3 տարեկանի ճգնաժամ․ ինչպե՞ս է դրսևորվում․ մաս 1

Խնդիրներ

Երեխայի զարգացման ընթացքում տարիքային ճգնաժամներն անխուսափելի են։ Ճգնաժամը շրջադարձային կետ է, երբ երեխան անցում է կատարում դեպի նոր փուլ։ Ընդունված է համարել, որ նրա կյանքում առաջին ճգնաժամը լինում է մոտ մեկ տարեկանում, այնուհետև՝ 3, 6-7 և 12-14 տարեկաններում։ Շատ դեպքերում ծնողները չեն կողմնորոշվում, թե ինչպես ճիշտ վարվեն, որ երեխան հեշտ և անհետևանք հաղթահարի ճգնաժամը։

Ինչպե՞ս ծնողներն ու  երեխաները հաղթահարեն 3 տարեկանի ճգնաժամը․ հարցի շուրջ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։

 

Ի՞նչ է 3 տարեկանի ճգնաժամը 

3 տարեկանի ճգնաժամը ինքնահաստատման, սեփական «ես»-ն աշխարհից անջատման ճգնաժամ է համարվում: Մինչև այդ երեխան իրեն համարում է մոր հետ մեկ ամբողջություն: Այդ պահից սկսած՝ նա փորձում է ազատվել գերհոգատարությունից, դառնալ ինքնուրույն, ինքնադրսևորվել, թելադրել սեփական կամքը և այլն: Ճգնաժամը կոնկրետ չի դրսևորվում 3 տարեկանում. կարող է սկսվել 2․6 ամսականից մինչև 3 տարեկան 5 ամսականը: 

Որո՞նք են ճգնաժամի պատճառները 

Ճգնաժամի պատճառները կապված են մարդու զարգացման օրինչափությունների հետ: Ինչպես նաև երեխան փորձում է ձևավորել իր «ես»–ը, լինել ինքնուրույն և դա կատարվում է մորից ու աշխարհից առանձնանալու միջոցով: Պետք է նկատել նաև, որ գիտնականներից շատերը հերքում են ճգնաժամի գոյությունը: 

Ինչպե՞ս է այն դրսևորվում: Որո՞նք են երեխայի վարքագծի ամենատարածված փոփությունները 

Հիմնական նախանշանները հետևյալն են․  

  • Քննադատության նկատմամբ ուժեղ հակազդում, այսինքն՝ երբ ասում եք՝ վատ ես արել, սխալ ես արել և նման բաներ, երեխաները միանգամից ուժեղ հակազդում են:
  • Ցանկանում են ինքնուրույն լինել և ամեն կերպ հետ են մղում մեծահասակներին և նրանց օգնությունը, որպեսզի կարողանան ինքնահաստատվել ու ասել, որ իրենք էլ կարող են։ Ցավոք, մենք՝ մեծերս, կամա թե ակամա սովորեցնում ենք երեխաներին, որ առանց մեծի դու ոչինչ չես կարող:
  • Հաջորդ դրսևորումը նեգատիվիզմն է։ Դա բխում է հենց նախորդ կետից, այսինքն՝ մերժել ամեն ինչ, ինչն իր սրտով չէ՝ անկախ նրանից՝ դա լավ է, թե վատ է: Եթե դա ժամանակին չկասեցվի, կարող է հետագայում բնավորության գիծ դառնալ:
  • Դրսևորումները կարող են լինել տարբեր՝ ագրեսիվ վարքից մինչև հպատակում, ապա կրկին ագրեսիվ պահված: Այսինքն՝ դրանք կարող են իրար հերթափոխել, քանի որ երեխան միևնույն ժամանակ փորձում է և՛ համագործակցել, և՛ ինքնուրույնություն ձեռք բերել:
  • Երեխան փորձում է ստիպել, որ ծնողն ընդունի իր ինքնուրույնությունը, վարքը, զգացմունքները, կատարած գործողություները։ Այսինքն՝ երեխան դրան ուզում է հասնել այդ ամենը ի ցույց դնելու միջոցով: Սակայն ընդունելու դեպքում նույնպես սկսվում է ագրեսիա, և բարդանում են ծնող-երեխա հարաբերությունները: 

Խնդիրը հիմնականում հետևյալն է՝ երեխան ընդվզում է, մերժում ծնողին, արժեզրկում մեծերին։ Սակայն ծնողը հիմնականում չի հասկանում, թե ինչ է կատարվում և փորձում է հակադարձել, ոչ թե հասկանալ տարիքային ճգնաժամը և երբեմն փորձում է «դաստիարակել»՝ ճնշելով երեխային։ Ծնողների մոտ առաջանում է հուսահատություն,  ի հայտ է գալիս միտք, որ դա իր երեխան չի կարող լինել, որ ինքը լավ ծնող չէ, չի կարողանում իր երեխային դաստիարակել և ուղղակի չի հասկանում ինչ անել: Եթե խնդիրը չի հաղթահարվում այս տարիքում, նմանատիպ դրսևորումներ կարող են լինել նաև դեռահասության շրջանում, քանի որ այդ տարիքի ճգնաժամը համարվում է 3 տարեկանում ինքնահաստատման ճգնաժամի հաջորդ փուլը։

 

 

Շարունակելի 

Հեղինակ՝ Լուսինե Պապյան

Գովազդ