Ինչպե՞ս երեխային ասել, որ հայրիկը ռազմաճակատից չի վերադառնալու

Զարգացում

Մայրիկը թերթում է հայրիկի լուսանկարները, իսկ աչքերում եղած թախիծը միանգամայն նկատելի է երեխայի համար: Նա, որ սովոր էր մայրիկին կենսուրախ տեսնել, կռահում է՝ ինչ-որ լուրջ բան է պատահել:

Երեխան պատերազմի ընթացքում կորցրել է հորը, սակայն ինքը դեռ չգիտի այդ մասին: Ինչպե՞ս է մայրիկը խոսելու փոքրիկի հետ: Սա չափազանց նուրբ և ծանր հարց է, որին անդրադառնալիս մայրիկը պետք է ողջ ուժերը կենտրոնացնի:

Երեխային անդառնալի կորուստը ներկայացնելու մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի հետ:

 

Հայրիկը գնացել է ռազմաճակատ, բայց այլևս չի վերադառնալու տուն...

 

«Սա ամենադժվար պահն է, երբ նախ մայրիկը պետք է ներքուստ հաղթահարի ամուսնուն կորցնելու լուրը, այնուհետև ներկայացնի երեխային»,- ասում է Լուսինե Գրիգոյանը: Նա նշում է՝ առաջին հերթին երեխայի հետ անհրաժեշտ է խոսել պատերազմի մասին, թե ինչու են տղաներն ու հայրիկները մեկնում ռազմաճակատ: Ապա ներկայացնել, որ հաղթանակները ձեռք են բերվում զոհերի գնով, հերոսացնել զոհվածներին և նոր միայն ասել, որ այդ զոհված հերոսներից մեկն էլ իր հայրն է։

 

Երեխայի հետ զրուցում ենք հայրիկի մահվան մասին. ինչն է կարելի ասել, ինչը՝ ոչ

 

Ըստ Լուսինե Գրիգորյանի՝ երեխայի հետ հայրիկի մահվան մասին խոսելիս անհրաժեշտ է՝

  • ասել՝ հայրիկը և շատ այլ հայրիկներ մահացել են, որ իրենց երեխաներն ունենան ապահով մանկություն
  • երեխան մայրիկից պետք է իմանա, թե հայրիկն ինչ մտքերով է գնացել ռազմաճակատ, վերջին հեռախոսազանգով իրեն ինչ է փոխանցել
  • երեխային պետք է ներկայացվի հայրիկի ուժեղ կերպարը: Նա մայրիկի միջոցով պետք է զգա հպարտություն, որ իր հայրը հենց այդպիսին է:

 

Երեխայի հետ հայրիկի մահվան մասին խոսելիս երբեք պետք չէ՝ 

  • խոսել անցյալով
  • անել արտահայտություններ, որոնք երեխայի մոտ կառաջացնեն մեղքի զգացում
  • հնչեցնել մեղադրանքներ՝ ուղղված բժիշկներին կամ հայրենիքին
  • խաբել երեխային, որ հայրը կվերադառնա, այլ տեղ է մեկնել:

 

Շարունակելի

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ