Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:
«Դիրեկտորների հիվանդությունը» սեքսուալ խանգարման յուրահատուկ տեսակ է, որը բնորոշ է ղեկավարման գործառույթ իրականացնող մարդկանց: Անհատն ընկղմվում է աշխատանքի մեջ, չի կարողանում հանգստանալ, ճիշտ տարանջատել գործը և հանգիստը: Սեքսուալ ֆունկցիայի իջեցումը այս դիսֆունկցիայի ժամանակ ընթանում է աստիճանաբար, երբ անհատը լիակատար կլանված է կարիերայով, խոստումնալից աշխատանքով, ծանրաբեռնված է գործնական խնդիրներ լուծելով, ավելի քիչ ուշադրություն է դարձնում կանանց ու ինտիմ կյանքին: Տեղի է ունենում սուբլիմացիա՝ սեռական էներգիայի փոխարկում այլ տեսակի:
Սեռական խանգարման տվյալ տեսակը բնորոշվում է սեռական ցանկության աստիճանական նվազմամբ, արձանագրվում են տևական աբստինենցիաներ (սեռական ձեռնպահություն), հազվադեպ է դառնում սեռական գործունեությունը, վարքի մեջ հետին պլան է մղվում սեքսուալ-էրոտիկ մոտիվացիան, կարող են արձանագրվել էրեկցիայի և էակուլյացիայի խանգարումներ: Դիտվում է քնի խանգարում աշխատանքի ու հանգստի ճիշտ հերթագայման խախտման պատճառով:
Նման սեռական խանգարմանը կարող են նպաստել նաև անհատի սեռական կոնստիտուցիայի թույլ տիպը, անդրոգենների (արական սեռական հորմոնների) ցածր մակարդակը, սոցիալ-հոգեբանական տեսանկյունից լարված փոխհարաբերություններն ընտանիքում:



