Ինչպե՞ս կարող եք կանխել գրիպը հղիության ընթացքում և ո՞ր դեպքում է պետք դիմել բժշկի

 

Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի ախտանշաններն են՝ ջերմությունը, մկանացավերը, հազը, մարմնի ջարդվածության զգացումը, գլխացավը: Գրիպով կարող են հիվանդանալ բոլորը, հատկապես խոցելի խմբի անձինք, որոնց շարքին են դասվում նաև հղիները:

Գրիպով չհիվանդանալու համար խորհուրդ է տրվում՝


• Չշփվել գրիպով հիվանդների հետ, խուսափել մարդկային կուտակումներից:
• Օգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով ընդունել վիտամին C, 10-15 օր տևողությամբ՝ համաձայնեցնելով նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկի կամ բուժքրոջ հետ:
• Սննդակարգում ավելացնել սննդամթերքի այն տեսակները, որոնք առավել շատ են պարունակում վիտամին C, օրինակ՝ չոր մասուրի թուրմ, կիտրոն, նարինջ, կիվի և այլն: Հնարավորինս շատ օգտագործել սոխ և սխտոր:
• Բուժհաստատություն հաճախելիս, աշխատանքի, հասարակական վայրերում, տրանսպորտում կրել դիմակ, եթե կա դրա անհրաժեշտությունը:


Հիշե՛լ․ հիվանդության թեթև նշանների առկայության դեպքում(փռշտոց, քթից արտադրություն, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում) անհրաժեշտ է անմիջապես դիմել նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկին: Հիվանդության սկզբնական շրջանում կամ թեթև ընթացքի դեպքում բուժումը կարող է իրականացվել ամբուլատոր՝ նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկի ամենօրյա հսկողության պայմանով:

Ամբուլատոր բուժման ժամանակ՝ ախտանիշների ի հայտ գալուց 24-48 ժամերի ընթացքում, կարող է վիճակի բարելավում չնկատվել, ավելին՝ կարող է առաջանալ հիվանդության զարգացում կամ բարդություններ: Այս դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկին կամ հիվանդանոց (մանրամասները` տես հաջորդիվ):

 

Անհապաղ դիմել հիվանդանոց, եթե նկատվում է․

1. Արյունային արտադրություն հեշտոցից
2. Դժվարաշնչություն, շնչարգելություն
3. Հարպտղային ջրերի արտահոսք
4. Ցավ ցանկացած տեղակայման, հատկապես որովայնի, կրծքավանդակի և
վերստամոքսային շրջանում
5. Տեսողության վատացում, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր
թուլություն, շրջապատի նկատմամբ անտարբերություն
6. Սրտխառնոց և փսխումներ հղիության երկրորդ կեսում
7. Գիտակցության մթագնում, ցնցումներ
8. Պտղի շարժումների փոփոխություն` խիստ շարժունակություն, շարժումների
թուլացում կամ բացակայություն
9. Գրիպի պրոգրեսիվման և/կամ բարդությունների առաջացման նշաններ`
շնչարգելություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգստի
վիճակում, դժվարացած և/կամ հաճախացած շնչառություն, մաշկի
կապտավուն երանգ, արյուն`խորխի մեջ կամ գունավոր երանգի խորխ,
ցավ կրծքավանդակում, ցածր ճնշում, գիտակցության տարբեր
աստիճանի խանգարումներ, ցնցումներ և այլ, կամ էլ հիվանդի վիճակի
բարելավման բացակայություն հիվանդության ախտանիշների ի հայտ
գալուց հետո 2-3 օրերի ընթացքում:

Դիմել հղիությունը հսկող կամ գրիպը բուժող բժշկին, եթե նկատվում է․

1. Բարձր ջերմություն
2. Մաշկի մշտական քոր, ցանավորում
3. Սրտխառնոց և փսխում հղիության առաջին կեսում
4. Ձեռքերի և ոտքերի այտուցներ, երակների վարիկոզ լայնացում
5. Թուլություն, գրգռվածություն, անքնություն
6. Գլխացավ, գլխապտույտ, հոգնածություն
7. Հաճախամիզություն, ցավ, այրոց միզելիս
8. Լուծ, փորկապություն
9. Առատ, ոչ արյունային արտադրություն հեշտոցից
10. Հեշտոցային արտադրության քանակի, բնույթի փոփոխություն
11. Շփում վարակիչ հիվանդների հետ
12. Գրիպի ախտանիշների ի հայտ գալուց հետո` hիվանդ հղիի վիճակի
բարելավման բացակայություն 24-48 ժամերի ընթացքում:

 

Աղբյուրը՝ Առողջապահության նախարարություն