Կաթնաշոռով լցոնած բլիթներ

Կաթնաշոռի օգտակար լինելու մասին շատ ենք խոսել։ Երեխաների համար առաջարկում ենք համեղ և օգտակար բլիթներ՝ կաթնաշոռով պատրաստված խյուսով։ 

Խմորի համար

Կաթնաշոռ՝ 300 գրամ

Շաքարավազ՝ 100 գրամ

Ալյուր՝ 500 գրամ

Ձու՝ 1 հատ

Կաթ՝ 200 մլ

Աղ՝ մեկ պտղունց

Կարագ՝ 30 գրամ

Լցոնման համար

Կաթնաշոռ՝ 300 գրամ

Թթվասեր՝ 50 գրամ

Շաքարավազ՝ 100 գրամ

Եգիպտացորենի օսլա՝ 3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Ձուն կոտրել տարայի մեջ, խառնել, ավելացնել շաքարավազն ու աղը։ Մանրակրկիտ խառնել բաղադրիչները, մինչև լուծվեն հատիկները։ Ավելացնել կաթնաշոռն ու խառնել։ Ջրիկ լուծույթ է ստացվելու, որին պետք է ավելացնել մաղած ալյուրը։ Ստանալով միասեռ զանգված՝ վերջում ավելացնում ենք հալեցրած կարագն ու հունցում։ Արդյունքում ստանում ենք փոքր-ինչ կպչուն ու փափուկ խմոր։ 15 րոպե խմորը հանգիստ ենք թողում՝ ծածկելով ցելոֆանով կամ հերմետիկ թաղանթով։

Միջուկը պատրաստելու համար եգիպտացորենի օսլան խառնում եք շաքարավազին, ավելացնում՝ թթվասեր ու պատառաքաղով լավ խառնում։

Մի փոքրիկ գաղտնիք ասեմ․ եթե կաթնաշոռը տնական է կամ նկատում եք, որ ջուրը բաղադրության մեջ շատ է, մինչև պրոցեսը սկսելը, դրեք քամիչի մեջ ու պատառաքաղով տրորեք, որ ջուրը լավ դուրս գա։

Խմորը գրտնակե՛ք 2-3 մմ հաստությամբ շերտով՝ հեռացնելով անհարթ եզրերը։

Շերտը բաժանել փոքր քառակուսիների՝ մոտ 5x5 սմ։

Ամեն քառակուսի շերտի եզրին դրեք մի գդալ կաթնաշոռով միջուկ։ Միջուկը փաթաթել խմորի մեջ՝ ռուլետ ստեղծելով։

Բլիթները տեղափոխել յուղաթղթով ծածկած ջեռոցի տապակի վրա։

Խմորեղենը 25-30 րոպեով ուղարկել 180 աստիճան տաքացրած ջեռոց։

Բլիթներին կարող եք ցանել նաև շաքարի փոշի՝ ըստ ճաշակի։