Գամմի արջուկները հայտնի են ողջ աշխարհում` մարմելադե ֆիգուրներ, գեղեցիկ և համեղ քաղցրավենիք` պատրաստված հատապտղի, մրգերի և բանջարեղենի բնական հյութից, որը նաև օգտակար է:
Ինչ է հարկավոր
Մրգային կամ բանջարեղենային թարմ հյութ - 1.5 բաժակ
Դոնդող - 4 ճաշի գդալ
Մեղր - 2-4 ճաշի գդալ (կախված, թե ինչքան քաղցր եք ցանկանում լինի)
Վանիլային փոշի - ըստ ցանկության:
Ինչպես պատրաստել
Հյութը լցնել ոչ մեծ կաթսայի մեջ: Ավելացնել դոնդողը և թողնել մի քանի րոպե: Երբ դոնդողը բարձրանա, հարկավոր է խառնել: Կաթսան դնել մարմանդ կրակի վրա և տաքացնել մինչև եռալը. դոնդողը պետք է ամբողջովին լուծվի, իսկ հյութը լինի փոքր-ինչ պինդ: Ավելացնել մեղր և վանիլին:
Զանգվածը լցնել արջուկի տեսքով կաղապարների մեջ և սառեցնել 2-3 ժամվա ընթացքում:
Պատրաստված մարմելադը հերմետիկ տարաներով կարելի է պահել սառնարանում 2-3 շաբաթ:
Հյութերի գույները
Մարմելադի հիմքը մրգային և բանջարեղենային հյութերն են, որոնք մարմելադին տալիս են յուրահատուկ բնական գույն:
Ահա, թե որ մրգերից ու բանջարեղեններից ինչ գույն կարելի է ստանալ.
Վարդագույն - ճակնդեղ, ելակ, գազար և մի փոքր կիտրոնի հյութ:
Նարնջագույն - գազար, նարինջ, իմբիր և մի փոքր մանգոյի հյութ:
Դեղին - դեղին պղպեղ, դեղին ճակնդեղ, դեղին տանձ, դեղին խնձոր և մի փոքր կիտրոնի հյութ:
Կանաչ - կաղամբ, կիվի, վարունգ, կանաչ խնձոր, կանաչ խաղող:
Մանուշակագույն - մանուշակագույն կաղամբ, մորի, հապալաս, ճակնդեղի և խնձորի որոշ տեսակներ, մուգ գույնի խաղող:
Բարի ախորժակ



