Մայրիկը թերթում է հայրիկի լուսանկարները, իսկ աչքերում եղած թախիծը միանգամայն նկատելի է երեխայի համար: Նա, որ սովոր էր մայրիկին կենսուրախ տեսնել, կռահում է՝ ինչ-որ լուրջ բան է պատահել:
Երեխան պատերազմի ընթացքում կորցրել է հորը, սակայն ինքը դեռ չգիտի այդ մասին: Ինչպե՞ս է մայրիկը խոսելու փոքրիկի հետ: Սա չափազանց նուրբ և ծանր հարց է, որին անդրադառնալիս մայրիկը պետք է ողջ ուժերը կենտրոնացնի:
Երեխային անդառնալի կորուստը ներկայացնելու մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի հետ:
Հայրիկը գնացել է ռազմաճակատ, բայց այլևս չի վերադառնալու տուն...
«Սա ամենադժվար պահն է, երբ նախ մայրիկը պետք է ներքուստ հաղթահարի ամուսնուն կորցնելու լուրը, այնուհետև ներկայացնի երեխային»,- ասում է Լուսինե Գրիգոյանը: Նա նշում է՝ առաջին հերթին երեխայի հետ անհրաժեշտ է խոսել պատերազմի մասին, թե ինչու են տղաներն ու հայրիկները մեկնում ռազմաճակատ: Ապա ներկայացնել, որ հաղթանակները ձեռք են բերվում զոհերի գնով, հերոսացնել զոհվածներին և նոր միայն ասել, որ այդ զոհված հերոսներից մեկն էլ իր հայրն է։
Երեխայի հետ զրուցում ենք հայրիկի մահվան մասին. ինչն է կարելի ասել, ինչը՝ ոչ
Ըստ Լուսինե Գրիգորյանի՝ երեխայի հետ հայրիկի մահվան մասին խոսելիս անհրաժեշտ է՝
- ասել՝ հայրիկը և շատ այլ հայրիկներ մահացել են, որ իրենց երեխաներն ունենան ապահով մանկություն
- երեխան մայրիկից պետք է իմանա, թե հայրիկն ինչ մտքերով է գնացել ռազմաճակատ, վերջին հեռախոսազանգով իրեն ինչ է փոխանցել
- երեխային պետք է ներկայացվի հայրիկի ուժեղ կերպարը: Նա մայրիկի միջոցով պետք է զգա հպարտություն, որ իր հայրը հենց այդպիսին է:
Երեխայի հետ հայրիկի մահվան մասին խոսելիս երբեք պետք չէ՝
- խոսել անցյալով
- անել արտահայտություններ, որոնք երեխայի մոտ կառաջացնեն մեղքի զգացում
- հնչեցնել մեղադրանքներ՝ ուղղված բժիշկներին կամ հայրենիքին
- խաբել երեխային, որ հայրը կվերադառնա, այլ տեղ է մեկնել:
Շարունակելի
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան



