«Մանկապարտեզում աղջիկը տղային կոնֆետ է նվիրում, դասարանում արդեն տղան քաշում է աղջկա մազերը. ահա այսպիսին է մանկական սերը, որի հիմնական առանձնահատկությունն անմիջականությունն է»,- նշում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը:
Սիրահարված մարդու աչքերում նկատվում է անսովոր, յուրօրինակ փայլ, իսկ ներսում՝ կարծես թիթեռնիկներ սավառնեն: «Ի տարբերություն մեծահասակի՝ փոքրիկն իր հետ կատարվող երևույթները չի հասկանում: Կարող է փակվել, ունենալ մեղավորության զգացում, պատժվելու վախ: Իր ներաշխարհում կատարվող փոփոխությունները հասկանալու համար նա ունի մեծահասակի օգնության կարիքը»,- ասում է հոգեբանը: Վերջինիս խոսքով՝ ծնողը չպիտի զայրանա, երբ իմանում է, որ իր նախադպրոցական կամ կրտսեր դպրոցական տարիքի երեխան սիրահարվել է․ սա կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի վրա՝ ընդհուպ կարող է հանգեցնել նրան, որ նա հասուն տարիքում հակառակ սեռի հետ հարաբերությունններից խուսափի, բարդույթներ ձևավորվեն:
Հոգեբանը շեշտում է՝ ծնողը կարող է երեխայի հետ խոսել սեփական օրինակով: Նկարագրել՝ ինքն էլ նույն տարիքում սիրահարվել է, որի մասին այժմ ժպիտով է հիշում: Ապա կարող է պատմել երեխային իրենց՝ ծնողների մեծ սիրո պատմությունը՝ ինչպես ծանոթացան հայրիկն ու մայրիկը, ինչ ճանապարհ անցան, որից հետո էլ սիրո արդյունքում ծնվեց բալիկը: Որպեսզի երեխան տարբերի սիրահարվածությունը սիրուց, նշում ենք՝ սիրահարվածությունը դեռ պետք է հաղթահարի դժվարություններ և «ապրի» երկար ժամանակ՝ սիրո վերածվելու համար:
«Հնարավոր է, որ փոքրիկի զգացմունքները փոխադարձ չլինեն: Երբ խոսում ենք նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների մասին, ապա այս ընթացքում առաջացած անմեղ, անկեղծ զգացմունքը հեշտ հաղթահարելի է»,- հավելում է Լուսինե Գրիգորյանը: Նրա ընդգծմամբ՝ կարելի է խուսափել հետևանքներից, եթե ծնողը զրուցի երեխայի հետ, չանտեսի նրա հույզերը, բայց և մեծ կարևորություն չտա, չլրջացնի այն։
Շարունակելի
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան



