Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը՝ երեխայի զարգացման խոչընդոտ. ներկայացնում է հոգեբանը

Շրջակա միջավայրում տեղի ունեցող որոշ իրադարձություններ ռիսկային են լինում երեխայի հավասարակշռության պահպանման տեսանկյունից:

Փոքր բացասական էմոցիան կարող է աննկատ բույն դնել նրա ներսում և դանդաղ վերածվել հետտրավմատիկ սթրեսային խանգարման: Միայն համակարգված մոտեցման և բուժման դեպքում երեխայի մոտ արագ կգրանցվի դրական առաջխաղացում: Իսկ թե ինչպես է անցկացվում ախտորոշումն ու բուժումը, ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը:

 

Ո՞ր իրադարձությունները կարող են երեխայի մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարում առաջացնել։

Երեխայի մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարում կարող են առաջ բերել բոլոր այն իրավիճակները, որտեղ առկա է սեփական անձին կամ հարազատին սպառնացող վտանգ: Այդպիսիք են ռազմական բախումները, աղետները, բռնությունը, մարդկային կորուստը: Նման դեպքերում խուճապ զարգանում է ոչ միայն փոքրիկի, այլև նրան շրջապատող մեծահասակների մոտ, որի արդյունքում երեխան կորցնում է պաշտպանվածության զգացումը։

 

Որո՞նք են հետտրավմատիկ սթրեսային խանգարման դրսևորումները:

Հետտրավմատիկ սթրեսային խանգարման հիմնական ախտանշաններն են՝

․Տրավմատիկ իրավիճակի պարբերական վերապրում երազների, մղձավանջների տեսքով։

․ Իրականության մերժում, երբ երեխան առհասարակ չի անդրադառնում տեղի ունեցած տրավմատիկ իրավիճակին։

․Քարացած, շոկային վիճակ։

․Մեկուսացում, ախորժակի բացակայություն։ ․Ագրեսիա և աուտոագրեսիա։

Ախտանշանների դրսևորումը պայմանավորված է ոչ այնքան տարիքային, որքան անձնային առանձնահատկություններով։

 

Որքա՞ն ժամանակ անց են սկսում դրսևորվել այս ախտանշանները։

Հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանշանները կարող են դրսևորվել ինչպես տրավմատիկ իրավիճակից անմիջապես հետո, այնպես էլ որոշ ժամանակ անց՝ ունենալով նախնական լատենտ /թաքնված/ փուլ: Այդ իսկ պատճառով, անկախ ախտանշանների ակնհայտ կամ անհայտ լինելուց, նպատակահարմար է տրավմատիկ իրավիճակից հետո երեխայի հետ իրականացնել հոգեբանական աշխատանք՝ հետագա հետևանքներից խուսափելու համար:

 

 

Երեխաները դժվա՞ր են հաղթահարում հետտրավմատիկ սթրեսային խանգարումը։

Երեխաների շրջանում հետտրավմատիկ սթրեսային խանգարումն արտահայտվում է՝ պայմանավորված տրավմատիկ իրավիճակին հաջորդած անբարենպաստ ընթացքով: Այստեղ կարևոր է մեծահասակներիի դերը, որոնք նպաստում կամ խանգարում են, որպեսզի երեխան կարողանա տրավմատիկ իրավիճակից հեշտ դուրս գալ։ Մեր օրգանիզմը ցանկացած տրավմատիկ իրավիճակից հետո ունի ինքնակարգավորվելու բոլոր ռեսուրսները: Ցավոք, հաճախ ստեղծվում է արհեստական դիմադրություն, որը դժվարացնում է հաղթահարման ընթացքը։ 

 

 

Առանձնացվու՞մ են հետտրավմատիկ սթրեսային խանգարման տեսակներ։

Իհարկե: Առանձնացվում են հետտրավմատիկ սթրեսային խանգարման 4 տեսակներ.

-Ծանր, երբ առկա է տագնապ, անհանգստություն, անքնություն

-Ասթենիկ, երբ առկա է թուլություն, անտարբերություն, տրամադրության անկում

-Դիսֆորիկ, երբ առկա է ագրեսիա, անվստահություն շրջապատի հանդեպ

-Սոմատոֆորմ, երբ հոգեբանական խնդիրներն ունենում են նաև մարմնային դրսևորումներ /գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, կոկորդի ցավ․․․/

 

 

Բուժման ի՞նչ փուլեր է անցնում երեխան հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում։

Պայմանավորված տրավմատիկ իրավիճակով` անհրաժեշտ է իրականացնել առաջնային բուժօգնություն կամ բուժզննում, առաջնային հոգեբանական հետազոտություն: Այնուհետև պարտադիր է հոգեբանական աշխատանքն՝ անկախ առկա ախտանշաններից։ Երեխայի հետ աշխատանքում պետք է կարևորել հոգեբանի և մանկաբույժի, նյարդաբանի համագործակցային աշխատանքը։

 

 

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան