Sidebar

Փոքրիկս ամեն ինչից վախենում է․ ի՞նչ խորհուրդ կտաք․ հոգեբանի պատասխանները «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին

Հարցերին պատասխանում է «Երկուսով» հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը։

Սուսիկ


Հարց - Փոքրիկս 1,8 ամսական է, շատ խելացի բալիկ է, արդեն հաշվում է, գիտի գույները, անուն-ազգանուն, հայրանուն եւ այլն:  Ամեն ինչ հասկանում է, միայն խնդիր ունի գիշերանոթից օգտվելիս, անում է տակը: Եվ շատ դժվարությամբ է քնում թե՛ ցերեկը, թե գիշերը: Շատ է կապվել համակարգչին, առանց երաժշտության չի քնում: Շնորհակալություն

Պատասխան - Ձեր հարցը ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ երեխան պիտի զարգանա հարմոնիկ կերպով, չի կարելի ժամանակից առաջ ընկնել, ինֆորմացիայով ծանրաբեռնել երեխային: Երեխային պատմեք, ասեք այնքան, որքան նա պահանջում է, հարցնում,  հետաքրքրվում է: Հետևեք նաև երեխայի ֆիզիկական և հոգեբանական զարգացմանը: Գիշերանոթից օգտվել պետք է սովորեցնել 9 ամսականից սկսած, երբ արդեն երեխան սկսում է նշան անել, որ ուզում է զուգարան: Ամառը լավ ժամանակ է երեխային տակդիրներից հետ սովորեցնելու: Հիմա ցերեկը փորձեք չհագցնել, հնարավորիս շատ պահեք առանց տակդիրի: Դրանից հետո կամաց-կամաց նաև գիշերը կսովորի:

Սակայն ես կցանկանայի որոշ հարցեր տալ ձեզ, որոնց պատասխանները նամակում չկան: Կարևոր է` երեխան ցերեկն է տակը թրջում, թե միայն գիշերը: Կարևոր է նաև երեխայի վարքը գիշերանոթից հրաժարվելու դեպքում:

Անհրաժեշտության դեպքում դիմեք մասնագետի, երբեմն կարիք է լինում երեխային տեսնելու և առավել մանրամասն զրուցելու ծնողների հետ:


Վիկա

Հարց - Բարեւ Ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ` իմ բալիկը  2,5 տարեկան է, ոչ մի կերպ քնել չի ուզում: Եթե անգամ շատ մեծ դժվարությամբ քնեցնում եմ, մեկ ժամ հետո զարթնում է ու նորից ուզում է խաղալ: Հատկապես գիշերն է ինձ մտահոգում, կապրիզ շատ է անում, նեղանում է, քնի մեջ լացում է, անհանգիստ շարժումներ է անում եւ այդպես մինչեւ լուսաբաց: Լուսաբացին միայն մի 4 ժամ խորը քնում է: Խնդրում եմ` ասեք` ինչ կարելի է անել: Նախապես շնորհակալ եմ։

Պատասխան - Քնից առաջ պետք չէ ակտիվ խաղեր խաղալ: Կապրիզների հետ պետք է պայքարել`դրանք անտեսելով: Ցույց տվեք երեխային, որ դուք էլ եք ցանկանում քնել: Նա այն տարիքում է, որ արդեն կարող է հասկանալ այդ ամենը: Կարգավորեք քունը ժամերով: Հետևեք երեխայի բիոռիթմին. եթե չի ցանկանում քնել, ասենք, ժամը 9-ին, քնեցրեք ձեզ հետ միասին, պարտադիր չէ, որ բոլոր երեխաները քնեն նույն ժամին: Երեխաների անհատական առանձնահատկություններին պետք է ուշադրություն դարձնել: Մի’ մոռացեք, որ երեխաների մեջ էլ կան «բվեճներ» և «արտույտներ»:


Գայանե


Հարց -  Բարև սիրելի Իմ փոքրիկ, իմ աղջիկը 2տ 2 ամս. է, ավելի փոքր տարիքում ոչ մի վախ չի ունեցել, մենք էլ չենք վախեցրել, վախի մասին առհասարակ չենք էլ խոսել, բարձրությունից չի վախեցել, չի ընկել բարձրությունից: Հիմա արդեն մոտավորապես 3 ամիս է և բարձրությունից է վախենում, և դրսի դռնից վախենում է, իր սենյակ մտնելու համար պետք է անցնի դռան կողքով, վազելով գնում է մոռացած ու ճանապարհին տեսնում է դուռը ու արագ հետ է վազում: Մի քիչ գրկած ժամանակ բարձրացնում ենք, պինդ բռնվում է ու սկսում վախեցած լացել։  Ես ամեն անգամ բացատրում եմ, որ շատ պինդ բռնել եմ, չեմ գցի, կամ դռնից ոչ մեկ ներս չի մտնի, բացի ընտանիքի անդամներից, նույնիսկ Ձմեռ Պապիկի նկարն էի փակցրել դռան վրա, սկզբում մեկ-մեկ մենակ անցնում էր մոտով, հետո սկսեց ասել, որ Ձմեռ Պապիկից էլ է վախենում: Խնդրում եմ՝ ասեք՝  ինչպես կարող ենք հաղթահարել այդ վախերը: նախապես շատ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Պատասխան - Երեխաներն իրենց զարգացման ընթացքում ունենում են տարիքային վախեր, որոնք բնական են և համարվում են նորմալ այդ տարիքում: Որոշ ժամանակ հետո դրանք անցնում են և իրականում վկայում են երեխայի նորմալ զարգացման մասին: Դրանք կարող են երբեմն սրվել և հետո խաղաղվել: 1-ից 3 տարեկանում երեխաները վախենում են, եթե վտանգ է սպառնում իրենց մտերիմ մեծահասակին, վախենում են նոր երեխայի ծննդից, նաեւ հանկարծակի ձայներից: Երեխայի վախի պահերին ամեն կերպ փորձեք ցույց տալ, որ վախենալու ոչինչ չկա, հումորով վերաբերեք, ծիծաղելի և ուրախ մի բան կազմակերպեք հենց այն վայրում, որտեղ նա վախենում է: Միևնույն ժամանակ երբեք մի ստիպեք հաղթահարել վախը, շատ մեծ կարևորություն մի տվեք այդ իրավիճակին, դեմքով վախ մի արտահայտեք, ինքներդ մի վախեցեք երեխայի վախից: Գրկեք ու ցույց տվեք, որ դուք չեք վախենում, ընթացքում անընդհատ ասեք, որ դուք իր կողքին եք և մենակ չեք թողնի երբեք: Այսինքն` ամեն կերպ վստահություն ներշնչեք երեխային:

Եթե երկար շարունակվեն վախերն ու  նկատեք, որ դրանք ավելանում են, դիմեք մասնագետի: