10 կանոն․ ինչպես դառնալ աշխարհի ամենալավ ծնողը

Երբ ընտանիքը համալրվում է փոքրիկ անդամով, բնականաբար, ծնողները ցանկանում են, որ փոքրիկ հրաշքն ունենա երջանիկ մանկություն ու պայծառ հիշողություններ իր մանկությունից, որոնք կդառնան նրա անհատականության զգայական հիմքը:

Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ լինել լավ ծնող երեխայի համար և փոքրիկին երջանիկ մանկություն ապահովել:

1. Սեր առանց նախապայմանների

Դուք երեխային սիրում եք ոչ թե ինչ-որ բանի համար։ Երեխան կարող է բարկացնել ձեզ, սակայն նրա նկատմամբ ձեր սերն այս ամենից չի փոխվում, հետևաբար չի կարելի նրան ակնարկել, թե «իրեն կսիրեք, եթե…»: Երեխան պետք է վստահ լինի, որ ինքն իր ծնողների սերը վայելում է անկախ ամեն ինչից:

2. Երեխայի հետ անցկացրած ժամանակը կարևորե՛ք 

Իրականում մեծահասակները մեկ-երկու ժամ ուրախանում են երեխայի խաղով, շարժումներով, թոթովանքով, իսկ հետո գալիս է ժամանակը՝  զբաղվելու ավելի «իմաստալից» բաներով: Փոքրիկի կողքին նստելը հատկապես հայրիկները երբեմն համարում են ժամանակի զուր կորուստ:  Բայց իրականությունն այլ է. երեխայի հետ անցկացրած ամեն ժամը լրացնում է նրա ուրախ մանկության հիշողությունների շտեմարանը: Այնպես որ, երեխայի կողքին շա՛տ եղեք, միասին խաղացեք, սովորեցրե՛ք նրան կյանքի հմտությունները:

3. Արգելեք միայն այն, ինչը սպառնում է երեխայի անվտանգությանը

Ծնողների համար ամենահեշտը երեխային արգելելն է. ինչքան երկար է «չի կարելիների» շարքը, այնքան ավելի հանգիստ են ծնողները: Բայց այդ պարագայում մանկությունից երեխային կմնան ընդամենը «բանտային» հիշողություններ: Արգելե՛ք միայն այն, ինչը սպառնում է երեխայի կյանքին կամ անվտանգությանը: Իսկ երբ փոքրիկը պատռում է թուղթը և շաղ տալիս տնով մեկ կամ խորանարդիկները լցնում է իր զգեստապահարանը, մի՛ բարկացեք: Ճիշտ է, հետո ստիպված կլինեք երեխայի հետևից հավաքել, բայց փոխարենը զուր արգելքով չեք ճնշի նրա անհատականությունը: 

4. Երեխաներն անում են ոչ թե այն, ինչ ասում են, այլ այն, ինչ ծնողներն են անում

Եթե ուզում եք, որ, օրինակ, երեխան չբղավի, ուրեմն դուք ինքներդ միմյանց հետ խոսելիս չպետք է բղավեք։ Դուք պետք է օրինակ ծառայեք ձեր կենսակերպով ու վարքականոնով: Երեխաներն ամեն ինչում կրկնօրինակում են ծնողներին` թե՛ լավ, թե՛ վատ արարքները: Ձեր վարքն ամենաարդյունավետ դաստիարակչական միջոցն է:

5. Աշխատեք հասկանալ և ընդունել երեխայի արժեհամակարգը

Մեծահասակները պետք է հարմարվեն, որ երեխաներն ապրում են ուրիշ աշխարհում՝ կարող են իրենք իրենց հետ խոսել, կարող են կծել կամ ցատկոտել ցեխաջրում, կամ աստիճանները թողած՝ ժամերով տանջվել` թեքահարթակի ու սղարանի վրայով հակառակ ուղղությամբ բարձրանալու համար:  Որքան էլ ծիծաղելի կամ անհեթեթ թվա երեխայի ցանկությունը, աշխատեք նրան լուրջ ընդունել: 

6. Հարգե՛ք երեխայի անհատականությունը

Ձեր երեխային լուրջ ընդունեք: Նրա հետ հաճախ հորհրդակցեք, հարցրեք նրա կարծիքը, թույլ տվեք, որ նա իրեն քննարկման լիիրավ մասնակից զգա: Տպավորությունը, որ նա մասնակցում է որոշումների կայացմանը, որ իր կարծիքը հաշվի են առնում, կբարձրացնի նրա ինքնագնահատականը և նաև հարգանքը ձեր հանդեպ:

7. Բացատրե՛ք

Ամենավատ պատասխանը, որ կարող եք տալ երեխայի հարցին. «դու դեռ փոքր ես, չես հասկանա»: Իրականում շատ քիչ բաներ կան, որ չեք կարողանա բացատրել երեխային իրեն հասկանալի լեզվով և մատուցմամբ: Իսկ եթե նման բաներ կան, հավանաբար այն չեն հասկանում նաև շատ մեծահասակներ:  Փորձեք պատասխանել երեխայի հարցերին, բացատրել նրա համար անհասկանալին։ Անգամ եթե չհասկանա, կգնահատի ձեր վերաբերմունքը:

8. Մի՛ վախեցեք  շատ սեր տալուց 

Ինչպես մեծահասակները, երեխաներն առավելևս  ունեն սիրո և հոգատարության կարիք:   Այդ իսկ պատճառով մի՛ վախեցեք երեխային ավելորդ անգամ ցույց տալ ձեր սերը:  Հաճախ գրկախառնվեք, ամեն առիթով և անգամ առանց առիթների շոյեք նրան ու քաղցր խոսքեր ասեք: բայց դա չի նշանակում, որ այդ վերաբերմունքը պետք է վերածվի գերխնամքի՝ այդպիսով երեխային զրկելով ինքնուրույնությունից։

9. Մի՛ քննարկեք երեխային իր և այլոց ներկայությամբ

Մի՛ քննարկեք երեխային վերաբերող հարցերը նրա ներկայությամբ, ինչպես նաև դիտողություն մի՛ արեք այլոց ներկայությամբ։ Այդպես կազդեք նրա ինքնագնահատականի վրա, և նա ոչ թե իր վարքի մասին կմտածի, այլ ձեր՝ իր նկատմամբ վերաբերմունքի։

10. Փորձեք երեխային տալ ոչ թե լավագույնը աշխարհում, այլ  լավագույնը, որ կարող եք

Երբ ձգտում եք երեխային նյութապես ապահովել, հիշե՛ք, որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնց երեխաներն ավելի ապահովված կլինեն, որոնք ավելի լավ վայրերում կհանգստանան։ Պարզապես ուժերի ներածին չափով երեխայի կողքին եղեք, նրան ժամանակ հատկացրեք, զրուցեք ու լսեք նրան: Երեխան դա կգնահատի և ձեզ կհամարի լավագույն ծնողն աշխարհում:

 

Նյութը կազմվել է՝ հիմք ընդունելով մեր գործընկեր հոգեբանների խորհուրդները