Sidebar

«Շատ տաք ջրով լոգանք ընդունելը կարո՞ղ է ազդել սեռական առողջության վրա»․ պատասխանում է սեքսապաթոլոգը

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Անուն` Լիանա

Հարց` Բարև Ձեզ: Աղջիկս և տղաս շատ տաք ջրով լողանալու սովորություն ունեն (ընդհուպ 45 ͦC): Ինձ հետաքրքրում է՝ կարո՞ղ է արդյոք շատ տաք ջուրը հետագայում ազդել նրանց սեռական առողջության վրա, օրինակ՝ տղայի պարագայում առաջ բերել էրեկցիայի խանգարում: Աղջկա դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են ծագել:

Պատասխան՝ Տղաների պարագայում կա ռիսկ, որ տաք պայմանները, լոգանքն ու շոգեբաղնիքն ազդեն սերմառաջացման գործընթացի վրա: Տվյալ պրոցեսը խիստ զգայուն է ջերմաստիճանային գործոնի նկատմամբ: Հենց դրա համար էլ ամորձիները տեղակայված են ամորձապարկում՝ մարմնի ջերմաստիճանից 1-3 աստիճան ցածր ջերմաստիճանային պամաններում: Աղջիկների առումով ջերմաստիճանային գործոնն այդչափ ռիսկայն չէ: 

  

Անուն՝ Հարութ

Հարց՝  Հարգելի՛  բժիշկ, կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալուց հետո սեռական ցանկությունն ինձ մոտ օր օրի պակասում է: Կարծես իմպոտենցիայի նշաններ զգամ: Ո՞րն է խնդիրը:  

Պատասխան՝ Ձեր նկարագրած խնդիրները պրակտիկ գործունեության ընթացքում հանդիպում ենք այն անձանց մոտ, որոնք հիվանդացել են կորոնավիրուսային հիվանդությամբ: Հաճախ քովիդով հիվանդանալուց հետո դիտվում են տևական էրեկցիայի և սերմնահեղուկի պտղաբերության հատկությունների հետ կապված խնդիրներ:  Հետպատվաստումային այդպիսի խնդիրներ գիտական պարբերականներում արձանագրված չեն:

 

Անուն՝ Միլենա

Հարց՝ Արդեն 6 ամիս է՝ ամուսնացած եմ և չեմ կարողանում հասնել հեշտոցային օրգազմի։ Բազում անգամներ կարդացել եմ, որ նորմալ է, և շատերի մոտ է այդպես։ Մի՞թե պետք է հարմարվել այդ փաստի հետ և օրգազմի հասնել միայն ծլիկի խթանմամբ։

Պատասխան՝ Եթե կինը ապրում է կանոնավոր սեռական կյանքով, ապա որոշ ժամանակ հետո պետք է արթնանա հեշտոցային օրգազմ ապրելու ունակությունը: Այդ ժամանակահատվածն, իհարկե, անհատական է, սակայն եթե դա անհանգստություն է պատճառում զույգին, ապա սեքսոլոգիական բուժման անհրաժեշտություն կա: 

  

Անուն՝ Սիլվա

Հարց՝ Բարև Ձեզ: Ունեմ երկու աղջիկ, մեկը հինգ տարեկան է, մյուսը՝ երկու: Ցանկանում եմ տղա ունենալ, սակայն վախենում եմ: Ուզում եմ իմանալ՝ ճի՞շտ է, որ տղամարդու արյունը չորս տարին մեկ է թարմանում, և ըստ ձեզ՝ սեռի հաշվարկ անելը որքանո՞վ է ճիշտ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան՝ Սեռի պլանավորման գիտական հիմնավորված հաշվարկ գոյություն չունի: Մեր արյունը անընդհատ «թարմանում» է, ինչը նորմալ ֆիզիոլոգիական գործընթաց է: 

 

Անուն՝ Ավետ

Հարց՝  Եթե սեքսից հետո օրական 1 կամ 2 անգամ զբաղվեմ ձեռնաշարժությունով, դա կազդի՞ երեխա ունենալու վրա:

Պատասխան՝ Ամեն մի սերմնաժայթքում, այդ թվում նաև՝ մաստուրբացիայի միջոցով, հանգեցնում է սեմնահեղուկի նոսրացմամբ պայմանավորված պտղաբերության նվազման: Ուստի օրական 1-2 մաստուրբացիաները կնվազեցնեն սերմնահեղուկի հղիացնող հատկությունները տվյալ ժամանակահատվածում: