«Ակտիվ»՝ ահա այս տարիքի երեխաների ամենակարճ բնութագիրը: Նրանց այս տարիքում դուր են գալիս բոլոր այն խաղալիքները, որոնցով հնարավոր է ամբողջ մարմինը գործի դնելով խաղալ՝ գնդակ, ճոճանակ, մագլցելու հարմարանքներ և այլն:
Փոքրիկի թաթիկներն այս տարիքում դառնում են առավել կառավարելի, և նա, ամենայն հավանականությամբ, կարող է խաղալ լեգոներով, աշտարակ կառուցել, անցքերով խաղալիքների համար ճիշտ մասնիկը գտնել և անգամ ինչ-որ բան նկարել: Խաղը ենթադրում է, որ պետք է նաև փորձարկումներ անել, օրինակ`ի՞նչ կպատահի, եթե նետենք գնդակը, կամ ի՞նչ կպատահի, եթե քաշենք ամրակը և այլն:
Այս տարիքի երեխաները մեծամասամբ հետաքրքրված են իրենց գործողությունների հետևանքով, և քանի որ նրանց հիշողությունը լավ զարգացած չէ, նրանք չեն ձանձրանում կրկնությունից: Նկատի ունեցեք, որ փոքրիկները սիրում են փորձել այն, ինչ սովորաբար անում են մեծերը, հետևաբար ընտրեք խաղալիքներ, որոնք ինչ-որ չափով կարտահայտեն ձեր՝ մեծերի առօրյան:
Թղթե աղյուսներ
Այս թեթև աղյուսներով փոքրիկը կարող է ամրոց սարքել կամ մի բան, որը կզվարճացնի նրան: Բայց ամենաուրախ պահը վերջին ակորդն է, երբ երեխան կքանդի իր իսկ սարքած «շինությունը»:
«Քաշելու և հրելու» խաղալիքներ
«Հրելու» համար նախատեսված խաղալիքները փոքրիկին կարող են ծառայել որպես հենակ, որպեսզի տանը շրջելիս նա հենվի և չկորցնի հավասարակշռությունը: Վագոնները հրաշալի ընտրություն կլինեն: Իսկ «քաշելու» համար նախատեսված խաղալիքները հարմար են համեմատաբար ավելի լավ քայլող փոքրիկներին, որոնք կարող են գնալ խաղալիքի առջևից և հետ նայելով հետևել`ինչպես են քաշում այն: Երեխաները սիրում են հատկապես այն խաղալիքները, որոնք ընթացքում ճոճվում են, ծվծվում կամ այլ գործողություն կատարում:
«Տեսակավորելու և տեղավորելու» խաղալիքներ
Փոքրիկները սիրում են տեսակավորել, դասավորել, խառնել, քանդել, հետ հավաքել, մի խոսքով՝ վերակազմակերպել ինչ-որ բան: Այս խաղերը նաև այնպիսի հմտություններ են զարգացնում, որոնք կօգնեն հետագայում խնդիրների լուծմանը:
Մագլցելու հարմարանքներ
Կարող եք երեխայի համար մի հարմարանք ստեղծել, որի վրայով նա կկարողանա մագլցել, թաքնվել, սահել: Այդպես կզարգանան նրա հենաշարժողական հմտությունները:
Շարունակելի
Աղբյուրը՝ babycenter.com