ակնհայտ դժվարություն, այս դեպքում խոսքի խնդիր, պետք է զգույշ լինել: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ տանից դուրս գալու վերջին իրողությունը երեխայի համար տրավմատիկ և վախեցնող է եղել: Ամեն անգամ տանից դուրս գալիս նա ապրում է նույն վախը, ինչ այդ ժամանակ: Գուցե վախենում է, որ կգնաք տանից ու չեք վերադառնա:

Երեխայի հետ պետք է խոսել տեղի ունեցածի մասին: Մի մտածեք, որ նա փոքր է և չի հասկանա: Ազնիվ եղեք երեխայի հետ, բացատրեք նրան, որ մեծահասակները երբեմն վիճում են, անգամ բղավում իրար վրա, սակայն դա չի նշանակում որ նրանք չեն սիրում իրար: Բացատրեք, թե ինչ է տեղի ունեցել ձեր և ձեր ամուսնու միջև, որ նեղացել եք, որ հիմա ամեն ինչ կարգին է, ու որ դուք և ձեր ամուսինը սիրում եք իրեն, որ երբեք մենակ չեք թողնի: Այդկերպ պետք է խոսել անգամ շատ փոքր տարիքի երեխաների հետ, նրանք հասկանում են ավելին, քան մենք` մեծահասակներս, կարծում ենք:

 

Հարց - Արմեն - Ես ցանկություն ունեմ երեխա ունենալու, բայց չգիտեմ` ինչպես համոզեմ երիտասարդ կնոջը, որ սուրոգատ կնոջից չեմ ուզում, այլ իրենից:

Պատասխան- Ոչ մեկին չի կարելի ստիպել երեխա ունենալ: Դա միայն կարող է լինել մարդու կամքով և մեծ ցանկությամբ: Երեխան պիտի լինի ցանկալի և´ մոր, և´ հոր կողմից: Համբերատար եղեք: Կնոջ համար երեխա ունենալը բավական լուրջ պատասխանատվություն է, ֆիզիկական և հոգեկան լուրջ ծանրաբեռնվածություն:     Կանայք ցանկանում են երեխա ունենալ, երբ շատ սիրված են ու վստահ են իրենց զգում: Սիրեք ձեր կնոջը և սովորեք համբերել: Ընտանիքը մրցավազք չէ, ինչպես նաև սպառնալիքների տեղ: Թույլ տվեք ձեր երիտասարդ կնոջն այդ հարցը որոշել ինքնուրույն:

 

Հարց - Նեկտար - Բարեւ Ձեզ, ես հղիության 27-րդ շաբաթում եմ, մինչեւ այս ոչ մի սթրես չկար, հիմա, չգիտես` ինչու, անընդհատ սկսում եմ վախենալ ծննդաբերությունից: Կարող եմ իմանալ` ինչից է դա եւ ինչպես կարող եմ հաղթահարել այդ վախերը: 

Պատասխան- Հարգելի ապագա մայրիկ, սկզբում փորձեք պարզել, թե ծննդաբերության հետ կապված կոնկրետ ինչն է վախեցնում ձեզ: Երբեմն մայրիկներին հուզում է ծննդաբերության կոնկրետ որևէ պահ, որևէ գործողություն, հայրիկի մասնակցությունը ծննդաբերությանը, երեխայից բաժանվելը կամ մեկ այլ բան: Երբ հստակեցնեք, թե որն է ամենասարսափելին ձեզ համար, գտեք մասնագետի, ով, կարծում եք, կոմպետենտ է այդ իրավիճակին ներազդելու և կարող է պատասխանել ձեր հարցերին: Մասնագետի հետ մանրամասն քննարկեք ձեր մտավախությունները, պատմեք ձեր ապրումների մասին: Վախի հաղթահարման համար լավագույն միջոցներից մեկը ինֆորմացիան է: Երբ մանրամասն տեղեկանում եք գործողությունների, վտանգների և դրանց դեպքում իրականացվող քայլերի մասին, տագնապը նահանջում է: Անորոշությունը ամենավախեցնող բանն է:

Հղիության ընթացքում տագնապն ու վախերը կարող են սրվել նաև ընտանիքում փոխհարաբերությունների անբարենպաստ լինելու հետևանքով:

Առողջություն ձեզ և թեթև ծնունդ ձեր բալիկին: