Ճանապարհ, որ անցնում են «Հավատով»․ մեկնարկել է «Հավատ» ՀԿ-ի «Ծնողական օնլայն դպրոց» ծրագիրը

Խնդիրներ

Լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի  «Հավատ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1996թ-ին: Առաքելությունը՝  ստեղծել հավասար հնարավորություններ լսողական խնդիրներ ունեցող երեխաների կրթական, առողջապահական, սոցիալական իրավունքների իրացման համար՝  նպաստելով նրանց ներառմանն ու կյանքի որակի բարձրացմանը: Մենք զրուցել ենք «Հավատ» ՀԿ-ի նախագահ Թամարա Մանուկյանի եւ կազմակերպության անդամ Կարինե Հարությունյանի հետ: Առիթը՝ նոր ծրագիրը, որը կոչվում է «Ծնողական օնլայն դպրոց»:

 

Տիկին Մանուկյան, ինչպե՞ս ստեղծվեց «Հավատը», ինչու՞  ընտրեցիք այս անունը:

-«Հավատը» ստեղծվել է մեր երկրի համար դժվարին տարիներին, մենք նոր էինք անկախացել եւ պետությունն ամեն ինչ չէ, որ հասցնում էր ու ի վիճակի էր անել՝ հոգալու տարբեր խնդիրներ ունեցող անձանց, այդ թվում եւ լսողական խնդիրներ ունեցող երեխաների կարիքները: Ամենօրյա աշխատանքի ընթացքում մենք տեսնում էինք, որ այդ կարիքները բազմաթիվ են ու բազմազան: Որոշեցինք, ինչպես աշխարհում է ընդունված, մենք էլ ստեղծել հասարակական կազմակերպություն՝ դառնալով այն օղակը, որի միջոցով կկապվեն մեր երեխաներն ու պետությունը, երեխաներն ու բարեգործական հիմնադրամները, այդպիսով՝ օգտակար լինելով երեխաներին, նրանց ընտանիքներին ու նաեւ պետությանը: Իսկ ինչու ընտրեցինք այդ անունը։ «Հավատ», որովհետեւ ճանապարհը, որ անցնում են այս ընտանիքները, անհնար է՝ առանց հավատի:



23 տարվա ընթացքում բազմաթիվ ծրագրեր եք իրականացրել, որո՞նք են ամենաառաջիններն ու առանցքայինները: Ովքե՞ր սատարեցին ձեզ ամենասկզբում:

-«Հավատի» ամենամեծ աջակիցը, նախեւառաջ, Արաբկիր բժշկական համալիրն է, հարգարժան Արա Բաբլոյանը, որը ջանք չի խնայում՝ մեր ծրագրերին օգտակար լինելու համար: «Արաբկիր» ԲՀ-ի, «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» եւ «Հովարտ Կարագյոզյան» հիմնադրամի միասնական ջանքերով մենք ստեղծեցինք Մանկական սուրդոլոգիական կենտրոն, վերապատրաստեցինք մասնագետների ու կարողացանք ունենալ համալիր ծառայությունների մի վայր, որտեղ գալով՝ երեխան ստուգվում է, ախտորոշվում է լսողական խնդիրը, ընտրվում համապատասխան սարք, հարմարեցվում եւ ապա կազմակերպվում նրա խոսքի զարգացումը՝ կրկին Արաբկիրում բացված ցերեկային կենտրոնում:  Այսքանին զուգահեռ ընթանում էին մեր մնացած ծրագրերը՝ ուղղված օրենսդրական փոփոխությունների, մեր երեխաների կրթական, առողջապահական, սոցիալական իրավունքների պաշտպանությանը, խնդրի վաղ հայտնաբերմանը՝ նորածնային սկրինինգով, ինչպես նաեւ մի շարք նախաձեռնություններ՝ երեխաների համակողմանի զագացման համար, օրինակ, թատերական, նկարչական, գորգագործական, համակարգչային, օտար լեզվի խմբակներ եւ այլն: Այս ահռելի մեծ աշխատանքում կարեւորագույն օղակներից մեկը ընտանիքն է, ծնողը: Եվ, բնականաբար, մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահում նաեւ մեր երեխաների ծնողներին ուղղված ծրագրերը, ինչի վերջին օրինակն էլ «Ծնողական օնլայն դպրոցն» է՝  մեր սաներից մեկի՝ Արամի  ծնողների նախաձեռնությամբ:


Կարինե,  ինչպե՞ս միացաք  «Հավատին, ե՞րբ, ի՞նչ տվեց Ձեզ կազմակերպությունը:

-«Հավատ» ՀԿ-ին մեր ընտանիքը միացավ 2006թ-ին, երբ Արամը 9 ամսական էր եւ նրա մոտ հայտնաբերվեց լսողական ծանր խնդիր՝ ձախ ականջում՝ խլություն, աջում՝ 4-րդ աստիճանի ծանրալսություն, ինչը սահմանն է լսելու եւ չլսելու:  Դա ծանր ու անսպասելի հարված էր, ինչուները խեղդում էին մեզ: Բայց մնալ միայն այդ հարցի պատասխանը գտնելու ուղղության վրա՝ սխալ կլիներ, անթույլատրելի: Մենք պետք է օգնեինք Արամին: Դա հնարավոր եղավ «Արաբկիրի» սուրդոկենտրոնի եւ «Հավատի» նվիրյալ թիմի շնորհիվ: Հուզմունքս թույլ չի տալիս գտնել ամենատեղին բառերը՝ մեր բժիշկներին, աուդիոլոգներին եւ սուրդոմանկավարժին խոնահրումս արտահայտելու համար: Նրանք ցույց տվեցին ճանապարհը եւ ոչ մի օր չթողեցին մեզ մենակ, անցան մեզ հետ այդ դժվար, աննկարագրելի դժվար ճանապարհը, անցկացրին մեզ ու մեզ նման 1300-ից ավելի մյուս ընտանիքներին, որոնք ևս ունեն այս խնդիրը:

Ինչպե՞ս ծնվեց «Ծնողական օնլայն դպրոց» ծրագրի գաղափարը:

-Ես գիտեի, թե ինչ է այս դեպքում գերազանց օրինակի ուժը, որքան կարեւոր է, որ կա մեկը, որ լույս է վառել մութ ճանապարհի ծայրին, փարոսի նման, եւ, կարծես, ասում է՝ «դա հնարավոր է, հասիր այս լույսին»: Ինձ համար այդ լույսը մեր կենտրոնի ավագ սաներն էին՝ Աննան եւ Իրենը: Տեսնելով նրանց, լսելով նրանց խոսքը, մտքումս ասացի՝ «Աստված իմ, խնդրում եմ, թույլ տուր, որ մի օր էլ Արամս լինի այդ ջահակիրը, ես չեմ խնայի ոչինչ դրա համար»:
Երբ Արամի մոտ ամեն ինչ հունի մեջ ընկավ, նա սկսեց ընկալել խոսքը, արձագանքել, խոսել, «Հավատի»  նախագահը՝ մեր սիրելի բժշկուհի Թամարա Մանուկյանն, առաջարկեց ինձ Ծնողական դպրոց վարել Խոսքի զարգացման կենտրոնում՝ նոր ծնողներին մեր օրինակը ցույց տալու, նրանց այս խնդրի մասին մանրամասն տեղեկացնելու եւ կրթելու նպատակով: Գաղափարը հրաշալի էր, ես համոզված էի, որ կհաջողենք: Ծնողական դպրոցի դասերին մարդիկ գալիս էին ամբողջ Հանրապետությունից՝ Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի, գալիս էին՝ լսելու քիթ-կոկորդ-ականջաբանին, հոգեբանին, աուդիոլոգին, սուրդոմանկավարժին, իրավաբանին, սոցիալական աշխատողին, եւ, իհարկե, ավագ ծնողներին: Դա 2007թ-ին էր: Ես տեսնում էի, որ, իսկապես, կա դրա կարիքը: Բայց կամ պետք է այդ դպրոցը շարունակական ծրագիր լիներ՝ ամեն նոր խումբ ծնողների համար, կամ էլ լիներ մի տարբերակ՝ միանգամից բոլորին այդ ինֆորմացիան փոխանցելու: Այստեղ էլ հենց ծնվեց տեսանյութերով այդ դպրոցը կազմակերպելու գաղափարը: Դա կլինի ավելի հասանելի, բոլորի համար եւ ցանկացած ժամանակ:



Քանի՞ տեսանյութ է պատրաստվելու, որտեղ կարող են տեսնել ծնողներն այդ տեսանյութերը:

-Պատրաստվում է 15 տեսանյութ: Թեմաները՝ սկսած նրանից, թե ինչ կառուցվածք ունի լսողական զգայարանը, ինչպես ենք մենք լսում, ինչ է տեղի ունենում, որի հետեւանքով մարդը սկսում է վատ լսել կամ չլսել, ինչ տիպի ծանրալսություններ են լինում եւ ինչ աստիճանի, ինչ են լսողական սարքերը, ինչես են դրանք ընտրվում եւ հարմարեցվում, մինչեւ խոսքի զարգացման դասերի մանրամասներ, հաշմանդամության կարգի հատկացում, հոգեբանական խնդիրների հաղթահարում, ներառման հարցեր եւ այլն: Տեսանյութերը կտեղադրվեն «Հավատ» ՀԿ-ի յութուբյան ալիքում՝ youtube. com, havat ngo, հույս ունեմ՝ շուտով նաեւ մեր ՀԿ-ի կայքում՝ havat.am, այն այս պահին նորացման փուլում է, ինչպես նաեւ կտարածվեն facebook եւ այլ սոցիալական ցանցերով:


Ինչպե՞ս հնարավոր դարձավ Ծնողական օնլայն դպրոցը, չէ՞ որ դրա համար ֆինանսական, տեխնիկական, ստեղծահգործական ռեսուրս է հարկավոր: 

- Այո, իհարկե, առանց այդ ռեսուրսների, դա քիչ հավանական կլիներ: Ճիշտ է, ես ինքս եմ վարում այդ տեսադասերը՝ սցենարները նախապես քննարկելով եւ համաձայնեցնելով մեր մասնագետների հետ, բայց միեւնույն է, առանց մյուս մասնագետների՝ օպերատորի, ռեժիսորի, մոնտաժողի եւ այլն, չէինք կարող: Եվ այդ մասնագետների հետ աշխատելու հնարավորություն մեզ տվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի համատեղ «Նորարարության խրախուսում» դրամաշնորհային ծրագիրը՝ Եվրոպական միության աջակցությամբ:  Մենք տեսանք այդ դրամաշնորհի հայտարարությունը, դիմեցինք եւ մեզ ընտրեցին, ինչի համար ուրախ ենք եւ շնորհակալ:   



Քրիստինա Բոյաջյան