Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը:
Հարցին ըմբռնումով ենք մոտենում
Երեխան ծնողի ներկայությամբ կխոսի ցանկացած թեմայով, եթե ի դեմս ծնողի՝ տեսնի իրեն հասկացող, անգամ սխալների դեպքում՝ աջակցող, ոչ թե քննադատող մարդու: Երբ ընտանիքում փակ են համարվում այնպիսի թեմաներն, ինչպիսիք են՝ սերը, սեռական կյանքը, ապա սիրահարվելու դեպքում երեխայի մոտ կարող է առաջանալ մեղքի զգացում, որ նա ինչ-որ վատ բան է արել:
Հարկավոր է զրուցել երեխայի հետ: Առանձնացնենք դեռահասներին, քանի որ դեռահասության փուլը դժվար, բայց հետաքրիր է: Այս փուլում կոնֆլիկտների պատճառ կարող է լինել նաև սիրահարվածությունը: Դեռահասը ծնողի կողմից հասկացված և ընդունված լինելու կարիք ունի, որի բացակայությունը նրա մոտ առաջացնում է դիմադրություն, հույզերը չարտահայտելու դեպքում՝ աուտոագրեսիա, ապա՝ այլ ծայրահեղ դրսևորումներ:
Չափաբաժնով ազատությունն օգտակար է
Յուրաքանչյուր հարցում ծնողը դեռահասին պետք է տա ազատություն՝ միևնույն ժամանակ վերահսկելով այդ ազատությունը: Դա պետք է, որպեսզի դեռահասը ծնողին պատմի զուգընկերոջ հետ հանդիպումների, հետագա պլանների, անհանգստացնող խնդիրների մասին: Դեռահասի համար լավագույն օրինակն իր ծնողներն են, երբ կարող է տեսնել կայացած ծնողին, որը որոշակի ձեռքբերումներ է ունեցել, այնուհետև՝ ընտանիք կազմել: Ծնողը երեխային պետք է սովորեցնի չշտապել:
Արդեն իսկ դրական սկիզբ է, երբ դեռահասն է առաջինը խոսում իր զգացմունքների մասին: Սա նշանակում է, որ նա ակնկալում է ծնողների խորհուրդը ստանալ: Սա նաև խոսում է այն մասին, որ ծնողները երեխայի հետ ստեղծել են այնպիսի հարաբերություններ, որտեղ դեռահասը չի վախենում, ամաչում ծնողներից, այլ՝ զգում է նրանց ուղղորդման կարիքը: Այսպիսի դեռահասի հետ պարզապես պետք է լինել անկեղծ, որի համար էլ նա դիմել է ծնողին:
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան



