Հայրենադարձ երեխաները՝ դպրոցում․ ուսուցիչներն ու ծնողները խնդիրների լուծման նույն ճանապարհն են տեսնում

Կրթություն

Ջինջ աչքերով Հրակին հանդիպեցինք դպրոցի ճանապարհին։ Իրեն ուղեկցելու առաջարկս միանգամից չընդունեց, տարակուսող հայացք նետեց, բայց, ի վերջո, համաձայնվեց ու մինչև դպրոց կհասնեինք, հասցրեց պատմել իր մասին։

Սիրում է դաշնամուր նվագել, նկարչության դասերի է գնում, ամենաշատը մաթեմատիկան է սիրում ու երազում ճարտարապետ դառնալու մասին։ Այս ամենը փորձեց պատմել արևելահայերեն, թեպետ երբ ոգևորվում էր, անցնում էր արևմտահայերենի․ այդպես ավելի հեշտ ու պատկերավոր էր ստացվում խոսքը։

Հրակի ընտանիքը 6 տարի առաջ է Սիրիայից տեղափոխվել Հայաստան․ «Այն ադեն ես 2,5 տարեկան էի»՝ ասում է։ Հիմա 8-ամյա Հրակը սովորում է Աշոտ Նավասարդյանի անվան 196-րդ հիմնական դպրոցի 3-րդ դասարանում։ Պատմում է՝ դպրոցում շատ ընկերներ ունի՝ «Մարիամը, Նարեն, Մակին, Վալերին, Անդրանիկը»։ Իմ հարցին, թե միայն հայրենադա՞րձ երեխաների հետ է ընկերություն անում, Հրակը գլխով «ոչ» է ասում․ «ով հարգում է ինձ, իր հետ էլ ընկերություն եմ անում»։

Լիբանանահայ Մարիամը Հրակի դասընկերն է։ Հրակի նման նա էլ է առաջին դասարան ընդունվել Հայաստանում։ Ասում է՝ դասընկերները շատ ջերմ են ընդունել, ավելին՝ օգնել են լեզվի հետ կապված դժվարությունները հաղթահարել։ «Մենք երբեք չենք մտածել, որ իրենք ուրիշ տեղից են եկել։ Մենք միշտ օգնում ենք իրար»,-ասում է Հրակի ու Մարիամի դասընկերուհին՝ Նարեն։

Հրակն ու Մարիամը դպրոցի միակ հայրենադարձ աշակերտները չեն։ Այնտեղ սովորում է 10 սիրիահայ և 4 լիբանանահայ երեխա։

8-րդ դասարանցի Հակոբի ընտանիքը 3 տարի է՝ Լիբանանից տեղափոխվել է Հայաստան։ Ասում է՝ ամենամեծ խնդիրն այստեղ ռուսերենի հետ է կապված։ «Հայաստանում դասարանի տղաները երբեմն օգտագործում են ռուսերեն բառեր, որ ես չեմ հասկնար։ Ստիպված կըսեմ՝ հաջի՛ս, հայերեն խոսիր, չէ թե չեմ հասկնար»,-ասում է Հակոբը, որի կրտսեր քույրն ու եղբայրը ևս սովորում են նույն դպրոցի 2-րդ և 6-րդ դասարաններում։

Երեխաների մայրը՝ Թամարա Դեմիրճյանը, Բեյրութի հայկական դպրոցում ուսուցչուհի է եղել, սակայն այստեղ դժվարանում է օգնել երեխաներին դասերը պատրաստելիս․ «Լիբանանում պստիկների դասագրքերուն մեջ դասերը կամ ֆրանսերեն, կամ անգլերեն են։ Հայերեն ու արաբերեն ալ կսորվին, բայց այստեղ ամբողջը արևելահայերեն է։ Միջնակ տղայիս կըսիմ՝ սորվիր. կբանա գիրքը, կկարդա, կըսե՝ չեմ հասկնար։ Կասեմ՝ տուր, ես կօգնիմ, բայց ես ալ չեմ հասկնար։ Որքան էլ դպրոցում ուսուցիչները սովորեցնեն, օգնեն, երեխաները տանն ալ պետք է սովորեն։ Այն ադեն ի՞նչ ընենք»,-ասում է Թամարան։

3-րդ դասարանցի Մարիամի հայրը՝ Գևորգ Պէյազպէկյանը ևս ընդգծում է, որ միայն դպրոցի տված գիտելիքով հայրենադարձ երեխաները չեն կարող ծրագիրը յուրացնել։ Ասում է՝ արտադասարանային պարապմունքներ են պետք, որի համար բոլորը չէ, որ ի վիճակի են վճարել․ հայրենադարձների մեծ մասը Հայաստանում վարձով է բնակվում։ Նրա երեխաները ևս հաճախում են հավելյալ պարապմունքների, սակայն հազիվ է ծայրը ծայրին հասցնում․ «Շատ կուզեինք, որ պետությունը արևելահայերենի, ռուսերենի անվճար խմբակներ բանար, որ մեր երեխաներն ալ կարողանային սովորել»,-ասում է Պէյազպէկյանը։

Աշոտ Նավասարդյանի անունը կրող դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը կիսում է ծնողների մտահոգությունը։ Փորձում է խնդիրը լուծել՝ ապավինելով գործընկերների պատրաստակամությանը։ «Ուսուցիչներին խնդրում եմ դասերից հետո երեխաների հետ հավելյալ պարապել։ Դրանից բացի, փորձում ենք ուսանողներին ներգրավել՝ արտասահմանից եկած երեխաների լիարժեք ուսուցումն ապահովելու համար։ Այդպես թե՛ հայրենադարձ երեխաներին են օգնում, թե՛ իրենք են մանկավարժական փորձ ձեռք բերում»,-ասում է Նավասարդյանը։

Դպրոցի փոխտնօրեն, հայոց լեզվի ուսուցչուհի Աննա Դավթյանն էլ է կարծում, որ հայրենադարձ աշակերտները հավելյալ պարապմունքների կարիք ունեն։ Միաժամանակ շտապում է խոսել մեկ այլ խնդրի մասին` նշելով, որ սփյուռքի հայկական դպրոցներում ավելի շատ կարևորում են լեզուն պահպանելու հարցը և ոչ թե այն կատարելագործելու։ Այսինքն՝ այնտեղ չեն գործում գնահատման այն չափորոշիչները, որոնք սահմանված են այստեղի աշակերտների համար։ «Հայրենադարձ երեխաները սփյուռքի դպրոցներում սովորում են բարձր գնահատականներով, իսկ այստեղ` ոչ միշտ, քանի որ հայաստանյան դպրոցներում ավելի շատ պահանջներ են ներկայացվում աշակերտին»,-ասում է Դավթյանը՝ նշելով,  որ երեխային դպրոց ընդունելիս ծնողները հիմնականում շեշտում են, որ նախորդ կրթօջախում գերազանցիկ է եղել։ Այսինքն՝ ակնկալում են, որ երեխան նույն գնահատականները պետք է ստանա նաև Հայաստանում, սակայն պատկերն այստեղ կտրուկ փոխվում է։ 

Հոգեբան Անի Ապիտոնյանի խոսքով՝ առաջադիմության անկումը կապված է ոչ միայն գնահատման մեթոդի, այլև միջավայր փոխելու հետ։ «Հայրենադարձ երեխան ունի տարբերվող սովորույթներ, խոսք, աշխարհայացք, ու բնական է այս խնդիրը։ Որպեսզի սովորելու ցանկությունը շուտ վերականգնվի, հարկավոր է հատուկ դասապատրաստումներ կազմակերպել արտասահմանից եկած երեխաների համար՝ հաշվի առնելով նրանց անհատականությունն ու գիտելիքը»-ասում է հոգեբանը՝ հավելելով, որ ուսումնական խնդիրներից խուսափելու համար ցանկալի է նորեկների նկատմամբ մեղմ վերաբերմունք ցուցաբերել։ «Որպեսզի հայրենադարձ աշակերտը կենտրոնանա գիտելիքի վրա, չունենա ավելորդ լարվածություն, անհրաժեշտ է որոշ ժամանակ երեխաներին չգնահատել կամ այլ չափանիշներով գնահատել»,-ընդգծում է Ապիտոնյանը` նշելով, որ «սա չարժե անել դասընկերների ներկայությամբ, որպեսզի երեխաների մոտ չառաջանա անարդարության զգացում»։

Մանկավարժներն ասում են, որ գնահատման համակարգը Հայաստանում ճկուն չէ, թեև փորձում են հայրենադարձ երեխաներին գնահատելու հարցում առավել մեղմ գտնվել։ «Մերձավորարևելյան երկրներից եկած երեխաների համար շատ դժվար է ռուսերեն սովորելը, հետևաբար ես չեմ կարող նրանց մյուս երեխաներին հավասար գնահատել։ Երբ երեխան ցանկություն ունի սովորելու, ես քաջալերում եմ, որպեսզի էլ ավելի ոգևորվի ու փորձի առաջ գնալ»,-ասում է ռուսերենի ուսուցչուհի Գյուլնարա Հարությունյանը։ 

2017 թվականի տվյալներով՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորում է շուրջ 600 հայրենադարձ աշակերտ՝ մեծամասամբ մերձավորարևելյան երկրներից եկած։ Նրանց թիվը տարեցտարի մեծանում է, սակայն մինչև օրս Հայաստանի դպրոցներում հայրենադարձ երեխաների ուսուցման հատուկ ծրագիր չի ներդրվել։ Սովորում են՝ ինչպես տեղացիները։ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանի խոսքով՝ հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրի համար նախարարության մասնագետներն այժմ մշակում են բերեփոխումների փաթեթ, որով կփորձեն լուծել նաև հայրենադարձ երեխաների ուսումնական խնդիրները։

 

Հեղինակ՝ Քրիստինա Բոյաջյան

Գովազդ