Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
Տագնապ բառը ավելի վաղ է ծագել` բնորոշելու անորոշ լարվածության և անհանգստության զգացումը: Դրանից հետո ծագեց նաև տագնապայնություն բառը, որը բնորոշում է անձնային որակ, մարդ, որը առավել հակված է տագնապի:
Տագնապի ֆիզիոլոգիական նշաններն են.
- արագ սրտխփոցը,
- մակերեսային շնչառությունը,
- բերանի չորությունը,
- կոկորդում կծիկի զգացողությունը,
- ոտքերում թուլությունը:
Բացի ֆիզիոլոգիական նշաններից կան նաև այնպիսի վարքային ցուցիչներ, որոնք խոսում են երեխայի մոտ տագնապի առկայության մասին.
- երեխան եղունգներն է կրծում,
- ճոճվում է աթոռի վրա,
- թմբկահարում է մատներով սեղանին,
- մազերի հետ է խաղում,
- ձեռքերի մեջ պտտում է տարբեր իրեր:
Տագնապի վիճակը ոչ միշտ կարելի է գնահատել որպես բացասական երևույթ: Երբեմն տագնապի զգացումն է ստիպում մարդուն մոբիլիզացնել ուժերը:
Առանձին, սակայն հաճախակի կրկնվող տագնապի զգացումները կարող են վերաճել կայուն վիճակի` անձնային որակի` տագնապայնության:
Տագնապայնության առաջացման վրա ազդող սոցիալական գործոնների մեջ մասնագետները նշում են` ծնողների դժգոհությունը սեփական կյանքից, սեփական աշխատավարձից, անբավարարվածությունը կյանքի պայմաններից և այլն:
Ավելի հաճախ տագնապայնություն է զարգանում երեխայի մոտ, եթե նա ներքին կոնֆլիկտի, կամ առհասարակ կոնֆլիկտի իրավիճակում է լինում: Տագնապայնությունը խթանվում է.
- երեխայի հանդեպ բացասական պահանջներով, որոնք կարող են ստորացուցիչ լինել, կամ նրան կախյալ վիճակի մեջ դնել,
- անհամապատասխան, ավելի հաճախ չափից մեծ պահանջներով,
- հակասական պահանջներով, որոնք երեխայի առաջ դրվում են դպրոցի կամ ծնողների կողմից:
Տագնապային երեխայի բացահայտման չափանիշները՝
- երեխան անընդհատ անհանգստության մեջ է,
- ինչ-որ բանի վրա կենտրոնանալու դժվարություն է ունենում, հաճախ անհնարին է լինում,
- մկանային լարվածություն ունի, օրինակ՝ պարանոցի կամ դեմքի հատվածում,
- դյուրագրգիռ է,
- քնի խանգարումներ ունի,
Եթե վերը նշված չափանիշներից որևէ մեկը տևական ժամանակահատվածում նկատվում է երեխայի վարքում, կարելի է ասել, որ երեխան տագնապային է:
Ինչ է վախը
Պետք է հստակ տարբերել տագնապն ու վախը: Տագնապը այն զգացումն է, որի կազմության մեջ մտնում են շատ զգացմունքներ, որոնցից մեկը նաև վախն է: Տագնապի զգացման մեջ հիմնական տեղը պատկանում է վախին, սակայն այն կարող է պարունակել նաև տխրություն, մեղքի զգացում, ամոթ և այլն:
Եթե երեխայի վարքում վախերը շատ են, ապա կարելի է ասել, որ նա տագնապային անձ է, կամ տագնապային երեխա է:
Վախը մարդու կյանքին, բարօրությանը սպառնալիքի հուզական արձագանքն է: Ուղեկցվում է նյարդային համակարգի լարվածությամբ: Տագնապը այդ սպառնալիքի ակնկալիքն է, և սպասման վիճակ է իրենից ենթադրում:
Վախերը լինում են.
- Իրավիճակային - երբ վախը կախված է լինում իրավիճակից, և իրավիճակի փոխվելու հետ մեկտեղ վերանում է նաև վախը:
- Անձնային - երբ այս վախերը չեն անցնում, հաճախ սրանց ասում են գենետիկական վախեր: Նման մարդիկ նախատրամադրված են վախերի:
- Իրական - կոնկրետ կյանքի բնական իրողություններից վախերն են: Սրանք ևս իրավիճակային են, և անցնում են իրողության հետ միասին:
- Երևակայական - հնարովի, երևակայական երևույթներից վախերն են:
- Քրոնիկ - երբ վախը անընդհատ կա:
- Սուր - իրավիճակային վախերն են կրկին:
- Ներշնչված - սա մտերիմ մեծահասակների կողմից ներշնչված վախերն են, երբ անընդհատ ինչ-որ բաներ են զգուշացնում երեխային: Դաստիարակության ընթացքում մեծահասակների վարքը տեսնելով ևս կարող են ներշնչվել:
- Նևրոտիկ վախեր - տարիքի հետ այս վախերը չեն անցնում, երկարատև են, ժամանակի ընթացքում դառնում են անձնային:
- Տարիքային - սրանք նորմալ են համարվում և տարիքի հետ անցնում են:
- Համր - սրանք այն վախերն են, որոնց մասին երեխան չի խոսում, ծնողներն էլ չեն նկատում:
Տարիքային վախեր
0-1 տարեկան - եթե վտանգ է սպառնում երեխայի հուզական և ֆիզիկական ապահովությանը, անհանգստություն, վախ մորից բաժանվելուց, օտարներից:
1-3 տարեկան - վախենում են, եթե վտանգ է սպառնում իր մտերիմ մեծահասակին, նոր երեխայի ծնունդից, ծակելուց, անսպասելի ձայներից են վախենում:
3-5 տարեկան - վախերի եռյակի տարիքն է` մենակության-մթության-փակ տարածության վախ:
5-7 տարեկան - մահվան վախը դառնում է առաջնային, նոր սկսում են հասկանալ, որ դա անդառնալի պրոցես է: Վախենում են, որ իր վրա կհարձակվեն, կենդանիներից, երազներից:
7-11 տարեկան - սկսում են գերակշռել սոցիալական վախերը, որ իրենց մասին չեն մտածի այնպես ինչպես պետք է, դպրոցական ֆոբիան, բնական աղետներից վախերը, անտեսանելի և անհայտ ուժերից վախերը, հոգիներից:
11-16 տարեկան - ֆիզիկական փոփոխություններից վախերն են առաջանում, բնական աղետներից, աղջիկների մոտ ավելի շատ են լինում քան տղաների:
Տարիքային վախերը սովորաբար տանելի են, հակառակ դեպքում դրանք վերածվում են նևրոտիկ կամ այլ վախերի:
Վախերի հաղթահարմանն ուղղված միջոցները բազմազան են: Սակայն նախքան վախերը հաղթահարելը դրանք պետք է բացահայտել, ճանաչել, դուրս բերել:
Երեխաների վախերը արտահայտվում են հիմնականում.
- նկարներում,
- պատմություններում,
- ասում են դրանց մասին,
- խաղի մեջ,
- վարքում:



