Ի՞նչ անել, երբ տղան խաղում է տիկնիկով

Անկախ տարիքից և սեռից՝ բոլոր երեխաները սիրում են խաղալիքներով խաղալ։ Մասնագետները հորդորում են ծնողներին այս հարցում ևս լինել աչալուրջ և երեխայի համար ընտրել ճիշտ խաղալիք։

Առհասարակ, խաղալիքների դերը  փոքրիկի կյանքում շատ կարևոր է․ դրանք խթանում են երեխայի հոգեբանական զարգացումը, կարևոր դեր են խաղում անձի ձևավորման հարցում։ Խաղի միջոցով երեխան ձեռք է բերում հմտություններ, զարգացնում է մանր  ու մեծ մոտորիկան, երևակայությունը, ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը, խոսքը:

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի խոսքով՝ հարկավոր է խաղալիքներն առանձնացնել`ըստ սեռի։ Խաղի միջոցով երեխաները ընկալում և տարբերակում են սոցիալական դերերը, հետևաբար խաղալիքները կարող են ազդել երեխայի սեռադերային պատկերացումների վրա:

Այսօր բազմաթիվ ծնողներ դժգոհում են, որ իրենց երեխաները նախընտրում են հակառակ սեռի երեխաների համար նախատեսված խաղալիքներով խաղալ, օրինակ՝ տղաները սիրում են խաղալ տիկնիկներով: Մասնագետն այս հարցում խորհուրդ է տալիս ոչ թե արգելել տղա երեխային խաղալ տիկնիկներով, այլ ճիշտ դերաբաշխում կատարել։ Եթե տղան  սիրում է խաղալ տիկնիկով, ապա պետք է այնպես անել, որ նա իրեն ընկալի հոգատար հոր կերպարում։  

Նույնը վերաբերում է աղջիկներին:

«Մինչև հինգ տարեկան երեխաները դեռ չունեն հստակ պատկերացում սեռադերային տարբերությունների մասին, և նրանք, հետևելով ծնողների վարաքգծին, փորձում են ընդօրինակել դրանք: Այսինքն՝ նրանք գտնվում են սովորելու փուլում, ուստի փորձում են տարբեր դերեր»,-նշում է հոգեբանը՝ հավելելով՝ «երեխան կարող է տեսնել, որ մայրը մեքենա է վարում, հայրը՝ ընթրիք պատրաստում խոհանոցում: Ուստի հստակ սահմաններ չենք կարող դնել ու արգելել տղային ճաշ եփել խաղի ընթացքում։ Այստեղ անհրաժեշտ է երեխային տալ հոգատար հոր դեր, ով այսօր պատասխանատվություն է կրում ընտանիքի համեղ ընթրիքի համար: Հարկավոր է խաղի միջոցով երեխաներին սովորեցնել, որ յուրաքանչյուր ոք, անկախ սեռից, պետք է հոգատար լինի իր շրջապատի համար»։

Այնուամենայնիվ, եթե տղան առավելապես խաղում է, այսպես կոչված, աղջկական խաղալիքներով, նշանակում է, որ նա օրվա մեծ մասն անցկացնում է կանանց միջավայրում, հետևաբար  նրան հայրիկի հետ շփում է անհրաժեշտ, որպեսզի նույնականացման գործընթացը հոր հետ ընթանա:

 

Հեղինակ՝ Գեղեցիկ Ոսկանյան