Ինչպես են ատամները ծկթում
Շատ երեխաների մոտ արդեն 3-4 ամսականում այտուցվում են լնդերը, ուժեղանում է թքարտադրությունը, ձեռքն ընկած ամեն ինչ դեպի բերան են տանում: Երեխան կարող է դառնալ նաև անհանգիստ, կամակորություն անել: Սրանք ատամների ծկթելու առաջին նախանշաններն են, բայց բուն ատամ հանելուն դեռ շատ ժամանակ կա:
Ատամնաբույժները և մանկաբույժները պնդում են, որ երեխայի կաթնատամները պետք է ծկթեն կոնկրետ ժամանակ և հստակ հերթականությամբ: Առաջինը ծկթում են առջևի երկու հիմնական ատամները` որոշ երեխաների մոտ միաժամանակ, որոշների մոտ էլ ժամանակային զգալի տարբերությամբ: Այս ատամները ծկթում են հիմնականում 6-9 ամսականում:
Դրան հաջորդում են վերևի ատամները, որոնք, որպես կանոն, ծկթում են 7-10 ամսականում:
Հաջորդաբար ծկթում են վերևի և ներքևի դիմային մյուս կաթնատամները (9-12 ամսականում): Հետո արդեն, ըստ հերթականության, դուրս են գալիս վերևի առաջին արմատավոր ատամները (12-18 ամսականում), ներքևի արմատավորները (13-19 ամսականում), վերևի կտրիչները (16-20 ամսականում), ներքևի կտրիչները (17-22 ամսականում), ներքևի երկրորդ սեղան ատամները (20-33 ամսականում) և վերևի 2-րդ սեղան ատամները (24-36 ամսականում):
Եթե երեխայի ատամները մի քանի ամսով ուշ են ծկթում, օրինակ` փոքրիկն արդեն 10-11 ամսական է, բայց դեռ ատամների դուրս գալու որևէ նախանշան չկա, հարկավոր է բժշկի դիմել:
Մտահոգիչ է նաև դեպքը, երբ ատամները սովորականից շուտ են աճում: Որոշ մայրիկներ անգամ գլուխ են գովում, որ երեխան արդեն 3-4 ամսական հասակում ատամ է հանել: Սակայն ժամանակից շուտ դուրս եկած ատամները փխրուն են ու շուտ կմաշվեն կոշտ սննդի անցնելուց հետո:
Երբեմն ատամների ծկթելու գործընթացն ուղեկցվում է երեխայի քնի խանգարումով, փորլուծությամբ, սննդից հրաժարումով, մարմնի ջերմաստիճանի մի փոքր բարձրացումով: Թույլ իմունիտետ ունեցող երեխաների մոտ այս փուլում ակտիվանում են հարբուխային հիվանդությունները:
Նյութը՝ ըստ supermams.ru կայքի